Հայտնի անհայտներով քաղաքական հավասարումը
Ներհայաստանյան քաղաքական կյանքը ժամանակ առ ժամանակ նմանվում է մաթեմատիկական այն հավասարմանը, որի ոչ միայն պատասխանն է անհայտ, այլեւ գործակիցները, ամբողջական եւ իրական թվերը, փոփոխականները, արմատները, ֆունկցիաները, վեկտորները, այն ամենը, ինչը մաթեմատիկական տարանուն հավասարումներում կա՛մ լուծում է ստանում, կա՛մ ապացուցվում, որ լուծում չունի:
Առավել ուշադիր դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ մաթեմատիկական եւ հայկական քաղաքական հավասարումների միջեւ մեկ էական տարբերություն կա. այն է՝ եթե մաթեմատիկայում անհայտներն իրոք անհայտ են, ապա հայկական քաղաքական հավասարման մեջ բոլոր անհայտները հայտնի են:
Հետհեղափոխական Հայաստանի նոր քաղաքական հավասարումը, որը ներիշխանական խորացող հակասությունների միջից նետվեց տեղեկատվական պատերազմի դաշտ, վերջին տասնօրյակի ընթացքում ավելի ու ավելի խճճվեց-բարդացավ: Քաղաքական այս նոր հավասարումը մի քանի հայտնի անհայտներ ունի:
Առաջին հայտնի անհայտը հայկական քաղաքական հավասարման մեջ վերջին օրերին խորացող, ծավալվող եւ ներհայաստանյան խարույկը բորբոքող Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան դիմակայությունն է: Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրենի հրաժարականի հայտարարությունը հաստատեց այն, ինչի համար Նիկոլ Փաշինյանին քննադատում էին հեղափոխությանը հաջորդած այս մեկ տարվա ընթացքում.
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։ Վանեցյանի հրաժարականով, իհարկե, պետականաշինության ճանապարհը Հայաստանում չի փոխվի, ինչպես եւ այն չէր փոխվի նրա պաշտոնավարման շարունակվելու դեպքում: Սակայն ԱԱԾ տնօրենի հայտարարությունը կայծակ էր Փաշինյանի կառավարման ոչ անամպ երկնքում:
Հեղափոխական եւ հանրության սիրեցյալ վարչապետին Վանեցյանը կոչ էր անում կանգ առնել եւ սթափվել: Ակնհայտ էր, որ մեկ տարի առաջ Փաշինյանի ձեռամբ ԱԱԾ տնօրենի ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նրա ակտիվ դերակատարումը աղմկահարույց հանցագործությունների բացահայտմանը, նրա տեղափոխումը կառավարական ամառանոց, հանդիպումները օտարերկրյա դիվանագետների հետ մեծացնելու էին ոչ միայն Վանեցյանի հավակնությունները, հեղինակությունը, ոչ միայն Փաշինյանի իշխանության վտանգները, այլեւ ԱԱԾ-ի դերակատարումը եւ ազդեցությումը ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության վրա:
Քաղաքական այս հավասարման երկրորդ անհայտ հայտնին ԱԱԾ-ի դերակատարումն է թավշյա հեղափոխության ընթացքում:
Հետհեղափոխական սրընթաց զարգացող իրադարձությունների ուղղությունը ենթադրել էր տալիս, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանը խախտել է ԱԱԾ-ի հետ նախահեղափոխական պայմանավորվածությունները, կա՛մ ԱԱԾ-ն որոշել է վերցնել ողջ իշխանությունը Հայաստանում՝ հաշվի առնելով նաեւ պետականության հնարավոր մարտահրավերները, կա՛մ Նիկոլ Փաշինյանը որոշել է վերջնականապես թոթափել ԱԱԾ-ից իր կախվածությունը: Երեք դեպքում էլ ակնհայտ է, որ ԱԱԾ-ն քաղաքականության մեջ ներգրավելու դեպքում ԱԱԾ-ին այնտեղից հեռացնելն անհնար է, ուստիեւ՝ բախումն անխուսափելի էր: «Դա անարգանք է ՀՀ զինված ուժերի նկատմամբ», «սպան այդպիսի բա՞ն ասի», «դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը», «վերջին անգամ նման բան արել են 91թ. պուտչիստները»,-լոսանջելեսյան մամլո ասուլիսում Փաշինյանի այսեւայլ որակումները վկայում են, որ նա գիտե, որ ԱԱԾ-ն այլեւս հավակնում է ողջ իշխանությանը:
Փաշինյան-Վանեցյան դիմակայությունը խռովության նոր օջախներ է բորբոքում: Դժվար է հավատալ, թե Վանեցյանը կներգրավվի քաղաքականության մեջ, սակայն նրա տեղեկացվածությունը մեծացնում է նրա ազդեցությունը ներհայաստանյան գործընթացների վրա:
Հայաստանի քաղաքական հավասարման մյուս անհայտը Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքն է, որը քաղաքական օրակարգի բացակայության պայմաններում դարձել է իշխանությունների եւ ԶԼՄ-ների նախասիրած թեման: Դատավարության ընթացքի հանդեպ չդադարող ուշադրությունը մի քանի սկզբնաղբյուր ունի, որոնք այն դարձնում են հայաստանյան լրահոսի հիմնական թեմաներից մեկը. 1. հանրությունը, որն ուզում է օր առաջ տեսնել Քոչարյանին ճաղերի ետեւում, 2. Փաշինյանը, որը Քոչարյանի դեմ հանրության միավորմամբ պահպանում է հանրային աջակցությունը, 3. Քոչարյանն ինքը, որ պարզապես կենաց-մահու պայքար է մղում՝ թույլ չտալու, որ իր դատավարությունն ընթանա առանց աղմուկի, 4. ՀԱԿ-ը, որն իրեն համարում է Մարտի 1-ի հիմնական տուժող կողմերից մեկը: Իհարկե, անհնար էր, որ Քոչարյանի դատավարությունն աղմկահարույց բնույթ չկրեր՝ հաշվի առնելով նրա կառավարման ծանր հետեւանքներն ու Հայաստանի հանրության նույնքան ծանր հիշողությունները:
Ներհայաստանյան հավասարման երկրորդ անհայտը Քոչարյանի դատավարության ավարտն է, թեպետ հանրությունը նրան արդեն դատապարտել է: Նույնիսկ դժվար է ասել, թե Փաշինյանն այդ դատավարության ավարտը կտեսնի որպես իշխանությո՞ւն, թե՞ որպես ընդդիմություն:
Ներհայաստանյան հավասարման երրորդ անհայտը ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն է խառնակ այս օրերին եւ Մարտի 1-ի դատավարության այս ընթացքում: Քաղաքական սպանություններ եւ ինքնասպանություններ տեսած Հայաստանում սա դառնում է ներքաղաքական պայքարի ամենավտանգավոր եւ դատապարտելի գործիքներից մեկը:
Չորրորդ հայտնի անհայտը գործող խորհրդարանի գոյության ժամկետն է: Ակնհայտ է, որ Փաշինյանի «հավաքած» խորհրդարանն ի զորու չէ պատասխանել Հայաստանի առջեւ կանգնված մարտահրավերներին, ձեւավորել քաղաքական օրակարգ եւ սահմանազատել առաջնահերթությունները: Մանավանդ որ, կառավարող խորհրդարանական մեծամասնությունը կարող է արագորեն հալչել ներիշխանական խարույկներից:
Եվ վերջապես, հինգերորդ հայտնի անհայտը քաղաքական այս հավասարման մեջ Ամուլսարի հանքի շահագործման ճակատագիրն է: Հավասարման հայտնին այն է, որ Նիկոլն այս դեպքում շախմատային ցուգցվանգի մեջ է հայտնվել. յուրաքանչյուր քայլ բարդացնում է իրավիճակը: Եվ անհայտ է մնում, թե ինչպես է նա համադրելու սեփական քաղաքական պոպուլիզմը, բնապահպանական աղետի կանխումը, «միջազգային պարտավորությունները» եւ հանրության սպասումները:
Իրականում հայկական քաղաքական հավասարման մեջ քաղաքական գործակիցը փոքր է, այնքան փոքր, որ կորցրել է իր նշանակությունը ներհայաստանյան զարգացումներում: Եվ հինգ հայտնի անհայտներով հայկական այս հավասարումը արդեն քաղաքական լուծում էլ չունի:
Իրադարձությունների սրընթաց զարգացումների շրջապտույտի մեջ հայտնված Հայաստանի համար այժմ եկել են բարդ ժամանակներ, հետհեղափոխական Հայաստանի համար՝ թերեւս ամենաբարդ ժամանակը: Բազում անհայտներով հայկական քաղաքական հավասարման մեջ անհայտ է մնում հավասարման պատասխանը, թե ինչ է լինելու այս ամենի վերջը:
Կարծիքներ