«Հրապարակ»․ Մեծ քաշքշուկ երկու կոպեկի համար

«Հրապարակ»․ Մեծ քաշքշուկ երկու կոպեկի համար

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, լրացավ հերթական «դեդլայնը» արցախցիների համար՝ 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը։ Այս գումարն ընդամենը երկու ամիս է տրվելու` առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Գումարը «նստեցնում» են, ինչպես մյուս աջակցության փողերը, արցախցիների քարտային հաշիվներին։ 

«Դեկտեմբեր ամսին ստացել ենք նոյեմբերի 40+10-ը, դեռ դեկտեմբերինը չենք ստացել, 50-ն էլ ընդհանրապես չենք ստացել»,- ասում է Երեւանում հաստատված Ա․Հ․-ն։ Երբ կստանա՝ չգիտի։ Վերջնաժամկետներ սահմանվում են միայն դիմումատուների համար։ Վճարող պետական մարմինները վերջնաժամկետ չունեն։ Ինչպես հայտնի է, այս ծրագրից օգտվում են 100 հազար դրամների շահառուները։ Նրանք ստանում են նաեւ 40+10 հազարը։ Իսկ ովքեր ինչ-ինչ պատճառներով 100  հազարները չեն ստացել, զրկվում են նաեւ 50 հազարներից։ Տեղահանվածների թվում համակարգային սխալների, բանկերի թերացումների հետեւանքով 100 հազարներից հանիրավի զրկվածները շատ են։ Տեղահանվածներից մի կին մեզ պատմեց եղբոր պատմությունը։ 

«Եղբայրս իր ընտանիքով Երեւան է եկել 2022 թվականի դեկտեմբերին։ Առողջական խնդիրներ ուներ, ականի վրա պայթել է, ոտքն է կորցրել։ Պետք է անպայման գար, բայց դեկտեմբերի 12-ին բլոկադան սկսվել է, չի կարողացել հետ գնալ։ Այստեղ տուն է վարձել, զոռով ապրում էին, եւ հիմա ոչ մի բանից չի օգտվում, ո՛չ 100, ո՛չ 50, ո՛չ 40+10 ծրագրերից։ Բախտի քմահաճույքին են թողնված, աշխատանք գտավ՝ գտավ, չէ՝ թող սովից մահանա։ Քանի դուռ է գնացել, ծեծել, ոչ մի նորություն։  Հիմա նա պահակի գործ է գտել, վիրավոր ոտքով։ Ու գոհ է, որ գոնե դա կա»։ 

Մեր զրուցակիցը Նոր Նորքից է։ Ինքն էլ է հերթերի ու քաշքշուկի մեջ ընկել։ Մեծ դժվարությամբ է կարողացել երեխային գրանցել նպաստ ստանալու համար։ «Երկու ամիս է՝ երեխայիս գրկած, չեմ կարողանում մեր Նոր Նորքի անձնագրային բաժնում երեխայիս հաշվառել նպաստի համար՝ կուտակված հերթերի պատճառով։ Առավոտ 6-ից, 5-ից հերթ եմ կանգնում։ Երեխաս արդեն հիվանդացել է հերթերի մեջ։ Գիշերվա 2-ից էլ են հերթ կանգնում։ Մարդ կա՝ մեքենայի մեջ է քնում, որ առավոտյան հարմար լինի հերթ կանգնելու  համար։ Անձնագրային բաժանմունքում միայն մեկ պատուհան է սպասարկում, դրա համար էլ այդպիսի վիճակ է»,- ասում է նա։  

Ի՞նչ է լինելու նրանց հետ, ինչպե՞ս են գոյատեւելու անմարդկային տան վարձերի պայմաններում, չստանալով նաեւ մյուս վճարումները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս հարցի պատասխանը չունի։ Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունը մեծ լավություն է արել արցախցիներին` 100 հազարները դեռեւս չստացածներին թույլ է տվել դիմել 50 հազարների համար։ Այն անձինք, ովքեր դեռեւս չեն ստացել 100 հազար դրամ միանվագ աջակցությունը, հետեւաբար չեն դիմել երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության համար, նրանք եւս կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները  https://50.socservice.am հարթակում։ «Դիմումներն առաջիկայում կդիտարկվեն, եւ աջակցությունը կնշանակվի այն անձանց, ովքեր կհանդիսանան 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու եւ միաժամանակ կհամապատասխանեն ծրագրի պայմաններին»,- ասված է երեկ տարածված հաղորդագրության մեջ։ 

Նախարարությունից «Հրապարակի» հարցին, թե արդյոք սա վերաբերո՞ւմ է նրանց, ում համակարգը մերժել է, պարզաբանում են․ «Սա վերաբերում է միայն նրանց, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին, բայց առայժմ չեն ստացել իրենց հասանելիք 100  հազարները»։ Մյուսների համար նախարարությունը նորություն չունի։