Բուհերի շենքերը չալաղաջային թիքաներ են իշխանությունների համար

Բուհերի շենքերը չալաղաջային թիքաներ են իշխանությունների համար

«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Պետական մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանը կարծում է, որ ԿԳՄՍ նախարարությունը դարձել է Կառավարության ձեռքի խաղալիքը: «Կառավարության վերևներից հրահանգում են ԿԳՄՍ-ին, նա էլ անում է: Ինչպես ամեն հարցում, այնպես էլ այս հարցում` Կառավարությունը պոչից է սկսում: Նրանց «բարեփոխումները» միշտ աչքի են ընկնում իրենց տարօրինակությամբ: Օրինակ` աղակերության դեմ որոշեցին պայքարել աղամանները թաքցնելով»,- ասում է վաստակաշատ խմբագիրը: 

«Ինչ խոսք, սա «գլուխգործոցն է»»,- անդրադառնալով երեք բուհերի` Բրյուսովի անվան համալսարանի, Մանկավարժականի և Ֆիզկուլտինստիտուտի միավորման հարցին, ասում է Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքով` ԿԳՄՍ-ն կայացնում է որոշումներ, որոնք ուսանողի կյանքը, կրթության որակը բացարձակապես չեն փոխում, ավելին՝ վնասում են ուսանողին. «Սա միմիայն ուսանողին կարող է վնասել: Նույն Մանկավարժականն ունի մի քանի շենք, ուսանողները տարբեր մասնաշենքերում են դասապրոցեսին մասնակցում: Բուհերի շենքերը չալաղաջային թիքաներ են իշխանությունների համար: Այս քննարկումների հիմքում, կարծում եմ հենց այս հարցն է: Ի՞նչ կապ ունի Ֆիզկուլտինստիտուտը լեզվաբանության կամ մանկավարժության հետ: Լավ կլիներ, որ նույն ֆիզկուլտինստիտուտը ծառայեր բոլոր բուհերին, քանի որ ուսանողները շատ մեծ դժվարությամբ են ֆիզկուլտուրայի դասերին մասնակցում: Գործնական որևէ միտում ես չեմ տեսնում»,- նշում է մեր զրուցակիցը: 

Հարցին, թե գուցե այս ամենն արվում է, որպեսզի ազատվե՞ն անցանկալի ռեկտորներից, օրինակ՝ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը չվերընտրվի ռեկտորի պաշտոնում, իսկ արդեն միավորված բուհերն էլ ղեկավարի Մանկավարժականի ներկայիս ռեկտո՞րը, Ավետիքյանն ասաց. «Մանկավարժականի ներկայիս ռեկտորը բավականին խելացի անձնավորություն է և պատասխանատվության մեծ զգացում ունի: Ես կարծում եմ, որ նա որևէ կերպ չպետք է համաձայնի ընդունել այդ առաջարկը, որովհետև սա մեծ խնդիր է», - իր խոսքը եզրափակեց Հակոբ Ավետիքյանը: