Փաշինյանն ամեն ինչի նկատմամբ ունի մակերեսային մոտեցում

Փաշինյանն ամեն ինչի նկատմամբ ունի մակերեսային մոտեցում

Օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսեց հայրենասիրության մոդելի մասին՝ այն ուղղակիորեն կապելով մեր երկրում տեղադրված արձանների հետ։ «Մենք մեզ հարց տվե՞լ ենք՝ ինչո՞ւ մեր երկրում նույնիսկ 30 տարվա ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց է, չէ՞, ինչո՞ւ չկան, որովհետեւ հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց պետության գլխի, առանց արքայի հետ նույնականանալու։ Սա է ամբողջ պրոբլեմը»,- մասնավորապես նշել էր Փաշինյանը։

Դժվար է հասկանալ, թե այս տեքստով ինչ է ուզում ասել Փաշինյանը, կամ հայրենասիրության ինչ մոդել է ուզում ներդնել, չնայած՝ «հայրենասիրության մոդել» եւ «ներդնել» եզրույթները կարծես թե ինքնին անհամատեղելի են: Սակայն նույնիսկ իր բերած թեզի մեջ նա խորապես սխալվում է՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում կան արքաների արձաններ, հուշարձաններ։

Այսպես, Գյումրիում տեղադրված է Բագրատունիների հայ արքաներից Աշոտ Գ․ Ողորմածի արձանը: Տեղադրվել է, եթե չեմ սխալվում, 2013-ի հուլիսի 13-ին։ Կապանում կա Դավիթ Բեկի հուշարձանը` տեղադրված դեռ ԽՍՀՄ տարիներին, 1978 թվականին։ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների ընտանիքի հովանավորությամբ Հայաստանի Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել է Վռամշապուհ թագավորի արձանը (նաեւ Սբ Գրիգոր Լուսավորչի եւ Սբ Մեսրոպ Մաշտոցի արձանները), Մայր Աթոռում Տրդատ թագավորի խորաքանդակն է տեղադրված (Գրիգոր Լուսավորչի հետ միասին), Երեւանում՝ Տիգրան Մեծի հուշարձանը` Նոր Նորքի Տիգրան Մեծի զբոսայգում, 2004 թվականին։

Մենք, ի դեպ, այսքանը գտանք` զուտ համացանցում պարզ որոնում անելով։ Գուցե այլ հայ արքաների, զորավարների, իշխանների կամ, առհասարակ, պետական գործիչների արձաններ, հուշարձաններ եւս կան, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի ապացուցվի, որ իր արտահայտած ոչ մի կատեգորիկ թեզում Փաշինյանը ճշգրիտ եւ տեղեկացված չէ ու ամեն հարցի նկատմամբ ունի մակերեսային մոտեցում։