Հո չե՞ն ծեծում՝ «դավաճան» են որակում

Հո չե՞ն ծեծում՝ «դավաճան» են որակում

Երկրում քաղաքական իրավիճակը չի հանդարտվում։ Մի կողմից հակաիշխանական ցույցեր են՝ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջով ակցիաներ, մյուս կողմից սահմանին հանգիստ չէ՝ ամեն օր տագնապեցնող լուրեր ենք ստանում։ Դրան գումարած՝ դեռ մեր գերիները չեն վերադարձվել, անգամ դիակները չեն փոխանակվել։

Սակայն երեկ ընդդիմությունը մի քայլ արեց՝ հրապարակեց իր վարչապետի թեկնածուի անունը եւ ճանապարհային քարտեզ ներկայացրեց։ Վազգեն Մանուկյանը մեկ տարով վարչապետ կդառնա եւ այդ ընթացքում կկազմակերպի արտահերթ ընտրություններ։

Մենք զրուցեցինք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ, ով ժամանակին՝ 1996 թվականին, Վազգեն Մանուկյանին էր սատարում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի։ Փորձեցինք պարզել, թե պարոն Հայրիկյանն ինչպես է վերաբերվում անցումային կառավարությանը եւ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, ինչ խնդիրներ է լուծելու Վազգեն Մանուկյանը։ Նա ասաց․ «Անցումային կառավարության համար մի մեծ խնդիր չկա, պարզապես ծրագրերում համաձայնության գալն է, որովհետեւ անցումային կառավարությունը ժամանակավոր, կարճատեւ բան է՝ շատ որոշակի խնդիրներով։ Այնպես չէ, որ հարյուրավոր խնդիրներ կան, կա մեկ խնդիր»։ Ո՞րն է այդ մեկ խնդիրը։  «Պետք է ապահովել առաջիկա ժողովրդավարական ընտրությունները։ Դա խնդրում եմ նշեք․ մեր միակ առավելությունը մեր հարեւանից, որը մեզ թշնամի է, այն էր, որ մենք բռնապետական չէինք։ Մինչեւ Նիկոլի այդ հայտարարության ընդունումը, որով ցույց տվեց, որ ունի ամենաստոր բռնապետական հակումները, որ կարող է ինչ-որ բան ստորագրել խմած կամ ուռած եւ դա համարել, որ օրինական է։ Այսինքն՝ դրանով դարձանք բռնապետություններից ամենավատը, որովհետեւ սովորական  բռնապետությունները գոնե տանում են (փաստաթուղթը), որ իրենց ԱԺ-ն հաստատի։ Բայց երբ նա նաեւ Արցախի անունից ստորագրեց, մենք կորցրինք մեր միակ առավելությունը»։ Հետեւաբար, ըստ Հայրիկյանի, անցումային իշխանության խնդիրը պետք է լինի Հայաստանի՝ ժողովրդավարական դառնալու համար նախապայմաններ ստեղծելը եւ ընտրություններ կազմակերպելը։

Այս օրերին ծանր վիճակում են հայտնվել հատկապես «Իմ քայլի» պատգամավորները։ Նրանց տների մոտ ակցիաներ են անում, «դավաճան» են բղավում, կոչ են անում մանդատները վայր դնել։ Երեկ մեզ հաջողվեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ։ Հարցին, թե նա ինչպես է վերաբերվում այդ ակցիաներին, որ իրենց բակերն են այցելում, ասաց՝ հարցազրույց չեմ տալիս։ Հարցազրույց չէ, հարց է։ «Չեմ պատասխանում հարցին»,- ասաց Հրաչ Հակոբյանը։ Նույն հարցը, թե ինչպես են վերաբերվում նրան, որ նույն զենքը, որով իրենք էին պայքարում ժամանակին, այժմ իրենց դեմ է կիրառվում, տվեցինք նաեւ Հովիկ Աղազարյանին՝ չե՞ք վախենում բակային այցելություններից։ «Ինչի՞ պիտի վախենանք, մարդիկ իրենց բողոքն են արտահայտում՝ որակելով «դավաճան, դավաճան», մի քիչ կոպիտ բառերով։ Դե, իրենց բողոքի ձեւն է, ի՞նչ կա վախենալու կամ անհանգստանալու։ Եթե բռնեն ծեծեն՝ ուրիշ բան․․․ Բայց պայքարի ձեւ է, եթե քաղաքական գործիչը դրանից պիտի ընկրկի, ուրեմն իր տեղում չէ»։