Ինչո՞ւ են Գյումրիում շինարարներն ասֆալտապատել բնակելի տան դռները

Ինչո՞ւ են Գյումրիում շինարարներն ասֆալտապատել բնակելի տան դռները

Գյումրիում իրականացվող փողոցաշինության շուրջ աղմուկը չի դադարում։ Աշխատանքներն սկիզբ ունեն, ավարտ չունեն։ Քաղաքի բնակիչներն անգամ հոգնել են խնդիրը բարձրաձայնելուց։ Այն, որ շինարարությունները թերություններով են ընթանում, հաստատեց  նաև Գյումրու փողոցաշինությունը վերահսկող աշխատանքային խմբի նախկին ղեկավար, Շիրակի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը՝ նշելով, որ բազմաթիվ նախագծային խնդիրներ են առաջ եկել, անհամապատասխանություններ շինարարների աշխատանքի եւ նախագծերի միջև։ Օրերս SHANTNEWS-ն էլ արձանագրել էր զավեշտալի մի դեպք Գյումրու Գերցենի փողոցում,  որտեղ բանվորներն ասֆալտով փակել էին թաղամասի բնակարաններից մեկի դռները։ Բանն այն է, որ ասֆալտաշերտը մայթեզրին գտնվող բնակելի մուտքերից շատերին խանգարել է։ Ոմանք հնարավորության դեպքում իրենց  շքամուտքերը կարողացել են բարձրացնել, իսկ մյուսները շինարարներն են ասֆալտապատել:

Զավեշտալի դեպքի հետ կապված՝ քաղաքապետարանը պարզաբանում է․
«Հարկ ենք համարում նշել, որ աշխատանքներն իրականացվել են բնակչի հետ ունեցած համաձայնության արդյունքում, ավելին՝ տվյալ դուռը բնակիչը չի օգտագործել և հենց ինքն է խնդրել իր դռան դիմաց ասֆալտապատել, հետագայում կոնստրուկտիվ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Մինչդեռ մեր բնակիչները, Գյումրու և գյումրեցու հումորով վարակված հյուրերը շտապեցին գնահատականներ տալ և յուրովի մեկնաբանել տեղի ունեցածը, ջանասիրաբար քննադատել փողոցաշինական աշխատանքներում ընդգրկված կառույցներին, մասնավորապես, քաղաքապետարանին։ Թույլ տվեք նկատել, որ փողոցաշինական աշխատանքների ընթացքը դրանցով իրապես հետաքրքրված ու շահագրգիռ կառույցների, քաղաքապետարանի, վերահսկող աշխատանքային խմբի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Աշխատանքների ընթացքում առաջ եկող խնդիրները, թերությունները ուսումնասիրվում ու քննարկվում են պատասխանատուների կողմից։ Վերջիններս հետևողական են խնդիրների և թերությունների հնարավորինս արագ և պատշաճ որակով վերացման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին»։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ։ Դեռ երկու տարի առաջ, երբ հիմնանորոգվում էր Ռուսթավելի փողոցը, նմանատիպ դժգոհություններ եղան․ բնակիչները բողոքում էին մայթեզրերի եւ շենքերի մուտքերի անհամապատասխանությունից։ Նրանց խոսքերով՝ դա անմիջական կապ ունի իրենց առանձնատների հիմքերի խարխլման հետ: