Պարտվածը պիտի զիջի 

Պարտվածը պիտի զիջի 

Ադրբեջանի պետական դիրքորոշումից հետո զարմանում ես, որ այս իշխանությունը դեռ խաղաղության ծամոնն է լմլմացնում։ Ամոթն էլ լավ բան է, ինչքա՜ն կարելի է «ոտի տակ ընկած ապրել,»։ Ադրբեջանը մեր սուվերեն տարածքից զինվորին հաց տանող երիտասարդների է գողանում ու որպես ահաբեկչի դատում։ Լավ, պետությանն այդքան ստորացնել, ծաղրել կլինի՞։ Մեր պետությունը անտե՞ր է։ Ցայսօր 44- օրյա պատերազմում զոհվածների ինքնությունը չի հրապարակվում։ Այսքան անտեր ժողովուրդ կլինի՞ ։

Այսօր կարդում եմ, որ 300 զինվորների մնացորդներ ունենք, որոնց ինքնությունը հաստատված չի։ Էլի երկի՞ր կա, որի զինվորը մամա է կանչում ու չի գտնում։ Էլի երկիր կա՞, որ չի հավատում, որ այդ մնացորդներն իրենց որդունն են։ Գերիների մասին էլ չասեմ։ Նրանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով կարելի է դատել, թե Ադրբեջանը ինչ վերաբերմունք ունի այս իշխանության նկատմամբ։ Էն որ մեր իշխանավորները քթները ցցած ասում են, թե բանակցում ենք, դա բանակցությու՞ն է, թե ծեծից հետո պարտվողի նկատմամբ հրճվանք։ Այդպիսի ստորացված, նսեմացված բանակցությունը հայ ժողովրդին պե՞տք է։ Պարտվածից ի՞նչ բանակցող։ Պարտվածին պարտադրում են՝ սա արա, սա արա․․․ Ու լավ էլ գլխիկոր անում է։

Խաղաղություն կոչված ամեն մի բանակցության մասին լսելիս մի բան ես մտածում՝ այս անգամ ի՞նչ են համաձայնվել տալ։ Արցախը տվին, մի կտոր մասում 12000 հազար արցախցի է հավաքվել ու սովամահ են անում։ Թշնամու կողմից փակվել է Բերձորի միջանցքը։ Եթե ինչ որ մեկը մտածում է, որ դա Ադրբեջանի մեղքն է, չարաչար սխալվում է։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին ու ասել՝ Լեռնային Ղարաբաղը, Արցախ էլ չի ասում, որ ադրբեջանցիները չնեղանան, Ադրբեջանի տարածք է։

Ադրբեջանը ինչքա՜ն պիտի անմեղսունակ լինի, որ գործի չանցնի։ Ասի՝ դե որ իմ տարածքն է, ինչ ուզեմ, կանեմ։ Իմ տարածքում ապրում են ու մեր պետության կարգ ու կանոնին չեն ենթարկվու՞մ։ Հետևել է սովամահ անելու պատժի գործողությունը։ Որևէ երկիր կարո՞ղ է մեղադրել Ադրբեջանին, ասել՝ ինչու՞ ես քո ինքնիշխան տարածքում ուզում, որ էթնիկ փոքրամասնությունը օգտվի քո սննդից, քո լույսից ու գազից։ Դա համատեղ ծրագիր է, որն իրականացվում է՝ Արցախը ծնկի բերելու համար։ Նման գործողութուն սկսվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։ Հիմա նրա «սրտաճմլիկ» կանչերը միջազգային գործընկերների մոտ չգիտես որ սերիալից է։

Արցախը հորով- մորով արեց, հիմա էլ Հայաստանին է անցել։ Ալիևի կողմից վերահսկվող հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»։ Այդ մասին թուրքագետ Վարուժան Գեղամյանն է բարձրաձայնում․ «Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացրել են որպես Ադրբեջան: Ցուցադրված հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»։ 

Ո՞վ մերժի։ Մի ղեկավա՞ր, որն առանց մի փամփուշտի հաձնել ու հանձնում է ՀՀ սուվերեն տարածքնե՞րը, մարտական կարևոր դիրքե՞րը։ 

Դա Ադրբեջանի կողմից հենց այնպես օդում կրակոց չէ, մանավանդ, երբ Հայաստանի տարածքում թշնամին արդեն ընդլայնվել է։ Աշխարհում նման դեպք չկա, որ ժողովուրդը թույլ տա՝ պատերազմը խայտառակ տանուլ տվածը, երկիրը հանձնածը, կապիտուլյացիա ստորագրածը թողնեն մնա իշխանության։ Արդյունքը սա է․ պարտվածը պիտի զիջի այնքան, որքան ուզում են․․․ 

 Իսկ գուցե հենց թողե՞լ են, որ զիջի․․․ Անունն էլ դրել են, որ խաղաղության համար է զիջում, որ սահուն հանձնվենք։