ՔՊ-ականները պարզաբանեցին՝ ինչու են Գյումրիում ընդդիմություն դառնում

ՔՊ-ականները պարզաբանեցին՝ ինչու են Գյումրիում ընդդիմություն դառնում

Ինչպես հայտնի է, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մամուլի ասուլիսով է հանդես գալիս ու ըստ էության  հայտարարում  ընդդիմություն դառնալու մասին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔՊ-ն հայտարարեց Գյումրիում կոալիցոն հուշագիրը միակողմանի խզելու մասին։

«2021 թվականին ՔՊ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել «Բալասանյան դաշինքի» հետ՝ Գյումրին ավելի լավը, բարեկարգ, զարգացած դարձնելու համար, և այս նպատակներին հասնելու համար է, որ որոշել էինք Գյումրիի կառավարման գործադիր մարմնի մաս դառնալ։  Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա մեր նպատակներին հասնելու ոչ ճիշտ ճանապարհ էր, և հիմա մենք ասում ենք, որ թե ՏԻՄ և թե ցանկացած այլ մակարդակում իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Հրաժարվելով Գյումրիի կառավարման գործադիր մարմնի մեր մասից՝  հայտարարում ենք՝ պատրաստ ենք գյումրեցիների կողմից մեզ տրված 11 մանդատները ամբողջությամբ ծառայեցնել Գյումրու զարգացմանը և գյումրեցուն»,- քիչ առաջ իր ելույթում ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

«Խախտվել է համայնքի կառավարումը թափանցիկության, համագործակցության, հաշվետվողականության  սկզբունքներով իրականացնելու պայմանավորվածությունը։  ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից աշխատանքային քննարկումների ժամանակ բազմիցս բարձրաձայնված փողոցային առևտրի, ապօրինի շինությունների ապամոնտաժման, ծայրահեղ անբարեկարգ ՀՈԱԿ-ների և մի շարք այլ հարցեր այդպես էլ մնացել են չլուծված։ ՔՊ-ի ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան դաշինք»-ի ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական և այլ փաստաթղթերի հասանելիության հետ կապված:  Այս ամենը և այլ խնդիրներ հետևանք են համայնքի ստվերային կառավարման։ Նման կառավարման հետևանքով է, որ «Բալասանյան դաշինքի» հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ուղղակի են կատարվել, մեր տպավորությամբ՝ արտաքին միջամտության բերումով»,- նշեց Հարությունյանը։