Հայաստանի նոր իշխանությունները վերադառնում են Ղարաբաղյան կարգավորման կառուցողական հուն․ Էլմար Մամեդյարով

Հայաստանի նոր իշխանությունները վերադառնում են Ղարաբաղյան կարգավորման կառուցողական հուն․ Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Նախարար Մամեդյարովն ասել է, որ ամենայն հավանականությամբ հայկական նոր իշխանություններին պետք է ժամանակ, որպեսզի համակողմանի կարողանան ուսումնասիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Մամեդյարովը մանրամասնել է, որ համանախագահների հերթական ռեգիոնալ այցի ընթացքում, որ տեղի ունեցավ օրերս, մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ներկայիս վիճակի եւ հեռանկարների հետ կապված։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, վկայակոչելով միջազգային հանրությանը, ասել է, որ վերջին շրջանում բավական շատացել են համաշխարհային հանրության կողմից ուղարկված ազդակներն առ այն, որ հակամարտության չկարգավորվածությունը բացասական հետեւանքներ է ունենում ռեգիոնի եւ հատկապես Հայաստանի համար։ Ուշագրավ է այն, որ Մամեդյարովը Նիկոլ Փաշինյանի կաբինետի կեցվածքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների նկատմամբ որակել է որպես «վերադարձ կառուցողական եւ արդյունավետ հուն», ինչի առաջին քայլը խաղաղության համար պայմանների ապահովումն է, որի մասին խոսում է Երեւանը։