Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հավաքել է՝ խոսել լուծումների ու կիսալուծումների մասին

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հավաքել է՝ խոսել լուծումների ու կիսալուծումների մասին

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում բավականին ուշագրավ մանրամասներ հայտնեց բանակցային գործընթացի մասին՝ նշելով, որ Երեւանը շատ մոտ է եղել հանգուցալուծմանը։ Խոսեց միջազգայնորեն երաշխավորված խոստման մասին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, իսկ մինչ այդ ԼՂ անվտանգությունը պետք է ապահովեին ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն կհանդիսանար ԼՂ անվտանգության երաշխավոր, ԼՂ-ն էլ իրավունք էր ստանում  անդամակցել միջազգային տարբեր կառույցների, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր։ Մեր վերահսկողության տակ կլինեին Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Ասվածից որոշ բան հայաստանյան հանրության համար նորություն էր, իսկ որքանո՞վ էին Արցախում տեղյակ այս ամենից։

Զրուցեցինք Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկինում ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ։ 

- Սարգսյանի ներկայացրած լուծումները Ձեզ հայտնի՞ էին։

- Մի մասն եմ լսել․․․ Այստեղ ապրիլյան պատերազմից հետո որ հավաք է եղել, մասնակցել եմ, խոսել-լսել ենք։

- Ասում էր՝ պետք է լուծե՞մ։

- Ասում էր, որ անհրաժեշտ ա հարցին ինչ-որ լուծում տալ, բայց պետք ա Ղարաբաղը կարգավիճակ ունենա։ Իր մոտեցումը սա էր։ Որ պետք է այդ տարածքների զիջումը լինի, բայց Արցախի հստակ կարգավիճակ լինի՝ կա՛մ որպես ՀՀ մաս, կա՛մ որպես առանձին պետություն։ Իհարկե, երկար զրույց էր․․․ 

- Իսկ տարբերակներից ո՞րն էր ընդունելի։

- Խնդիրը հետեւյալն էր․ անընդհատ խոսվում էր 5+2-ի հետ կապված, այսինքն՝ 5 շրջանների հանձնման տարբերակ, որ պետք է քննարկվեր, եւ հնարավոր տարբերակ, որ էդ 2 շրջանը մնար։ Բայց էդ ամենի հիմքում դրված էր Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը։ Ոչ թե Արցախը նվիրելու, այլ կարգավիճակի, անվտանգության երաշխիքների հարցը։ Հետո, գիտեք, մի բան էլ կա․ ասելը եւ անելը տարբեր բաներ են։ Կարելի է հարցի շուրջ խոսել, քննարկել, կարելի է էսպես անել, էնպես անել, բայց բանն այն է, որ կարող ես էդքանն ասել, բայց ոչինչ չանել։ Խնդիրն այն է, որ ՀՀ նախկին իշխանությունները, իմ ունեցած տեղեկություններով, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի ժամանակ, մտահոգության առարկան այն է եղել, որ Արցախն ունենա հստակ կարգավիճակ։