Փոխվեց իշխանությունը, փոխվելու խնդիր ունեն նաեւ ԶԼՄ-ները

Փոխվեց իշխանությունը, փոխվելու խնդիր ունեն նաեւ ԶԼՄ-ները
Ապրիլյան թավշյա հեղափոխությունն աննկատ, բայց սահուն փոփոխություններ է մտցնում ոչ միայն կառավարման համակարգում, մտածողության, արժեքային ընկալումների, հասարակական փոխհարաբերությունների մեջ, այլեւ ԶԼՄ-ներում։ Հեղափոխությունից հետո դժվար էր մամուլի համար քննադատել մի իշխանության թեկուզ փոքր վրիպումներն ու սխալները, որը վայելում էր եւ առ այսօր էլ շարունակում է վայելել համաժողովրդական համակրանք, սոցցանցերում ունի բազում նվիրյալներ, որոնք իրենց սիրո զեղումներով դժվար է ասելը՝ ավելի շատ օգնո՞ւմ են, թե՞ վնասում նոր եւ անփորձ իշխանություններին։ Նախկին ինքնահավան, լրագրողներին վերեւից նայող, նրանց անհաճո հարցերին ոչ կոռեկտ պատասխաններ տվող չինովնիկներին փոխարինել են «Ֆեյսբուք»-ում «լայվ» մտնող, նոր տեխնոլոգիաներին տիրապետող, հասարակության հետ անմիջական շփվող, կոնկրետ հարցերից չխուսափող պաշտոնյաներ։ Եթե վարչապետը, նախարարները կարող են «լայվ»-երով իրազեկել իրենց արած գործերի եւ անելիքների մասին, սոցիալական ցանցերի օգտատերերն էլ անմիջապես իմանում են այդ մասին, ապա ի՞նչ կարիք կա մուտք գործել կայքեր կամ թերթ գնել։



Իրավիճակի խորքային վերլուծությունները, մասնագիտական գնահատականները, տարբեր տեսակետների բախումները հետաքրքրում են ընթերցողական նեղ խավին, այն խավին, որին դեռեւս կարելի է հանդիպել մետրոյի կայարաններում կամ հասարակական տրանսպորտում՝ թերթը ձեռքին պարզած։ Հենց այդ խավն է, որ թերթի խմբագրություն այցելելիս լրագրողից, խմբագրից պահանջում է իր մասին պատմվող նյութը, հարցազրույցն անպայման տպագրել թերթում, որովհետեւ կայքն իր համար խորթ երեւույթ է։ Այդ խավն է, որ կարող է հոգատարությամբ իր գզրոցներում պահել հնամաշ թերթերի տրցակները, հիշել ու լրագրողին էլ հիշեցնել տարիներ առաջ գրած հոդվածները։ Կայքային կամ «Ֆեյսբուք»-յան թիթեռնիկի կյանք ունեցող լուրերը, գրառումները խորթ են հասարակական-քաղաքական կյանքի վերաբերյալ խորքային հարցեր արծարծող ընթերցողին, որը կարող է հակադրվել թերթում լույս տեսած այս կամ այն հրապարակմանը, սեփական կարծիքը շարադրել եւ բերել խմբագրություն։



Ապրիլյան հեղափոխությունից հետո մամուլը եւս ստիպված է վերանայել իր նախկին գործելաոճը, հաշվի նստել ընթերցողի պահանջների հետ, որպեսզի չկորցնի իր՝ մեծ ջանքերի գնով ձեռք բերած լսարանը։ Սպանությունների , կալանավորումների մասին լուրերով հագեցած օրվա քրոնիկոնը, խոստովանենք, բազմաթիվ դիտումներ է շարունակում ապահովել կայքերի համար։ Սակայն այդ ամենի կողքին հառնում են նաեւ հարցադրումներ, թե որն է լինելու կոռուպցիայի դեմ պայքար մղելու կառավարության հեռահար ծրագիրը, որպեսզի հետագայում էլ պաշտոնյաները չգայթակղվեն կաշառքով։ Կամ՝ ի՞նչ փոփոխություններ են կատարվելու կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտներում, որպեսզի դրանք քաղաքացու համար դառնան մատչելի։ Ի՞նչ փոփոխություններ են լինելու բուհերում, որպեսզի մեր ուսանողները չձգտեն անպայման մեկնել արտերկիր եւ ուսանել այնտեղի բուհերում, եւ հայաստանյան բուհերն էլ չմնան այդ հնարավորությունը չունեցող ուսանողների հույսին։ Այս հարցերին հնարավոր չէ պատասխանել մի քանի րոպեանոց «լայվ»-երով, ճեպազրույցներով, նախարարությանն ուղղված գրավոր հարցումներին տրվող պաշտոնական պատասխաններով։ Ոչ միայն նախարարները պետք է «լայվ»-եր մտնեն, այլեւ նախարարությունների տարբեր աստիճանի պաշտոնյաներ հրատապ արձագանքեն, հարցազրույցներ տան լրագրողներին ընթացիկ որոշումների, անելիքների, քաղաքացիների բողոքների մասին։



Մի ավանդույթ, որը վերջին տասնամյակում կամաց-կամաց մղվեց հետին պլան՝ փոխարինվելով գրավոր հարց ու պատասխանով։ Իսկ հասարակության հետ մշտական կապը ընթերցողին, «Ֆեյսբուք»-ի օգտատերին քայլ առ քայլ կկտրի վիրտուալ իրականությունից՝ նրան վերադարձնելով ամեն օր թերթ գնելու եւ թերթ կարդալու մոռացված մշակույթը։



**Թագուհի Հակոբյան**