Ինչպիսի դեգրադացիա

Ինչպիսի դեգրադացիա

Իհարկե, կարող ենք քմծիծաղ առաջացնել ոմանց մոտ, եթե մեջբերենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի ընտրությունների նախօրեին հրապարակված ծրագիրը, հատկապես դրա՝ Արցախին վերաբերող հատվածը։ Քմծիծաղ՝ որովհետեւ այս մարդկանց առավոտյան ասածն է երեկոյան ասածից խիստ տարբերվում, ուր մնաց 2021-ին ասածը 2022-ի հայտարարություններից չտարբերվի։ Ամեն դեպքում, իշխանական թիմին արժե հիշեցնել, թե մեկ տարի առաջ ինչ լոզունգներով են ստացել ժողովրդի ձայնը, եւ իրականում ինչ մանդատ է նրանց տվել ՀՀ քաղաքացին, որը բոլորովին էլ անորոշ ու ստորաքարշ «խաղաղությունը» չէ, ինչպես պնդում են իրենք։

Եվ այսպես․ ՔՊ-ն 2021-ին հայտարարում էր․ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով, որն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետեւանքներին»։

2021-ին ՔՊ-ն «առանցքային կարեւորություն էր տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը»՝ որպես միակ ընդունված միջազգային ձեւաչափ։ Եվ ասում էր, որ «Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով»: Ահա՝ այսպիսի ծրագիր եւ այսպիսի դեգրադացիա մեկ տարում։