«Հրապարակ». Դեսպանին պարտադրել՝ քեզ նկարի, չգիտեմ՝ ուղղակի իմ ուղեղում չի տեղավորվում

«Հրապարակ». Դեսպանին պարտադրել՝ քեզ նկարի, չգիտեմ՝ ուղղակի իմ ուղեղում չի տեղավորվում

ՀՀ նախագահի ու ԱԺ աշխատակազմի թույլ տված կիքսերի շուրջ զրուցել ենք ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության նախկին պետ Արտակ Հովհաննիսյանի հետ։

- Ուզում եմ գնահատական տաք ինչպես Նենսի Փելոսիի՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ թարգմանության հետ կապված խնդիրները, այնպես էլ ՀՀ նախագահի՝ Անգլիայի թագուհու դագաղի ֆոնին լուսանկարվելը, որը սկանդալի առիթ է տվել։ Մեզ հետաքրքիր է, թե ով, որտեղ եւ ինչ չափով է թերացել, գուցե ոչ մեկն էլ չի թերացել, ասենք` թագուհին էր «մեղավոր», որ մահացել է, կամ նախկիններն էին «մեղավոր»։

- Իրականում, թարգմանչի հետ կապված ֆորսմաժորային իրավիճակներ մշտապես, բոլոր տեղերում էլ լինում են։ Քանի որ 20 տարի Ազգային ժողովի արարողակարգի ղեկավարն եմ եղել, ես ավելի քան վստահ եմ, որ տեխնիկան մի հարյուր անգամ ստուգվել է, ցավոք սրտի՝ նման բաներ մեկ-մեկ պատահում են։ Բայց դրա համար գոնե մենք մի քանի «պահեստային» տարբերակ ունենում էինք։ Բայց եթե իրենք նույնիսկ չունեին «պահեստային» տարբերակ, ես կարծում եմ, որ էդ ընթացքում, ծայրահեղ դեպքում կա՛մ պիտի ռադիոմիկրոֆոն տրամադրեին էդ աղջկան, որովհետեւ թարգմանչուհին, իրականում, մեղք չուներ՝ մարդկային շատ մեծ սթրեսի էին իրեն ենթարկել, մարդը պատրաստ էր սինխրոն թարգմանության, եւ իրեն էդ խցիկից վերցնում բերում են կողքը, որ հաջորդական թարգմանություն իրականացնի, եւ ինքը ձեռքի տակ ո՛չ թուղթ ու գրիչ ուներ, ո՛չ առանձին միկրոֆոն, որ կարողանար կողքից միջամտելով՝ կանգնեցնել եւ հասցնել միտքը։ Ստիպված լսում է 20 նախադասության չափ ունեցող միտքը, եւ այդ պարագայում, եթե լիներ այլ թարգմանիչ, կարող է եւ հրաժարվեր թարգմանել։ Ես կարծում եմ՝ այդ ընթացքում պիտի լուծում գտնեին եւ գոնե թուղթ ու գրիչ տային էդ աղջկան։

- Ի դեպ, Ազգային ժողովից էլ են խոստովանել, որ թարգմանիչը չուներ թուղթ ու գրիչ՝ անհասկանալի է, թե ինչու, եւ սլաքներն անուղղակի ուղղում են ամերիկյան կողմի ուղղությամբ, որ ԱՄՆ դեսպանի թարգմանիչն էր նա, եւ իրենք են ցանկացել, որ այդ թարգմանիչը լինի։

- Ճիշտ են ասել այն առումով, որ, այո, Տիգրանուհին 2003 թվականից Ամերիկայի դեսպանների անձնական թարգմանիչն է, եւ բոլոր հանդիպումներին, երբ եկել են, իրենք պնդել են, որ պիտի թարգմանի իրենց թարգմանչուհին, որին իրենք անվերապահորեն վստահում են եւ գիտեն պրոֆեսիոնալիզմը։ Նաեւ շատ հրաշալի մարդ է Տիգրանուհին՝ անձամբ ճանաչում եմ։ Բայց այլ հարց է, որ դու քո տարածքում՝ Ազգային ժողովի շենքում, պատրաստում ես նման միջոցառում, եւ ինձ մոտ տպավորություն է, որ ավելի շատ ձեւի հետեւից էին ընկած՝ էդ բազմաթիվ դրոշները, ավելի շատ ներկայանալի երեւալը, ասուլիսի տեղը փոխելը․ սովորաբար մենք նման բաներն անում էինք Ոսկեզօծ դահլիճի անմիջապես մուտքի մոտ: Այս անգամ, սակայն, որոշել էին այդ գեղեցիկ շքամուտքն օգտագործել, ինչը լավ է, իհարկե, բայց նաեւ առաջին անգամ էին փորձարկվում այդ տեղը, այդ դիրքը, այդ հնարավորությունները, մի անգամ գոնե պիտի փորձարկած լինեին, նոր փորձեին այս կարգի միջոցառում անցկացնել այդտեղ։ Ես, ճանաչելով այդ ամեն ինչով զբաղվող մարդկանց մեծ մասին, վստահ եմ՝ մի քանի անգամ ստուգվել է տեխնիկան, բայց շատ տհաճ, տգեղ ու անցանկալի բան եղավ՝ շատ ամոթ էր։

