Մենք այդքան հզոր փողատեսակ ունե՞նք, որ տարիներ շարունակ չի փոխվում

Մենք այդքան հզոր փողատեսակ ունե՞նք, որ տարիներ շարունակ չի փոխվում

Վերջին շրջանում դրամն արժեւորվում է, եւ մի շարք տնտեսագետներ խոսում են այն մասին, որ սա վտանգավոր է տնտեսության համար։ Նախ, որ դա արգելակում է տնտեսության զարգացումը եւ արտահանումը։ Բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է, այնքան էլ արժեւորում չէ, ավելի շատ տատանումներ են։ «Եվրոյի պարագայում` մի փոքր, իսկ դոլարի մասին ընդհանրապես պետք չէ խոսել․ սա չնչին տատանում է։ Ընդհանուր տատանում է, որը մի քիչ ավելի մեծ է միջին տատանումից»։
Բայց եթե դրամը շատ է արժեւորվում, ապա Սամվել Ճզմաչյանի բացատրությունն այն է, որ սա կատարվում է անկանխիկ դոլարի, եվրոյի, դրամի գնման հետեւանքով, ոչ թե տնտեսությունն է դրան բերում։ «Արհեստական գնումները եւ վաճառքները, որոնք չեմ  կարծում, որ մեր տնտեսության վրա դրական են ազդում»,- ասաց Ճզմաչյանը։

Առհասարակ, նա այն կարծիքին է, որ ճիշտ չէ արհեստականորեն դրամը եվրոյին կամ դոլարին համարժեք պահելը։ «Մենք, ինչ է, այդքան հզոր փողատեսա՞կ ունենք, որ տարիներ շարունակ չի փոխվում՝ 76, 77, 80։ Սրանք տատանումներ են, առանց որի հնարավոր չէ։ Սա հնարավոր կլիներ մի դեպքում, երբ ո՛չ իմպորտ, ո՛չ էքսպորտ ունենայինք, ո՛չ փոխանցումներ, եթե ապրեինք առանց նատուրալ տնտեսության»։ Ճզմաչյանն այն կարծիքին է, որ Կենտրոնական բանկը պետք է, հետեւելով մակրո եւ միկրոէկոնոմիկայում ընդունված տենդենցներին, ամեն տարի մի քիչ, մի քիչ արժեւորի դոլարը դրամի նկատմամբ, որպեսզի տնտեսության մեջ շարժ ու խաղ լինի։ Այնպես որ, տնտեսագետը կողմնակից է, որ ոչ թե դրամն արժեւորվի, այլ հակառակը՝ արտարժույթը։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում երեկ հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հպարտացել էր, որ այս տարի Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից, եւ ավելացրել․ «Մեր միջազգային պահուստներն այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակին: Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր»։

Պարոն Ճզմաչյանից հարցրինք, թե սա ինչ ցուցանիշ է։ Նա ասաց, որ դժվարանում է պատասխանել․ «Կանխիկ դոլա՞ր են առել․ ես դրանից տեղեկություն չունեմ, բայց ես գիտեմ, թե առնելն ինչ է նշանակում, ինչով են առնում։ Կա՛մ պետք է ոսկի ծախեն՝ դոլար առնեն, հաշիվներին նստեցնեն, կա՛մ էլ պետք է, կանխիկ դոլարի պակաս զգալով, իրենց անկանխիկ դոլարը փոխանցեն Ամերիկյան կամ Դոյչե բանկ եւ կանխիկ դոլար առնեն, ինչն ամեն բանկ էլ անում է։ Դրա լավն ու վատը ո՞րն է, դա ըստ պահանջի են անում»։

