Հինգ ամիս գործող կայքը փակվել է․ աշխատակիցներն առանց վճարման հայտնվել են դրսում

Հինգ ամիս գործող կայքը փակվել է․ աշխատակիցներն առանց վճարման հայտնվել են դրսում
Վարդ Սիմոնյան

«Tiv1.am կայքն արդեն 16-րդ օրն է, ինչ փակված է՝ առանց հիմնադիր կազմին եւ գլխավոր խմբագրին ծանուցելու»,- երեկ իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է կայքի գլխավոր խմբագիր Վարդ Սիմոնյանը։ Ինչո՞ւ է հինգ ամիս շարունակ գործող կայքը հանկարծակի փակվել։ «Ես ստանձնեցի կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը մեկ պայմանով՝ քաղաքական որեւէ տեր չպետք է լինի, կայքը չպետք է ունենա որեւէ ուղղվածություն։ Ինձ ներկայացրեցին, որ կա ներդրող, որը հետաքրքրված է ռեստորանների բիզնես նախագծերով։ Նա Ռուսաստանից է եւ իրականում մեկ միլիոն դոլարից ավելի ներդրում է կատարել երեւանյան ռեստորանային բիզնեսում։ Ես զրոյից ստեղծեցի կայք, հավաքեցի թիմ։ Ես առաջարակեցի, որ ընկերությունում ունենամ 30 տոկոս բաժնեմաս՝ որպես մտավոր կապիտալի կրող։ Ես, բնականաբար, չեմ խառնվել ֆինանսական հարցերին, զբաղվել եմ բացառապես ստեղծագործական աշխատանքով։ Սակայն հետո հասկացա, որ նախագծի հեղինականերն ուզում են կայքը ստեղծելուց հետո այն մեր ձեռքից վերցնել։ Այդ պատճառով էլ սկսեցին չվճարել աշխատավարձերը, որպեսզի աշխատակիցները փոշիանան, հեռանան։ Դեռեւս նախորդ տարի չվճարեցին նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը։ Աշխատակիցները պնդեցին, որ պարտավորագիր գրեն, որ հետագայում վճարեն աշխատավարձերը։ Դա վերաբերում է նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին։ Դրանից օրեր անց փակվեց կայքը։ Եվ քանի որ ես այնտեղ բաժնետեր եմ, պետք է այդ որոշումները կայացվեն բաժնետերերի ընդհանուր արձանագրության հիման վրա։ Ես 30 տոկոսով բաժնետեր եմ, եւ իրենք չեն կարող առանց ինձ ծանուցելու փակել կայքը միանձնյա որոշմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդ Սիմոնյանը։

Նրա ասելով՝ բիզնես ներդրող ներկայացող Էդգար Բաբայանը իրականում թաքնվում է լուրջ ներդրողի թիկունքում։ Իրականում, ըստ Վարդի, Էդգարն աշխատել է սրճարաններում։ «Նրան որտեղի՞ց գումար, որ ռեստորանային բիզնեսում ներդրում կատարի, հետն էլ կայք ստեղծի։ Եվ այս պահին անվստահություն են հայտնել ամբողջ թիմին՝ գլխավոր խմբագրից սկսած, հղում են արել Աշխատանքային օրենսգրքին։ Իսկ օրենսգրքի այդ դրույթով հեռացվում են նյութական պատասխանատուները։ Այսինքն՝ փչացրել է մարդկանց ապագան։ Եվ հիմա նա ձմեռվա կեսին լրագրողներին թողել է անգործ, իրենց իսկ հիմնադրած կայքից դուրս է հրավիրել։ Եվ այդ ամենն արվել է անգրագետ ձեւով։ Պատկերացրեք, մենք ունենք լրագրող՝ Արթուր Հովհաննիսյան։ Այդ մարդուն նույն օրը տվել են երկու փաստաթուղթ․ մեկն այն մասին է, որ նա հրաշալի գործընկեր է, առավոտից իրիկուն աշխատող, մյուսն այն մասին է, որ նա անվստահություն է հայտնում՝ Աշխատանքային օրենսգրքից հղում անելով։ Մարդիկ գնացել են, որ իրենց անձնական իրերը վերցնեն խմբագրությունից, սակայն մուտք չունեն։ Բոլոր փականները փոխել են, մենք չենք կարողանում մեր անձնական իրերը վերցնել։ Նա (նկատի ունի Էդգար Բաբայանին) ընկերությանը պատկանող գույքը գրանցել է սեփական անունով»,- ասաց Վարդ Սիմոնյանը։ Միաժամանակ նա նշեց, որ ինքը հանդիպել է ներդրող Նորայր Ադժամյանի հետ։

Ըստ Վարդի՝ Նորայր Ադժամյանը հայտարարել է, որ ինքը զբաղվում է ադամանդի բիզնեսով, սակայն իրենք հետաքրքրվել են համապատասխան շրջանակներից, որ ադամանդի բիզնեսում ներգրավված նման մարդ չկա։ Նա մտավախություն հայտնեց, որ այսօր մեդիա ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացրած անձը կարող է գնալ սահման եւ այնտեղից ուղիղ միանալ այլ երկրների հետ։ Իսկ դա, ըստ Վարդի, ինչ-որ իմաստով սպառնալիք է ազգային անվտանգությանը, չի բացառվում, որ տեղի է ունենում կեղտոտ փողերի լվացում։ Վարդ Սիմոնյանը նշեց, որ Էդգար Բաբայանը չի կնքել աշխատանքային պայմանագրեր, դրանք հետաձգել է, ինչի պատճառով հին հաշվապահը հեռացել է։ Վարդ Սիմոնյանը կարծում է, որ ինչ-որ տեր է հայտնվել, որն ուզում է գնել այդ կայքը։ Թե որ դաշտից է այդ տերը՝ նա չկարողացավ ասել։