Եթե Վանոյին դավաճանեի, հիմա եվրոպաներում կլինեի, ոչ թե բանտում 

Եթե Վանոյին դավաճանեի, հիմա եվրոպաներում կլինեի, ոչ թե բանտում 

«Հրապարակը» հանդիպել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված, դատապարտյալ Արմեն-Տեր Սահակյանի հետ։ Հիշեցնենք, որ Տեր-Սահակյանը դատապարտվել է մահապատժի, ապա ցմահ ազատազրկման՝ Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված «բանդայի գործով»՝ Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Տեր-Սահակյանին կատարված սպանություն մեղսագրված չէ։ Զրույցը Տեր-Սահակյանը սկսեց այն խոսակցություններից, թե ինքը ցանկացել է սպանել Վազգեն Սարգսյանին․

«Մարդիկ շատ են խոսում, որ ես խմած ուզում էի Վազգեն Սարգսյանին սպանել։ Ես այսքան ժամանակ չեմ խոսել։ Ես հիմա կներկայացնեմ իմ անցած ուղին, թող ժողովուրդն իմանա, թե ինչ է եղել։ Ինձ որ բռնեցին, դա մի կեղտոտ շառ էր, թե ես ուզեցել եմ Վազգեն Սարգսյանին սպանել։ Ինձ երբ տարան 6-րդ բաժին, Կրակեմ Հրաչն էր, բա ըսենց բան ա եղել, ես հասկացա, որ ինչ-որ կեղտոտ խաղ է խաղացնում։ Ինձ ասաց, որ իմ հեռախոսը լսել է, ես իրեն ընդամենը մի հարց եմ տվել, ասացի՝ ես 3 հատ հեռախոս ունեմ, եթե ասես՝ որ հեռախոսով եմ խոսել, խնդիր չկա։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, ինքը չգիտեր էլ՝ ես հեռախոսով խոսե՞լ եմ, թե՞ չէ։ Սա սարքված էր, որ իրենք գնային իշխանությունը զավթելուն։ Դրանից հետո ինձ սկսեցին սպանությունների մեջ մեղադրել։ Ես միանգամից եմ ասում՝ ես մարդ չեմ սպանել, ես մասնակից չեմ եղել ոչ մի սպանության, ես ներկա չեմ եղել որևէ սպանության, ես իմ տանը քնած եմ եղել։ Իրենք ինձ մահապատժի դատապարտեցին, որն ինձ չէր հասնում, ինձ դատապարտեցին նրա համար, որ ես իրենց ասածը չարեցի։ Աղվան Հովսեփյանը նստում էր դեմս, ասում էր՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց տալու ենք։ Իրենց միակ նպատակը Վանոն էր, եթե ցուցմունք տայի, մի տարի կնստեի, կազատվեի, Վահան Հարությունյանից շուտ կազատվեի ես, 23 տարի բանտում չէի անցկացնի։ Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց։ Թող ժողովուրդը լսի․ մեր տղաներին որ ասում են բանդա, նրանք բանդա չեն եղել, նրանք 90 թվից կռվել են սահմաններում, ինչպես մյուս ջոկատները, այդ «բանդա» հասկացությունը բանդիտները դրեցին մեզ վրա, որ իրենց բանդան չերևա։ Մեր տղաներին ծեծելով սպանում էին։ 4 ամիս որ նստած էի, արդեն կյանքս կերել էին, ասացի՝ լավ, ցուցմունք եմ տալիս, բայց ինչ գիտեմ, դա եմ ասելու, ասին՝ չէ, ըտենց բան չկա, մեր ուզածով կամ՝ չէ։ Ես էլ ասացի, որ համաձայն չեմ ձեր ասածներին, պարոն Աղվան Հովսեփյան և մնացած դատախազներ։ Դրանից հետո էլ կյանքս կերան, ասացի՝ լավ, ցուցմունք եմ տալիս Վանոյի վրա, բայց մի պայմանով․ եթե շարժառիթ կբերեք և ինձ կհամոզեք, որ Վանոն կապ ունի այս սպանությունների հետ։ Իրենք չէին կարող այդ շարժառիթը բերել, որովհետև ինչպես ասես, այնպես էլ Վանոն․ այդ սպանությունները ո՛չ Վանոյին են պետք եղել, ո՛չ էլ․․․։ Ուղղակի իրենց պետք էր Վանոյին Հայաստանից վտարել, որովհետև Վանոյի՝ Հայաստանում մնալու դեպքում իրենց համար մեծ վտանգ էր։ Կա՛մ պիտի Վանոյին սպանեին, կա՛մ Վանոն պիտի գնար Հայաստանից։ Իրեն կյանքում չէին բռնելու, որովհետև ինքը բերդում իրենց համար ավելի վտանգավոր կլիներ, ժողովուրդն ավելի շուտ ոտքի կելներ, որովհետև, վերջիվերջո, ներքին գործերի նախարար էր եղել և իրենց մասին շատ բան գիտեր։ Վանոն 2 տարբերակ ուներ՝ կա՛մ պիտի գնար, կա՛մ պիտի խփեին, ուրիշ տարբերակ չկար, իրեն չէին դատելու։ Վանոն գտավ ամենաճիշտ տարբերակը ու գնաց»։

