Չի եղել դեպք, երբ գործատուն ֆինանսավորել է արհեստակցական կազմակերպությունների գործունեությունը

Չի եղել դեպք, երբ գործատուն ֆինանսավորել է արհեստակցական կազմակերպությունների գործունեությունը
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ մի խումբ պատգամավորների նախաձեռնած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից մեկը՝ ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանը, Ազգային ժողովի ամբիոնից բացահայտ սուտ տեղեկատվություն տարածեց։ Խոսելով արհմիությունների անկախության մասին՝ նա հայտարարեց, որ գործատուի մոտ գործող արհեստակցական կազմակերպությունները ոչ թե անդամավճարով են գործում, այլ գործատուի կողմից են ֆինանսավորում և հետևություն արեց, որ արհեստակցական կազմակերպությունները ֆինանսապես կախված են գործատուներից։



Ես, որպես Հայաստանում գործող խոշոր ճյուղային արհմիություններից մեկի նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունում, որը միավորում է 50-ից ավելի արհեստակցական կազմակերպություններ մոտ 14000 անդամներով, չի եղել որևէ դեպք, երբ գործատուն ֆինանսավորել է արհեստակցական կազմակերպությունների գործունեությունը։ Ունենալով սերտ կապեր Հայաստանում գործող այլ արհեստակցական կազմակերպությունների և միությունների հետ, նույնպես տեղյակ չեմ նաև նմանատիպ դեպքերի այլ արհեստակցական կազմակերպություններում։



Պահանջում եմ, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիմնավորի ամբողջ երկրով հնչեցրած իր հայտարարությունը, նշելով կոնկրետ կազմակերպություններ, եթե այդպիսիք կան, իսկ նման տեղեկություններ չունենալու դեպքում հերքի իր հայտարարությունը երկրորդ ընթերցման ժամանակ։ Չբացառելով՝ Հայաստանի Հանրապետությունում գործատուի կողմից արհեստակցական կազմակերպությունը ֆինանսավորելու եզակի դեպքերի առկայությունը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ անթուլատրելի է Ազգային ժողովի ամբիոնից երկրում գործող բոլոր` 600-ից ավելի արհեստակցական կազմակերպությունները վարկաբեկող տեղեկատվություն տարածելը։



Միաժամանակ, արհմիությունների հետ աշխատելու երկար տարիների փորձս ինձ հուշում է, որ առաջարկվող փոփոխությունը, եթե նույնիսկ աշխատի, կբերի միայն արհմիությունների պառակտման և, հետևաբար, թուլացման։ Պատգամավորները, շփոթելով արհմիությունը բիզնեսի հետ, հայտարարում են, որ մրցակցային դաշտ ստեղծելով կուժեղացնեն արհմիությունները։ Արհմիությունների հաջողության գրավականը միասնությունն ու համերաշխությունն է, այլ ոչ թե մրցակցությունը։



Հույս ունեմ նաև, որ Ազգային ժողովի պատգամավորները ողջամիտ կգտնվեն և չեն քվեարկի առաջարկված նախագծի օգտին։



**Անահիտ Ասատրյան**



**Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ**