Վարուժան Ավետիսյանի մեջ տղամարդկություն չկար, Արամ Հակոբյանն էլ խոսում էր Փաշինյանի հետ․ տուժող

Վարուժան Ավետիսյանի մեջ տղամարդկություն չկար, Արամ Հակոբյանն էլ խոսում էր Փաշինյանի հետ․ տուժող

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստին այսօր որպես տուժող հարցաքննվեց շտապօգնության աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը, որը 2016 թվականի հուլիսին եղել է գնդի տարածքում։

Նա դատարանին  հայտնեց, որ որեւէ հարաբերությունների մեջ չի գտնվում ամբաստանյալներից որեւէ մեկի հետ, ապա պատմեց, թե ինչպես է հայտնվել գնդի տարածքում։

«Գնդի տարածքում հերթապահ եմ եղել, ասեցին՝ վիրավոր կա, մտեք։ Մտա, ներսում վիրավոր կար, Սմբատը եւ Մխիթարը վիրավոր էին, առաջին բժշկական օգնություն ցուցաբերեցի, հետո մնացինք, երեկոյան հերթափոխ է եղել։ Ներսում բոլորին հանդիպել եմ, զինված էին, ինչքանին որ տեսել եմ, զինված էին։ Եթե չեմ սխալվում, «կռազի» մեջ ա վնասվածքը ստացել։ Ինչքան հիշում եմ, երկուսին բժշկական օգնություն եմ ցուցաբերել»։ 

Նա նաեւ նշեց, որ ազատ շրջել է գնդի տարածքում, չի փորձել տարածքից դուրս գալ․ «Սպառնալիքներ գնդի տարածքում չեն եղել, զինված են եղել, Օսիպյանը եւ Եղիազարյանը տղերքի հետ են եղել․․․Ես Գագիկ Մկրտչյանին տեսել եմ հիվանդանոցում, իր հետ չեմ խոսել։ Գնդում չեմ տեսել Գագիկ Մկրտչյանին»։

Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, այն բավարարվեց։
Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է՝ տարածքում տեսել է բենզինով լցված սպիտակ շշեր, ինչպես նաեւ վեց ոստիկանների, որոնց խմբի անդամները պատանդ էին վերցրել, այդ թվում՝ Օսիպյանին եւ Եղիազարյանին։

Հովհաննիսյանին նախաքննության ընթացքում ցույց են տվել «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները, եւ նա սկսել է նկարագրել նրանց, թե յուրաքանչյուրն ինչպես է իրեն դրսեւորել։
«Պավել Մանուկյանը գնդի ղեկավարն էր, նա մշտապես զինված էր, ղեկավարում էր խմբի մյուս անդամների գործողությունները։ Տիգրան Մանուկյանը նույնպես զինված էր, որքանով ինձ մոտ տպավորվել է՝ Տիգրանը քչախոս էր։ Ես հերթապահության ժամանակ գտնվում էի նույն հարկում, բայց ինձ չէին թողնում լինեի պատանդների հետ։ Իմ տպավորությամբ՝ Արեգը համարվում էր խմբի երիտասարդ անդամների առաջնորդը։ Իմ տպավորությամբ՝ Վարուժան Ավետիսյանի մեջ տղամարդկութուն չկար, անինքնավստահ էր։

Թորոս Թորոսյանը բավականին չար անձնավորություն էր եւ կասկածամիտ, իսկ Աշոտ Պետրոսյանն ինձ վրա թողել է բարի մարդու տպավորություն։ Վարդան Գերավետյանը չխոսկան անձնավորություն էր, գտնվում էր զորանոցի շենքում։ Սեդրակ Նազարյանն իր մասին պատմել է, որ ապրել է Իսպանիայում, իրեն բնութագրել է որպես հայրենասեր։ Սերգեյ Կյուրեղյանին տեսել եմ առաջին հերթապահության ժամանակ միայն։ Արամ Հակոբյանին տեսել եմ, որ խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Սմբատ Բարսեղյանն ակտիվ անձնավորություն էր, ով ինձ ասում էր, որ հսկում է գնդի շենքերի տանիքները, Սմբատն ուներ գնդակային վիրավորում, վնասվածք, ես իր վերքը մշակել եմ։ Սմբատն ինձ պատմել է, որ գունդը զավթելուց իր ուղղությամբ կրակել են, ինքն էլ է կրակել։ Էդուարդ Գրիգորյանը նստում էր ավտոպարկում եւ դրսեւորում էր ակտիվ պահվածք։

Մարտիրոս Հակոբյանը դրսեւորում էր հանգիստ պահվածք։ Արամ Մանուկյանն ակտիվ էր, նա Պավլիկ Մանուկյանի որդին է»,-նախաքննական իր ցուցմունքում հայտնել է Հովհաննիսյանը։ 
Խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ Հովհաննիսյանը չառարկեց։