Տեր-Սահակյանի խոսքով՝ ինքն այս ամենի մասին խոսում է հիմա, որովհետև դատարանում խոսելու որևէ իմաստ չկար․

«Մի տարի հետո, երբ գործերն արդեն փակել էին, ինձ ինչ-որ մարդիկ ասացին, որ իմ վերջը եկել է, ես ցուցմունք չեմ տվել, այլևս ոչ մեկին պետք չեմ։ Դա հներին էլ էր ձեռք տալիս, նորերին էլ։ Այդ ժամանակ ինձ մոտ մի վիճակ էր, որ ես պիտի կարողանայի կյանքս փրկել, ասում են՝ Տեր-Սահակյան Արմենը ցուցմունք տվեց, բան․․․, էդպիսի կադրեր կան։ Հիմա ասեմ՝ դա ոնց է եղել։ Ինձ ԿԳԲ-ից գողացան բերեցին էստեղ՝ մեկուսարան, որովհետև ԿԳԲ-ում ինձ չէին կարող սպանել․ այնտեղ Սերժ Սարգսյանն էր նախարարը, ինքը թույլ չէր տա, որ իր օբյեկտի մեջ ինձ ուղարկեին՝ գնայի։ Ես էլ սկսեցի իմ խաղն Աղվանի դեմ․ ո՞վ կհաղթի՝ ե՞ս, թե՞ Աղվանը, ողջ կմնա՞մ, թե՞ ոչ։ Ես 4 օր կարանտինում էի ու մտածում էի, թե ինչպես կարող եմ պլստալ։ Ես գտա ամենալավ տարբերակը։ Միակ տարբերակն իմ ողջ մնալու այն էր, որ ես պիտի ցուցմունք տայի, բայց ես չէի կարող անցնել Քոչարյանի կողմը և չէի էլ կարող դավաճանել։ Ես պետք է ընտրեի ամենալավ տարբերակը․ ես 3 հոգու անուն կտամ, ես կդառնամ մենակ, իրենք՝ 3 հոգի։ Եթե մեռնեմ էլ, մի հոգու խոսքը դատարանում չի անցնում՝ ընդդեմ 3-ի։ Ես մտածեցի այդ տարբերակը, և իմ միակ վախը նրա մեջ էր, որ Աղվանենք կուտե՞ն սա, թե՞ ոչ։ Կարողացա համոզել, որ ուտեն։ Ես կարողացա խաբել Աղվանենց և դրա շնորհիվ մինչև հիմա ողջ եմ, ինձ պետք էր, որ ես հասնեի դատարան, դատարան հասնելու դեպքում էլ իմ կյանքին վտանգ չի սպառնում, որովհետև ես արդեն հեռուստացույցի մեջ էի, ինձ չէին կարող այլևս մատով դիպչել։ Ես մի դաժան ճանապարհ եմ անցել»։

Տեր-Սահկյանը նաև դիմեց տուժողներին, որոնք նրա վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական վերաբերմունք չունեն․

«Լսեք, տուժողներ ջան, դուք այս գործի մեջ խաղալիք եք։ Ձեզ խաբում, խաղացնում են, երբ ասում են դուրս եկեք, բողոքեք։ Ես 7 ամիս նստած էի, ինձ մոտեցան հարցով, պահանջով կամ առաջարկով, ինչպես ուզում եք։ Ինձ առաջարկեցին, որ ընտանիքս գնա Եվրոպա, ընտանիքիս համար տուն են գնում սեփական, ամենալավ մեքենան, բանկում հաշիվ են բացում՝ մի քանի միլիոն գումարով, որ ես ցուցմունք տայի, ես էլ մի տարի չէի նստելու, գնալու էի, Վահանից շուտ կազատվեի ու կգնայի Եվրոպա, կհասնեի իմ ընտանիքին։ Ես հրաժարվել եմ ցանկացած փողից, ես կյանքում դավաճան չեմ դառնա ո՛չ ազգիս, ո՛չ պետությանս, ո՛չ էլ այս պետությանն անկախություն բերած, այս պետության պատերազմը հաղթած մարդկանց։ Դա թող ողջ ժողովուրդն իմանա։ Եթե մտածում եք, որ ազատության համար խելքս իմը չէ, ապա ես 20 տարի առաջ ազատված կլինեի ու միլիոնատեր տղա կլինեի, եվրոպաներում էլ կապրեի ըստ պահանջի։ Ես այդ ամենից հրաժարվել եմ ու էսօր ձեզ էլի եմ ասում ՝ մի խաբնվեք, մի խաղացեք իշխանության կեղտոտ խաղը, որ ձեզ կանչում, ստիպում են բողոքել։ Եթե ես ուզենայի, 20 տարի առաջ կազատվեի, ոչ էլ Ձեզ կհարցնեին»;

Նշենք, որ, ըստ Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի, լինելով ՀՀ ներքին գործերի նախարար՝ նա 1992 թվականի ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։ Արմեն Տեր-Սահակյանն անազատության մեջ է մոտ 23 տարի, նա դիմել է վաղաժամկետ ազատման համար, ստացել պրոբացիոն ծառայության բացասական եզրակացությունը, այն բողոքարկել է դատարանում և այժմ ունի 2 ատյանով դատարանի բարենպաստ որոշում։