Լրագրողնե՞րն են մեղավոր, որ Վանո Սիրադեղյանին չեն հայտնաբերում

Լրագրողնե՞րն են մեղավոր, որ Վանո Սիրադեղյանին չեն հայտնաբերում

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հայտնաբերման ու Հայաստան վերադարձի թեմային։ Այս թեմային անդրադարձել էր նաև ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ Սիրադեղյանը պետք է օր առաջ Հայաստան վերադառնա։ Ուստի․ «Կարելի ա մտածել, տիրապետելով արարքը և այլն, և այլն»,- անորոշ ու անհասկանալի պատասխան տվեց Վալերի Օսիպյանը։

Hraparak.am-ը փորձեց ճշգրտել, թե ինչի շուրջ կարելի է մտածել, Սիրադեղյանի  հայտնաբերմա՞ն, ինչին ի պատասխան՝ Օսիպյանը սկսեց երկար-բարակ օրինակներ բերել՝ դրանով ակնարկելով, որ մենք՝ լրագորղներս ենք հաճախ խանգարում իրենց՝ բացահայտել հանցագործությունները, հայտնաբերել կատարողներին։

«Ուրեմն, տեսեք՝ ոստիկանությունը մշտապես իր աշխատանքներն իրականացնում է։ Ես ձեզ օրինակ բերեցի՝ մենք ունենք, ենթադրենք, առանձնապես ծանր դեպք, որն անմիջապես, տաք հետքերով, ժամերի ընթացքում հայտնաբերել ենք։ Բայց ունենք մի փոքր դեպք, որը կարծես թե պիտի որ բացահայտվի, բայց չի բացվում, և տարիներ են դրա համար պահանջվում։ Օրինակ՝ վերջերս 97 թվականի բնակարանային գողություն ենք բացահայտել»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ այնպես չէ, թե ոստիկանությունը մոռանում է այդ դեպքերի մասին։

Նորից փորձեցինք ճշտել՝ Վանո Սիրադեղյանի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանությունն ամենօրյա ակտիվ աշխատանք իրականացնո՞ւմ է, գոնե մոտավոր հետքի վրա՞ են, գիտե՞ն, թե որտեղ կլինի, Հայաստանո՞ւմ է, Իջևանի անտառներո՞ւմ է թաքնվում, թե՞ արտասահմանում է։

Օսիպյանն այստեղ անցավ արդեն լրագրողներին մեղադրելուն՝ բերելով օրինակներ, թե ինչպես են լրագրողները որևէ դեպքով աղմուկ բարձրացրել ու ձախողել իրենց օպերացիան։

«Երբեմն ձեր հարցերը և իմ պատասխանները խանգարում են, և դեպքեր ունենք, որ խանգարել են մեզ։ Օրինակ՝ Եռաբլուրում տեղի ունեցած համակարգչի գողության դեպքը։ Համակարգիչ ա՝ տարել են։ Մենք ունեինք տեսադաշտում ենթադրյալ կատարող, և ոստիկանությունը համապատասխան օպերատիվ աշխատանքներ է տարել, ունեինք վկաներ, բայց դուք էնպիսի հնչեղություն եք տվել էդ ամենին, որ սահմանափակել եք այդ գործի բացահայտումը»,- ասաց Օսիպյանը։

Այսինքն՝ մե՞նք ենք մեղավոր, որ քսան տարի է՝ Վանո Սիրադեղյանին չեն հայտնաբերում, Օսիպյանը նորից անորոշ պատասխան տվեց․ «Կան հարցեր, որ ուղղակի պետք չէ այդ հարցադրումները հնչեն, ես ստիպված եմ լինելու սահմանափակել և ձեզ տալ ընդամենը այդքան տեղեկություն, ո՛չ ավելին։ Այո, մենք ունենք օպերատիվ տեղկություններ և տանում ենք համապատասխան աշխատանքներ»։

Սիրադեղյանի՞ հետ կապված ունեն համապատասխան տեղեկություններ, ոստիկանապետն ասաց․ «Ընդհանրապես եմ ասում, ցանկացած գործ ունի իր սահմանափակումները»։

Այդպես էլ չիմացանք՝ ոստիկանությունն ունի՞ օպերատիվ տեղեկություն Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին և արդյոք աշխատանք տանո՞ւմ է նրան հայտնաբերելու ուղղությամբ, թե՞ պետք է սպասի քաղաքական որոշում կայացվի, նոր անցնի հստակ գործողությունների։