Բեյրութի դեպքերից հետո ևս այս իշխանությունը գնում է դանդաղկոտության, անգործության, պարապության ճանապարհով

Բեյրութի դեպքերից հետո ևս այս իշխանությունը գնում է դանդաղկոտության, անգործության, պարապության ճանապարհով

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Էվելինա Բաղդասարյանը «Հրապարակի» հարցազրույցը սկսելուց առաջ ասաց․ «Նախ կցանկանայի իմ խորին ցավակցությունը հայտնել Լիբանանի ժողովրդին և հայ համայնքին նրանց պատուհասած աննախադեպ ողբերգության կապակցությամբ: Մի երկիր, որը ցեղասպանության տարիներին իր դռները բացեց մեր տառապյալ քարավանների առջև, հնարավորություն ընձեռեց ինքնակազմակերպվելու և դառնալու զորավոր համայնք: Ցեղասպանությունից մազապուրծ տարագիր հայությունը դիմակայեց, տոկաց, պայքարեց  ստեղծեց մի հզոր համայնք, որը պարզապես կարող էր օրինակ ծառայել։  Համայնք, որը հայապահպանության միջնաբերդ է եղել, որն աներևակայելի պատմամշակութային ժառանգություն է ստեղծել Լիբանանում, եղել է հայոց պետականության թիկունքը, պաշտպանը, համարվել է Սփյուռքի մայրաքաղաքը»։

-Կարդացի, որ Լիբանանում ունեցել ենք հայկական արմատներով նախագահներ, վերջինը՝ Էմիլ Լահուդը, քաղաքացիական պատերազմի ժամանակ շատ ակտիվ պաշտպանել է հայկական համայնքը․․․

-Լիբանանի իշխանությունները հայկական համայնքին քաղաքական ասպարեզում միշտ տեղ են տվել, մենք ունեցել ենք և ունենք նախարարներ, պատգամավորներ, նշանավոր գործիչներ՝ բոլոր բնագավառներում։

 -Բեյրութի պայթյունից 4 օր անց միայն հաղորդվեց, որ Սփյուռքի հանձնակատարը կմեկնի Բեյրութ, օգնություն կհատկացնի մեր հայրենակիցներին ու բարեկամ պետության՝ Լիբանանի ժողովրդին։ Բեյրութում այդ ամոնիակային արտանետումները և շրջակա միջավայրն են աղտոտում, կոչ էր արվել, որ բնակիչները լքեն քաղաքը, և հայտնի չէ, թե այդ գազերն ու արտանետումները դեռ ինչ հետևանքներ են ունենալու։ Մինչդեռ, նախարարությունից մեզ հայտնել էին, որ գույքագրում են լիբանանահայերի կարիքները և պետք է վերլուծեն։ Վերլուծեն, գույքագրեն, երբ մարդկանց համար շնչելու խնդիր կա։

 -Այո՛, մեր իշխանությունները թերացել են, օպերատիվ արագ չեն արձագանքել:Դա ևս մեծ թերացում եմ համարում, որովհետև նախ օգնություն հատկացնելու առումով էլ կարող ենք արձանագրել, որ մեկ շաբաթ ուշացրեցին։ Մինչև մենք շարժվեցինք տեղից, բոլորն իրենց հումանիտար բեռները տեղ էին հասցրել։ Հանձնակատարի գրասենյակը նման ֆորսմաժորային իրավիճակների համար նախապես պետք է մշակեր հստակ ռազմավարություն և մարտավարություն, կոնկրետ քայլեր, թե ինչպես օգնեն հայրենակիցներին նման հանգամանքներում։ Նույնը կասեի տավուշյան դեպքերից հետո, հետխորհրդային երկրներում՝ մասնավորապես Ռուսաստանում, այլ երկրներում ադրբեջանցիների հրահրած  ազգամիջյան այդ բախումները չեզոքացնելու վերաբերյալ, երբ դարձյալ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ոչինչ չարեց, շատ մեծ պասսիվություն ցուցաբերելով։