Մի շարք տնտեսագետներ, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, մշտապես հայտարարում են, որ ցածր գնաճը լճացնում է տնտեսությունը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հրաժարվեց խոսել այս մասին՝ ասելով, որ Բագրատյանին լուրջ տնտեսագետ երբեք չի համարել եւ չի հավատում նրա «պրոգնոզներին»․ «Տարվա ընթացքում անընդհատ գուժում է, որ հեսա ճգնաժամ է լինելու, ֆիասկո, եթե իր պրոգնոզների 1 տոկոսն իրականանար, հիմա մենք դժոխքում էինք»։ Մանասերյանի խոսքով՝ դրամի արժեւորման մասով մտահոգությունները կարող էին տեղին լինել, եթե ներկայացվեին կոնկրետ դեպքեր, եւ ասվեր, որ, այ այս պարագայում արժեւորումը խանգարում է տնտեսության առաջընթացին։ «Իրենք ասում են, որ, այ, եթե այդքան բարձր չլիներ, մեր արտահանման մեջ մեր ապրանքները հաջողակ կլինեին։ Ես հիմա ուզում եմ հարց տալ՝ եթե այդքան հաջողակ ապրանք ունենք, տվեք 1-2-ի անուն, որին խոչընդոտում է դրամի փոխարժեքը»,-ասում է Մանասերյանը։

Նա կոչ է անում, որ մարդիկ տեսությունից գան իրական կյանք եւ չփորձեն ցնցումների մեջ դնել բանկային ու ֆինանսական համակարգերը։ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ եթե, օրինակ, առավոտյան ինչ-որ շշուկներ տարածվեն, դրանք մինչեւ երեկո կարող են վնասել բանկային համակարգին․ «Մանավանդ՝ անհիմն, ընդամենը մի շաբաթվա ընթացքում՝ հիշում եք, թե քանի հայ փորձագետ ասաց, որ ներդրումները հեսա կանգ են առնելու բանկային գաղտնիք վերծանելու արդյունքում։ Մարդիկ իրենց ավանդներից են հրաժարվելու․․․ մի հոգու, թեկուզ ասվածի հեղինակներին հարցրեք՝ իրենց ավանդները հե՞տ են վերցրել, թե՞ մնացել են նույն տեղում»։ Նա անգամ ասում է, որ հիշյալ օրենքի դեմ խոսող փորձագետները կոռուպցիոն սխեմաների շրջանակներում ֆինանսավորվում են հենց այն մարդկանցից, ում դեմ է այս օրենքը, դրա համար էլ խուճապային տրամադրություններ են ստեղծում։ 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեկնաբանում է, որ այդ 120 միլիոնը տնտեսական աճով չի պայմանավորված, ստվերից 65 հազարն աշխատատեղ է երեւակվել, ինչը մեխանիկորեն բյուջեն ավելացրել է։ Նա չի կարծում, որ դրամի արժեւորումից պետք է ապոկալիպտիկ սպասումներ ունենալ կամ օգտագործել «վտանգավոր» բառը։ «Դա ծախսերի զսպման հետեւանք է, մոտ 300 միլիարդ դրամի տնտեսումներ կան, որից կապիտալ ծախսերի մասով՝ 89 միլիարդ։ Եթե փողը չեք ծախսում, կապ չունի՝ բյուջեից, բիզնեսից կամ տնային տնտեսությունից, այո, դա կարող է բերել դրամի արժեւորմանը, եւ որպես լուծում կարող է լինել շուկայից դոլարի հավաքումը եւ ռեզերվների ավելացումը։ Սա կարճաժամկետ լավ է, բայց միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով կարող է ռիսկեր ստեղծել տնտեսական աճի համար, աճի որակի համար»,- ասաց Ատոմ Մարգարյանը։ Եվ հետո, նա կարծում է, որ դրամը չափից դուրս արժեւորվելն իրոք պրոբլեմային կլիներ։ Նրա գնահատմամբ՝ այս պահին ընթանում է  ծախսերի վերախմբավորում, մոտեցումների վերանայում, եւ, այո, ստվերից գումարներ են բացահայտվում, որոնք նախատեսված չէին ծախսերի մեջ։