Եթե այս պրոցեսն անվանում ենք ցնցում, ապա այդ ցնցումները պետք է պարբերական լինեն
Հովհաննես Մանուկյանը ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում՝ եղել է տնտեսական, ապա վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ 2014-15 թթ․՝ արդարադատության նախարար։ Նրա կենսագրությունը սերտ կապված է Դավիթ Հարությունյանի իրավաբանական թիմի հետ։ Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պետական պաշտոն չի զբաղեցրել։
- Oգոստոսի 22-ին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հավանություն տվեց բարձրագույն՝ սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների միավորման առաջարկին եւ հարցը ներառեց բարեփոխումների հայեցակարգում: Դուք է՞լ եք այն կարծիքին, որ մեզ առանձին Սահմանադրական դատարան պետք չէ: Կարո՞ղ եք բացատրել, թե քաղաքացին սրանից ինչ է շահելու: Ի՞նչ հարց է լուծվելու դատարանների միավորմամբ:
- Ես այս գաղափարի առաջամարտիկներից եմ եւ այս հարցի լուծումը տեսնում եմ որպես հաջողված բարեփոխումների նախապայման։ Խոսքը սահմանադրական կամ որեւէ այլ դատարան ունենալ-չունենալու մեջ չէ։ Շատ պրիմիտիվ կլիներ այս հարցին նման կոնտեքստով մոտենալը։ Սա ավելի լուրջ եւ հիմնարար հարցադրում է, որը վերաբերում է գործառութային արդյունավետությանը, նրան, թե նույն սահմանադրական արդարադատության գործառույթն ինչկերպ եւ որ դատարանում կարելի է ավելի արդյունավետ իրականացնել։ Ես խորապես համոզված եմ այս մոտեցման ճշմարտացիության մեջ եւ գտնում եմ, որ դատական իշխանության այսօրվա վիճակը նաեւ պայմանավորված է սխալ դատարանակազմական լուծումներով եւ «թույլ» բարձրագույն ատյան ունենալով։ Ի՞նչ կշահի քաղաքացին․ թերեւս առավել կանխատեսելի եւ առավել արդյունավետ դատարան ունենալու հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացին է լինելու։
- Ձեր կոլեգաները, իրավաբանները կարծիքներ են հայտնում, որ սրանով միայն դատական համակարգը քանդելու հարց է լուծվում: Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի շտկել թերությունները՝ քանդելու, նոր դատարան կառուցելու փոխարեն:
- Պարզամիտ մոտեցում է, շատ մակերեսային փաստարկ։ Սկսենք նրանից, որ այս «հեքիաթը» քանդելու մասին չէ, այլ՝ ստեղծելու. առաջարկվում է ստեղծել գերագույն դատարան։ Իսկ ընդհանրապես, այսօր Հայաստանում գործող որեւէ պետական մարմին կամ կառույց «սրբազան կով» չէ, որ դրա բարեփոխման մասին մտածելը նույնիսկ սրբապղծություն դիտվի։ Այնպես որ, եթե արդյունավետության կամ գործունեության այլ որակական չափորոշիչները բարելավելու նպատակով որեւէ պետական մարմին բարեփոխելու, միավորելու, լիազորությունների կազմը փոփոխելու, ընդհուպ մինչեւ լուծարելու խնդիր կա, միանշանակ պետք է դա անել, անել առանց լիրիկական զեղումների եւ տվայտանքների՝ լինի դա խորհրդարանը, կառավարությունը, դատարանները թե որեւէ այլ կառույց։
- Դանիել Իոաննիսյանը հայտարարում է, որ չենք ստեղծելու մի դատական համակարգ, որը ծառայի որեւէ քաղաքական թիմի շահերին: Նախկինում վճռաբեկ դատարանն էր տարիներ շարունակ ծառայում մի թիմի, հիմա էլ այս նոր, գերագույն դատարանը դա կանի․ ո՞րն է տարբերությունը:
- Այ, հենց դրանով է այս մոտեցումը կարեւոր եւ բեկումնային, որ վաղը գերագույն դատարանը չծառայի որեւէ թիմի։ Իրապես անկախ դատարան չենք ունենա, եթե չունենաք հզոր, ազդեցիկ, հեղինակություն վայելող բարձրագույն միասնական ատյան, որի վրա մանր ու միջին պաշտոնյաները, քաղաքական գործիչները, ուժայիններն ու հանրային սեկտորն ազդեցության լծակներ չեն ունենա, իսկ միջամտության որեւէ փորձ կործանարար կլինի հենց միջամտողի համար։ Այ, այսպիսի գերագույն դատարան եմ ուզում ունենալ իմ երկրում։
- Հասարակությունը չի հասկանալու, թե ինչու էր այս հարցը հրատապ, ինչպես է ձեւավորվելու Գերագույն դատարանը, այնուամենայնիվ, ի՞նչ երաշխիք, որ այն չի համալրվելու յուրայիններով, չի ծառայելու քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու նպատակին:
- Հասարակությանը թերագնահատել պետք չէ, հանրությունն ամեն ինչն էլ ադեկվատ հասկանում է եւ ընկալում։ Եթե հասարակությունում կա թյուրըմբռնում, անհասկացողություն, ապա դրա մեղավորն իշխանությունն է եւ քաղաքական ուժերը։ Այս «խողովակներով» պետք է ժողովուրդը տեղեկացվի, լուսավորվի, ընկալի եւ ըմբռնի որեւէ բարեփոխման էությունն ու նպատակը։ Կոնկրետ այս թեման՝ գերագույն դատարան հիմնադրելու հարցը, կարծես պետք է դրվի լայն հանրային քննարկումների։ Հուսով եմ՝ այս գործը կկազմակերպվի որակով։
- Կարծիքներ կան, որ ՍԴ-ն դատական իշխանության մեջ կույր աղիք էր դարձել, որ դատարանները պառակտված էին եւ այժմ միավորվում են, ու այդ հարցը կլուծվի, եւ այլն: Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ունեինք կայացած դատական համակարգ, որը պետք էր կատարելագործել եւ ոչ թե ցնցումների ենթարկել:
- Սահմանադրական դատարանն իր ուրույն տեղն ունի մեր իրավական համակարգում: Սա անհերքելի փաստ է, եւ այս մարմինն ունի հանրային վստահության որոշակի մակարդակ։ Նաեւ ընդհանուր դատարանների համակարգն է որոշակի կայացման մակարդակում գտնվում, թեեւ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ շատ հանգամանքներից ելնելով, այս համակարգի հանրային վստահության մակարդակն ավելի ցածր է։ Դատական համակարգը, այո, պետք է մշտապես կատարելագործել, բարեփոխել, փորձել բարձրացնել դրա արդյունավետությունը։ Եթե այս պրոցեսն անվանում ենք ցնցում, ապա այդ ցնցումները պետք է պարբերական լինեն։ Ես սա կանվանեի բարեփոխում եւ բարձրագույն դատարանների տրանսֆորմացիա, դրանց միավորում՝ եկեք սա անվանենք միավորում եւ ոչ վերացում կամ լուծարում, մեկ բարձր դատարանի մեջ հիմնարար բարեփոխման անկյունաքարային դրույթն է։
- Բայց այս որոշմամբ, փաստացի, վերացվում է Սահմանադրական դատարանը: Ավելի ազնիվ չէ՞ր լինի այն պարզապես վերացնել եւ վերադառնալ սովետական գերագույն դատարանին:
- Եթե սովետական որեւէ բանի վերադառնալու ենք, ապա դա թող լինի միայն մշակութային դաշտում. եկեք վերադառնանք սովետական մուլտերին, բարձրակարգ կինեմատոգրաֆիային, սովետական աբստրակցիայի շեդեւրալ դրսեւորումներին... Իսկ ազնվությանը ես միշտ կողմ եմ, հատկապես՝ ներքին քաղաքականության մեջ։ Ի դեպ, եթե նկատի ունեք որպես մոդել կրկնօրինակման համար, մասնավորապես՝ որպես մեկ միասնական բարձրագույն դատարանով գործող համակարգեր, ապա սովետական մոդելից շատ ավելի արդյունավետ օրինակներ կան։ Ահավասիկ, Նիդերլանդների օրինակը, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Էստոնիայի, վերջապես՝ Արցախի Հանրապետության օրինակները։
- Դուք, որ այդ հին համակարգը քննադատում եք այդքան, չէ՞ որ տնտեսական դատարանի նախագահ եք եղել, վճռաբեկի նախագահ, արդարադատության նախարար: Այն ժամանակ, փաստորեն, եղած թերությունների հետ համակերպվել եք ու չեք առաջարկել բարեփոխել, կառուցվածք փոխել․․․ ինչո՞ւ։
- Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ չեմ առաջարկել։ Շատ բաներ, ինչի մասին ես խոսում եմ այսօր, ասել եմ նաեւ երեկ: Իսկ եթե ես համակերպվող լինեի, կպաշտոնավարեի շատ երկար, ինչպես իմ նախորդներից եւ հաջորդներից շատերը։
Կարծիքներ