-Որպես Ձեր հիշեցմանը շարունակություն՝ մեկն էլ ես անեմ, որ տարբեր անհատներ, ընդհուպ մինչև հայ և ադրբեջանցի «օրենքով գողեր» հանդես եկան հայերին ու ադրբեջանցիներին ուղղված կոչով։ Ինչևէ , արդյոք այդ ուշացման մեջ օբյեկտիվ դեր չունի՞ այն, որ նախարարությունն այլևս չկա, փոխարենը կա Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որը շատ ավելի փոքր և կրճատված գործառույթներով կառույց է։ Ավելին՝ այդ դեպքերից անմիջապես առաջ 11 պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից։ Հիշում եմ, որ նախկինում կար Մերձավոր Արևելքի վարչություն, և այդ բոլոր օղակները շատ լավ էին գործում։

 -Պետք է զուգահեռներ տանեմ ապրիլյան դեպքերի ընթացքում և դրանից հետո մեր նախարարության կողմից իրականացված աշխատանքների հետ, երբ պարզապես գիշեր-ցերեկ աշխատում էինք Սփյուռքի հետ, կազմակերպում` տարբեր ուղղորդումներ ու ցուցումներ տալիս: Օրինակ, իմ ղեկավարած վարչությունը կոորդինացնում էր Սփյուռքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը, և վերջում մենք պատրաստեցինք 65 էջանոց տեղեկանք այն մասին, թե միջոցառումներ են իրականացվել Սփյուռքում։ Իհարկե, մեծ էր նախարարության դերը։ Այն, որ Սփյուռքում ինքնակազմակերպվում են, կարողանում են դիմակայել համահայկական կառույցների ու կազմակերպությունների շնորհիվ, միանշանակ է։ Բայց որ երկրից պետք է համակարգվեն այդ բոլոր աշխատանքները, դա նույնպես ակնհայտ է։ Կարծում եմ՝ այս իշխանությունը գնում է դանդաղկոտության, անգործության, պարապության ճանապարհով: Երբ լրագրողները Զարեհ Սինանյանին հարց էին տալիս, թե ի՞նչ էիք անում Լոնդոնում, Լոս Անջելեսում, հատկապես՝ Մոսկվայում ազգամիջյան այդ իրադարձությունների  ժամանակ, նա համառորեն պատասխանում էր, որ իրենք տեղեկացված են եղել, զանգել են, և այդ զանգելուց, տեղեկանալուց բացի կարծես թե այլ բան չէին արել։ Եվ ի պատասխան լրագրողի համառ հարցերին թե ի վերջո ինչ է արել գրասենյակը, նա մի զարմանալի պատասխան տվեց, որ համայնքները  այնքան արագ են  ինքնակազմակերպվել և գործել, որ մեր միջամտության անհրաժեշտությունը չկար։ Սա, կարծում եմ, պետական մոտեցում չէ, պետական քաղաքականություն չէ,  այդ տրամաբանությամբ կարող են առհասարակ ոչ մի բան չանել․ բոլոր համայնքները, հայկական սփյուռքը հայտնի են հրաշալի ինքնակազմակերպվածությամբ ու միասնականությամբ։ Եվ չնայած նրան, որ Սփյուռքը բազմաշերտ է, գոյություն ունեն քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ու հակասություններ, միշտ հայկական սփյուռքն ու հայ ժողովուրդը ցուցաբերում են, երևի թե, բնածին ունակություն՝ դժբախտության, նեղության պահին համախմբվելու ու միասնաբար գործելու, դառնալու մեկ ամբողջություն, մեկ ուժ։ Այնպես որ, կարծում եմ, Սփյուռքի գործերով հանձնակատարի դերն ընդամենը պետք է լիներ համակարգելն ու ուղղորդելը, կազմակերպելը, որը չի արվել։ Նույնն այս պարագայում վերաբերում է նաև Լիբանանին։ Շատ-շատ ցավալի է, ես հրաշալի ընկերներ ունեմ Լիբանանում, և որոնց հետ աշխատել ենք` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ղեկավարներ և այլն։ Եվ ամեն անգամ հիացել եմ այդ համայնքով, լիբանանահայի տեսակով, որը չափազանց կենսունակ է, արարող ու ստեղծագործող։ Ինձ թվում է՝ լիբանանահայը հայի ամենաօրինակելի տեսակներից է։ Եվ այսօր, երբ այդ համայնքը նեղության մեջ է, կարծում եմ՝ մեր պետությունը պետք է առաջինը շատ արագ արձագանքեր, ձեռնարկեր որոշակի գործողություններ ու միջոցառումներ՝ սատարելու համար մեր հայրենակիցներին։ Այդ համայնքը պարզապես մարդկանց խումբ, հավաքականություն չէ, այնտեղ ահռելի պատմամշակութային  հարստություն է կուտակված` կրթական, հոգևոր, մշակութային հրաշալի ավանդույթներ են գործում։ Ցավոք, լիբանանահայությունը հազիվ էր ոտքի կանգնել, երբ երկրում սկսվեց երկարատև, քայքայիչ քաղաքացիական պատերազմը: Իմ սիրելի բանաստեղծ Մուշեղ Իշխանն իր «Ռումբերուն տակ» ժողովածուում ներկայացնում է այդ ամբողջ սարսափները, Ցեղասպանություն ապրած մարդկանց տառապանքը քաղաքացիական պատերազմի տարիներին, թե նրանք ինչպես այդ պայքարի բովում գոյատևեցին,՝ տալով բազում զոհեր։ Ինչ վերաբերում է նախարարության կառուցվածքին, Մերձավոր Արևելքի վարչությանը, ապա պիտի ասեմ, որ վարչությունը հրաշալի աշխատում էր Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ, իսկ վերջին վեց տարիներին կատարում էր ամենակարևոր, ամենածանր  աշխատանքը համակարգելով այն սիրիահայերի հայրենադարձության գործընթացը՝ բնականաբար ամբողջ նախարարության հետ համատեղ և նախարարի անմիջական ղեկավարությամբ: կուտակվել էր մեծ ռեսուրսներ և փորձ, որը այսօր փոշիացվել են, զրոյացվել

 -Մի շատ սկզբունքային հարց՝ արդյոք պե՞տք է կազմակերպվի լիբանանահայության հայրենադարձություն, եթե նրանք նման ցանկություն հայտնեն։Հանձնակատարն ասաց, որ նման քարոզչություն, իհարկե, չեն անի, բայց ասաց՝ կգնա Լիբանան, կհասկանա, թե որքան մեծ է այդ ցանկությունը կամ ոչ։ Եվ ըստ այդմ՝Հայաստանը կվարվի։ 

-Կարծում եմ, որ պետությունը պետք է պատրաստ լինի նման զարգացումների՝ համայնքներ ունենալով աշխարհաքաղաքական այդպիսի բարդ ու վտանգավոր  տարածաշրջանում, բայց ի սկզբանե, կարծեմ ԱԺ-ում հանձնակատարը հայտարարեց, որ մենք պատրաստ չենք ընդունելու արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցների մեծ խմբերի: 

Ինչ վերաբերում է այս պահին ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ լիբանանահայերն իրենք պետք է որոշեն, և եթե կա վտանգ, գուցեև անհրաժեշտ է կազմակերպել զանգվածային հայրենադարձություն։ Թեկուզ ժամանակավոր բնույթով, որովհետև չենք թողնելու, որ մեր հայրենակիցներն այնտեղ թունավորվեն, տառապեն հումանիտար աղետի մեջ: Մեծ ողբերգություն կլինի, եթե գաղութը քայքայվի, բայց կարծում եմ՝ նաև պետք է հասկանալ իրավիճակը՝ կողմնորոշվելու համար, թե ինչ անել։ Բոլոր դեպքերում  պետք է պատրաստ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։