- Շատ քննարկվեց նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի՝ ԱԺ նախագահի եւ Փելոսիի արանքում կանգնելը, երբ փակել էր ԱՄՆ դեսպանի տեսադաշտը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը նախկինում երբեւէ առաջին պլան մղվե՞լ է։

- Չէ, որեւէ անգամ էդպիսի բան չի եղել, այսինքն՝ հանդիպմանը կարող է մասնակցել, հանդիպման մասնակիցների կազմը համաձայնեցվում է ԱԺ նախագահի հետ, եւ եղել են դեպքեր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը ներկա եղել է հանդիպումներին, բայց հետո, մամուլի ասուլիսին կամ մեդիային առնչվող միջոցառումներին ես, օրինակ, չեմ հիշում, որ մեր ժամանակվա աշխատակազմի ղեկավարներից որեւէ մեկը գնար։ Կա նաեւ մի պարզ կարգ՝ ինքը կարող էր էդտեղ լինել, բայց պատգամավորներից հետո, այսինքն՝ ի՞նչ է նշանակում պատգամավորներից կամ փոխխոսնակից առաջ գնալ կամ կանգնել։ Բայց չեմ կարող ասել, թե ով պիտի հուշեր, կարող է եւ չիմանար մարդը։ Իհարկե, որեւէ տեղ գրված չէ, որ ինքը չպիտի մասնակցեր կամ չէր կարող լինել էդտեղ, չկա նման սահմանափակում, բայց դա արդեն մարդու փորձից է գալիս։ Սովորաբար դա պատգամավորների միջոցառում է, էսպես ասեմ։

- Իսկ ի՞նչ կասեք հանրապետության նախագահի՝ Անգլիայի թագուհուն վերջին հրաժեշտը տալու ժամանակ ցուցաբերած պահվածքի վերաբերյալ, երբ լուսանկարվում էր թագուհու դագաղի ֆոնին։ Սա, կարծես թե, ավելի մեծ սկանդալ ու խայտառակություն էր, քան ԱԺ-ում տեղի ունեցածը։

- Իրականում, այո, խայտառակություն էր, ես ուրիշ բան չեմ կարող ասել, այսինքն՝ նման վայրում, հարյուրամյակներով արարողակարգ սահմանած նման երկրում ընդամենը ինչ-որ անձնական արխիվի կամ չգիտեմ ինչի համար կարող ես դեսպանին պարտադրել՝ քեզ նկարի, ես չգիտեմ՝ ուղղակի իմ ուղեղում չի տեղավորվում։ Դա անթույլատրելի բան է, ամեն դեպքում։

- Այստեղ ո՞ւմ բացթողումն է։ Ենթադրենք, Վահագն Խաչատուրյանը եւս, այս իշխանության շատ այլ պաշտոնյաների նման, անփորձ մեկն է կամ գուցե այս իշխանությունների հետ շատ է շփվել՝ ինչ-որ որակներ է ձեռք բերել, իսկ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, որ դիվանագիտական երկարամյա փորձառությամբ լուրջ դեսպան է համարվում, ինչպե՞ս է համաձայնել նկարել նախագահին։

- Եկեք չպատասխանեմ, էլի, Վարուժանն իմ լավագույն ընկերներից է, անկեղծ ասած՝ զարմացած եմ։ Նա ամենափորձառու մասնագետներից է, թե ինչու է հանձնվել՝ չգիտեմ։

- Նման դեպքերում պատասխանատվության մեխանիզմներ գործո՞ւմ են, կամ ինչ-որ հետեւանքներ պե՞տք է առաջացնեն այս կիքսերը։

- Նախագահի պարագայում՝ չգիտեմ, որովհետեւ ինչ-որ բան գրված չէ, իսկ խորհրդարանում, կարծում եմ՝ պետք է ծառայողական քննություն անցկացվի, որ հասկանան՝ ինչպես ստացվեց, որ միանգամից մի քանի սարք չաշխատեց, որովհետեւ էդպիսի բան հազարից մեկ է լինում։ Դա նշանակում է՝ ոչ թե ականջակալն էր փչացած, այլ ինչ-որ մի բան եղավ էդ համակարգի հետ, ինչը պետք է հասկանալ՝ ինչո՞ւ եղավ, ո՞ւմ մեղքով, հետո պատժել էդ մարդուն ու հետագայում նման դեպքերի համար նաեւ «պլան-Ա», «պլան-Բ» ունենալ։ Իսկ նախագահի դեպքում հետեւանքները երեւի ավելի շատ քաղաքական են լինելու։

- Ի դեպ, ինչո՞ւ 2021-ին, դեռ Արարատ Միրզոյանի ժամանակ, դուրս եկաք ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնից։

- Ես չէի կարող շարունակել իմ աշխատանքն էն ձեւաչափով եւ էն վիճակում, որն իմ սրտով չէր: Էսպես ասեմ՝ ես ինձ չէի հարգի, եթե մնայի եւ աշխատեի այդ թիմում։