«Հրապարակ». Բուհերի միավորման մասով քննարկումները շարունակվելու են մինչեւ 2027-ը

«Հրապարակ». Բուհերի միավորման մասով քննարկումները շարունակվելու են մինչեւ 2027-ը

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում երեկ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձեւավորված՝ Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը:
Հանդիպմանը մասնակցել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացուցիչները։

Համաձայն հաղորդագրության, մասնակիցները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ներկայացրել են հայեցակարգային առաջարկություններ, ուրվագծել հետագա համագործակցության ուղղությունները եւ Արվեստների աշխատանքային խմբի շրջանակներում համատեղ աշխատանքը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ԺՊ Մկրտիչ Այվազյանից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ինչ են քննարկել աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում, գործընթացի, ընթացակարգի, ժամկետների մասով ինչ-որ հստակությո՞ւն մտել է։ «Խնդիրն այն է, որ դեռ քննարկումներ են գնում, եւ ոչ մի բան հստակ հասկանալի չէ։ Ուստի ինչ-որ բանի դեմ պայքարել կամ կողմ լինել՝ դժվար է։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի դրական կողմեր դա կարող է ունենալ եւ ինչպիսի՝ բացասական։ Հիմա այդ ամենը քննարկվում է, որովհետեւ դեռ առաջարկներ են հնչում այս ու այն կողմից։ Դրա համար իմաստ չունի որեւէ մեկնաբանություն անել, այսինքն՝ անիմաստ է ինչ-որ բան ասել, եթե դեռ ոչինչ պարզ չէ։ Երբ քննարկումներ գնան, մենք ընթացքում կներկայացնենք այն կարեւոր կետերը, որոնք մեզ համար առաջնային են, մյուս կողմն էլ կներկայացնի, թե ինչ դրական կողմեր դա կարող է ունենալ բուհերի համար, նոր դրանից հետո սկսենք հասկանալ, թե ինչ քայլերի գնանք»։

Այդուհանդերձ, 2 տարի շարունակ խոսվում է, որ պետք է որոշ բուհեր տեղափոխվեն ակադեմիական քաղաք, որտեղ ստեղծվելու է 5-6 կլաստեր, նաեւ՝ թե որ բուհերն են ներկայացված լինելու արվեստի կլաստերում։ Ըստ այդմ, ամենակարեւոր հարցի պատասխանն արդեն կա՝ ակադեմիական քաղաքում լինելու են նաեւ արվեստի բուհեր, այդ թվում՝ Գեղարվեստի ակադեմիան։ Այս խոշորացման արդյունքում ի՞նչ կշահի ու ի՞նչ կկորցնի Գեղարվեստի ակադեմիան։ «Իմ կարծիքով, դեռ վաղ է՝ ինչ-որ եզրակացություններ անելու։ Մենք նորմալ չգիտենք, թե ինչ ենթակառուցվածքներ են այնտեղ լինելու, ինչ հնարավորություններ կլինեն, արդյոք այն մասնաշենքերը, որ այսօր մենք ունենք, մեզ մոտ կմնա՞ն, թե՞ չեն մնա։ Այդ ամեն ինչը դեռ քննարկվում է, դրա համար, երբ կլինի ավելի հստակ իրավիճակ, այդ ժամանակ սիրով կմեկնաբանեմ։ Հիմա իրավիճակը սպասողական է, քննարկումները սկսվել են, եւ մենք մեզ անհանգստացնող բոլոր կետերը կձեւակերպենք, կներկայացնենք եւ կսկսենք քննարկումները»։
Կոնսերվատորիայի ռեկտորը նախօրեին բուհի ֆեյսբուքյան էջում ծավալուն ձեւով ներկայացրել էր բուհերի խոշորացման մասով իր հիմնավորումները՝ 10 կետով նշելով, թե ինչու պետք է Կոնսերվատորիան պահպանել առանձին կարգավիճակով։ Գեղարվեստի ակադեմիան իր հիմնավորումներն ու դիրքորոշումը ե՞րբ է ներկայացնելու։ «Հաջորդ հանդիպմանը, այդպես ենք պայմանավորվել, իսկ մինչեւ դա ներքին քննարկումներ կանցկացնենք մեր վարչակազմի ու դասախոսների հետ եւ այդպես քայլ առ քայլ կգնանք առաջ»։

Մտավախություն չունի՞, որ գուցե այս փուլում միտումնավոր գաղտնի են պահում եւ ավելորդ կրքեր չբորբոքելու համար դեռ իրենց ու հանրության հետ չեն կիսվում խոշորացման ողջ մոդելով։ «Դժվարանում եմ մեկնաբանել, որովհետեւ դրանք ընդամենը կարծիքներ են, որ կան։ Իսկ ինչ-որ բան կարծիքով ասել՝ սխալ է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տրամադրություններ են գերիշխում ակադեմիայում՝ ուսանողների, դասախոսների շրջանում, կո՞ղմ են կառավարության՝ բուհերի խոշորացման ծրագրին, ռեկտորի ԺՊ-ն ասաց․ «Շատ տարբեր է, կան մարդիկ, որոնք շատ անհանգստացած են, կան մարդիկ, որ անհանգստացած չեն, ավելի կոնկրետ՝ փաստերով կարող ենք խոսել, երբ քննարկումները սկսեն ընթանալ, որից հետո կտեսնենք՝ եթե կա կոնսենսուս կողմերի միջեւ՝ ամեն ինչ նորմալ կգնա, եթե ոչ՝ ուրեմն կտեսնենք, թե հետո ինչպես կարելի է այլ լուծում գտնել»։

Թե ինչ հաճախականությամբ է աշխատանքային խումբը նիստեր հրավիրելու եւ քննարկումներ ծավալելու, դեռ չի կարող ասել, դրա մասին կտեղեկանան շուտով, երբ էլփոստով ստանան առաջին նիստի արձանագրությունները եւ հաջորդ նիստի օրը։ Ինչքա՞ն են տեւելու այդ քննարկումները, խոսակցություններ են շրջանառվում, որ մինչեւ 2027-ը շարունակվելու են աշխատանքային այդ քննարկումները։ «Այո, քննարկումները երկարատեւ են նախատեսված, որովհետեւ մեխանիզմներ պետք է մշակվեն, պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունենալու կամ կարո՞ղ է ունենալ, թե՞ ոչ․․․, այդ ամեն ինչը բավականին տեւական գործընթաց է»,- հավելեց զրուցակիցս։