Ծխելու դեմ պայքարի նոր նախագիծ՝ իջեցված տուգանքներով

Ծխելու դեմ պայքարի նոր նախագիծ՝ իջեցված տուգանքներով
Առողջապահության նախարարությունը որոշել է նոր թափ հաղորդել ծխելու դեմ պայքարին։ Այդ կապակցությամբ նրանք նոր նախագիծ են մշակել, որը կոչվում է «Առողջության վրա ծխախոտի ազդեցության կանխարգելման և նվազեցման մասին» օրինագիծ, որն արդեն շրջանառության մեջ է։



Հիշեցնենք, որ նմանատիպ մի նախագիծ շրջանառության մեջ էր դրել նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, որը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես տույժ-տուգանքների անհավանական մեծ չափի պատճառով։ Այսօր, ինչպես Hraparak.am-ի հետ զրույցում նշեց նոր նախագծի համահեղինակ, իրավաբան Ռոզա Բաբայանը, այս հարցում վերանայումներ են արվել, նաև մոտեցումներն են փոխվել։ «Նախագծի նպատակն է կանխարգելել և նվազեցնել առողջությանը ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արդյունքում հասցվող վնասը։ Մի շարք նոր մոտեցումներ են ամրագրվել, մասնավորապես մենք ծխախոտային բոլոր արտադրատեսակներին ենք անդրադառնում, ոչ միայն ծխախոտի գլանակներին, նաև նախատեսում ենք փակ տարածքներից աստիճանաբար անցնել նաև կիսափակ տարածքներում ծխախոտի օգտագործման սահմանափակումներին, նաև մանկական խաղահրապարակներում»,-ասաց նա։



Ինչ վերաբերում է տույժ-տուգանքներին, Ռոզա Վարդանյանն ասաց, որ տարբեր սահմանափակումների համար տարբեր տույժեր են նախատեսված։ Օրինակ՝ գովազդ հեռարձակողների նկատմամբ ծխախոտ գովազդելու համար գործող օրենսդրությամբ նախատեսված է 700 հազար դրամ տուգանք, իսկ նոր նախագծով 100 հազարով ավելացել է այդ տուգանքի չափը՝ դառնալով 800 հազար դրամ։ Իսկ ֆիզիկական անձանց դեպքում այդ տուգանքները բարձր չեն։ Վարդանյանի խոսքով՝ սրճարաններում ծխելու դեպքում սրճարանի տիրոջը կտուգանեն 200 հազար դրամով, ով կթույլատրի իր տարածքում ծխել, իսկ հաճախորդին՝ 50 հազար դրամով։ «Բայց կա մեխանիզմ, որ եթե սրճարանի տերը դուրս է հրավիրում կարգազանց անձին, որը շարունակում է ծխել, և տեղեկացնում է վարչական տույժ կիրառող մարմնին, իր նկատմամբ այդ դեպքում չի կիրառվում վարչական պատասխանատվության միջոց»,-ասաց նա՝ նշելով, որ այդ դեպքում արդեն միայն հաճախորդն է տուգանվում։



Բայց քաղաքացուն ևս նախապես զգուշացնում են, հետո նոր տուգանում, երբ տեսնում են՝ շարունակում է խախտել օրենքը։ Նկատեցինք, որ նախորդ նախարարի օրոք մշակված այս օրենքի նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց նրանով, որ տուգանքների չափը շատ բարձր էր՝ ընդհուպ 1.5 միլիոն դրամ։ Արդյոք այս աղմուկը ևս պատճառ հանդիսացա՞վ, որ նոր նախագծում վերանայեն տուգանքների չափն ու իջեցնեն, Ռոզա Վարդանյանն ասաց․ «Իհարկե, հանրության կարծիքը հաշվի է առնվում։ Բայց ասեմ, որ այդ բարձր տուգանքի չափերն ինքնանպատակ չէին, նպատակը կանխարգելելն էր։ Այո, որոշ չափով վերանայվել է՝ հաշվի առնելով հանրության կարծիքը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**