Լուռ եւ լիքը դահլիճ, որտեղ ծանոթ դեմք չկար

Լուռ եւ լիքը դահլիճ, որտեղ ծանոթ դեմք չկար

Մարտի 8-ի կապակցությամբ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Մատենադարանում համաժողով էին հրավիրել. «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով, որին մասնակցում էին, պաշտոնական հաղորդագրությամբ` տարբեր ոլորտներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կամ նախկինում զբաղեցրած կանայք: Բանախոսները քաղաքական դերակատարում ունեցող կանայք էին. բնականաբար ինքը` Աննա Հակոբյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Բայց մեզ հատկապես հետաքրքրեց դահլիճի կազմը, որովհետեւ համաժողովի տեսագրությունից ակնհայտ էր, որ դահլիճը միանգամայն անհաղորդ է ելույթներին` երբ տեսախցիկը շրջվում էր դահլիճի կողմը միայն ձանձրացող, ակնհայտորեն ելույթները չլսող դեմքեր էին երեւում, ելույթների վերջում թույլ ծափեր: Դահլիճից ոչ մի արձագանք, ոչ մի ռեպլիկ` ելույթների ժամանակ, ոչ մի ժպիտ ու հավանության նշան:

Համացանցում առկա կադրերի եւ տեսանյութերի մեջ մենք փորձեցինք ծանոթ դեմքեր գտնել: Բացի ՔՊ-ական պատգամավորներից, ոչ մի ծանոթ, հանրահայտ դեմք դահլիճում չկար` ոչ մի հայտնի գիտնական ու դասախոս, ոչ մի գրող, երաժիշտ, դերասան, արվեստագետ չտեսանք: Գուցե դահլիճում կային նաեւ այդ մասնագիտության տեր կանայք, բայց նրանք այնքան հայտնի չէին, որ մենք ճանաչեինք:

Պարզ էր, որ դահլիճը կազմվել էր պարզապես ներկայություն ապահովելու սկզբունքով: Գուցե վախեցել էին հայտնի դեմքերից, որ ըմբոստության տեսարաններ հանկարծ չլինեն: Գուցե` զուտ անվտանգության տեսանկյունից էին այդպես լցրել դահլիճը: Գուցե` դահլիճի հետ հաղորդակցությունը չէր եղել կազմակերպիչների եւ բանախոսների նպատակը, այլ ելույթները լուռ ու լիքը դահլիճում կարդալը, որ դրանք հեռարձակվեն տարբեր ալիքներով եւ կայքերով: Այսպես ասած` բուտաֆորիկ լսարան էր ապահովվել: Չնայած այդ ելույթներից հետո ավելի շատ քննադատություններ հնչեցին, համացանցում աղմուկ բարձրացավ, հանդիմանություններ լսվեցին` ուղղված հատկապես վարչապետի կնոջը, քան հավանության արձագանքներ եւ օվացիաներ: