Սյունիքն առանձին միավոր դիտարկելը ճիշտ չէ

Սյունիքն առանձին միավոր դիտարկելը ճիշտ չէ

Երկրով մեկ նախընտրական մթնոլորտ է տիրում՝ քաղաքական ուժերն անթաքույց եւ անօրինական ընտրարշավ են սկսել։ Փորձեցինք հասկանալ, թե այս առումով ինչպիսին է վիճակը ամենախնդրահարույց մարզում՝ Սյունիքում, որտեղ անվտանգային լուրջ խնդիրներ կան, մայրաքաղաքային իշխանությունների հանդեպ՝ անվստահություն։ Սյունեցիների խոսքով՝ իրենց մոտ դեռ նախընտրական տրամադրություններ չկան։

Տաթեւի գյուղապետ  Մուրադ Սիմոնյանն ասաց․ «Չէ, հանձին Տաթեւ համայնքի՝ նման բան ընդհանրապես չկա։ Մինչեւ էսօր չի եղել»։ Հարցին, թե համայնքապետն ինչ կցանկանար լսել կուսակցություններից՝ որպես նախընտրական ծրագիր, Տաթեւի համայնքապետն ասաց․ «Մեր կարծիքով՝ Սյունիքում մեծ աշխատանքներ են պետք։ Ճանապարհը պետք է նեյտրալնի զոնա լինի, պահպանողական գոտի լինի, ոչ թե ճանապարհի մի հատվածն իրենցը լինի, մնացածը՝ մերը։ Մի հատվածում իրանք կանգնած լինեն, մի հատվածում՝ մենք։ Տենց․․․ անկայուն իրավիճակ է»։  
Հիշեցնենք, որ Տաթեւ գյուղը մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Սեւանից հետո, Հայաստանի ամենապահանջարկված զբոսաշրջային ուղղությունն էր։ Սա ե՛ւ աշխատատեղ էր, ե՛ւ բիզնեսի համար շարժիչ ուժ։ Բայց «հայտնի» դեպքերի բերումով, ենթադրվում է, որ նախկին հոսքը չկա։ Բնականաբար՝ ասաց Մուրադ Սիմոնյանը, ավելացնելով․ «Համարյա թե շարժ չկա։ Մեկ-մեկ Երեւանից ինչ-որ խմբեր են գալիս, շատ քիչ։ Հեսա մի շաբաթ է, մի քիչ․․․ Հիմա չեմ կարող ասել՝ կորոնավիրո՞ւսն ա, թե՞ անվտանգությունը, դե, երկուսը միասին պարզ ա, որ կազդի»։ Տաթեւի գյուղապետն ասում է, որ նախկինում այս օրերին արդեն տեղ ու դադար չկար ո՛չ Տաթեւում, ո՛չ հյուրանոցներում։ Մուրադ Սիմոնյանը մի քանի օր առաջ Հալիձորի անտառում մարդկանց է տեսել եւ ուրախացել։

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ հաստատեց, որ ընտրությունների նախապատրաստություն Սյունիքում դեռ չկա։ Սակայն վիրավորվեց հարցից, թե կուսակցություններն ինչ կարող են առաջարկել Սյունիքին։ «Սյունիքն առանձին միավոր դիտարկելը ճիշտ չէ։ Դա ամբողջ Հայաստանի խնդիրն է, ոչ թե միայն Սյունիքի, դա մեր պետության անվտանգության խնդիրն է։ Իհարկե, Սյունիքն իր աշխարհագրական դիրքով իր տեղն ունի։ Բայց, նորից եմ ասում՝ ճիշտ չեմ համարում Սյունիքին առանձին մոտենալը։ Էն գլխից արդեն սխալ ա։ Համաձայն չեմ»։

Իսկ Մեղրիի քաղաքապետը համաձա՞յն է հայ-ադրբեջանա-թուրքական բարեկամությանը, ինչի մասին խոսում են Նիկոլ Փաշինյանը եւ յուր թիմը։ Մխիթար Զաքարյանն ասաց․ «Որ անկեղծ ասեմ, ես դադարել եմ  հետեւել, թե ինչ ա ասում, չեմ հասկանում, իմ երեւակայությունը չի հերիքում»։ Սյունիքը, հիշեցնենք, ոմանք համարում են «սեւերի միջնաբերդը», որտեղ նույնիսկ հեղափոխական էյֆորիայի պայմաններում՝ 2018 թվին, հաղթանակ տարան ոչ իշխանական թեկնածուները՝ Գորիսում, Կապանում։

Զրուցեցինք նաեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի հետ։ Վարդենիսում նույնպես ոչ մի բան դեռ չկա՝ գրասենյակներ, օրինակ։ Քաղաքական ուժերն էլ դեռ չեն այցելում։ Արամ Մելքոնյանին հարցրինք՝ կուսակցություններն ի՞նչ ծրագիր կարող են առաջարկել Վարդենիսին։ Քաղաքապետն ասում է՝ ե՛ւ անվտանգային, ե՛ւ աշխատատեղերի, ե՛ւ տեխնիկական վերազինման։ Արամ Մելքոնյանն ասում է, որ գրեթե ուշադրություն չեն դարձնում նրան, որ պատերազմից հետո ադրբեջանցիները շատ են մոտեցել իրենց։ «Մենք իրենց չենք նկատում, մեր ուշադրությունը սեւեռում ենք մեր ժողովրդի խնդիրները լուծելուն, որ ավելի ամրանան իրենց հողին»։

Ի դեպ, Վարդենիսի քաղաքապետը վստահեցնում է, որ Սոտքն ադրբեջանցիներին անցնելուց հետո կրճատված աշխատատեղերը վերականգնվում են։ «Շատ աշխատողների «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն ուղարկել է Մեղրի։ Լավ վարորդները եւ որոշները շուտով  տեղափոխվելու են»,-ասում է նա։