Մոտ 2.5 միլիարդ դրամ՝ «Այբ»-ին․ ծրագիրը կանգնեցվել է

Մոտ 2.5 միլիարդ դրամ՝ «Այբ»-ին․ ծրագիրը կանգնեցվել է
ՀՀ կրթության եւ գիտության նախարար **Արայիկ Հարությունյանը** երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք «Այբ»-ի հետ ստորագրել են համաձայնագիր, որով դադարեցրել են Կրթության գերազանցության ծրագրի պայմանագրի գործողությունը, եւ մինչեւ նոյեմբերի 30-ը ժամկետ է դրված, որ ամբողջ աշխատանքի արդյունքները, այդ թվում՝ ֆինանսական մասով, վերլուծեն եւ ներկայացնեն ԿԳՆ-ին։



«Դրանից հետո նոր կհասկանանք՝ դրա որոշ կոմպոնենտներ հնարավո՞ր է ներդնել հանրակրթական դպրոցում, թե՞ ոչ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք՝ նա նախարար նշանակվելուց ի վեր ստուգումներ է սկսել «Այբ» հիմնադրամում՝ կասկածի տակ դնելով նրա կողմից ձեռնարկված «Արարատյան բակալավրիատ» կամ «Կրթության գերազանցության ծրագիր» կոչվող մի անհասկանալի կրթական ծրագրի արդյունավետությունը, որի համար պետական բյուջեից ավելի քան 2 մլրդ դրամ է մինչ այս պահը փոխանցվել։



**- Այսինքն՝ այս պահին պրոցե՞ս կար սկսված, որը դադարեցվել է, քանզի ուսուցիչներ էին նախապատրաստում, կարծեմ…**



-Չէ, պրոցեսը միշտ կար։ Էդ ուսուցիչներին նախապատրաստելը՝ նախապատրաստել են, ներդրումը նախատեսվում էր սեպտեմբերից, բայց ապրիլին պետք է կառավարությունը որոշում կայացներ, որ չի կայացրել։



**- Իսկ ինչո՞ւ չի կայացրել։**



-Դա, ինձ թվում է, «Այբ»-ից պետք է հարցնել։



**- Իսկ ի՞նչ էր նախատեսվում այդ ծրագրով, որքանով տեղյակ եմ՝ պետք է հատուկ պատրաստված ուսուցիչներ գործուղեին դպրոցներ՝ դասավանդելու։**



-Էդ «էլիտար» դասարանները պետք է ստեղծվեին, որը մեր կողմից կանխվել է, որովհետեւ դա մեր սկզբունքներին դեմ է։



**- Իսկ այդ գումարները, որոնք այս տարիներին բյուջեից «Այբ»-ին են փոխանցվել, դրանց ճակատագիրն ի՞նչ է լինելու, հետկանչման որեւէ մեխանիզմ կա՞։**



-Չէ, հետկանչման չկա, էնտեղ որոշակի արդյունք կա, այսինքն՝ որոշակի արտադրանք կա, պրոդուկտ կա, մենք պետք է հասկանանք՝ արդյոք դա համարժե՞ք է էն տրված գումարին, որը տրվել է, եւ արդյոք մենք էդ պրոդուկտն ինչ-որ կոմպոնենտներով կարողանո՞ւմ ենք ներդնել։



**- Ինչպիսի՞ն է այդ պրոդուկտը։**



-Տարբեր ծրագրերի մշակումը, վերապարաստման կենտրոնի ստեղծումը…



**- Դուք ասում էիք, որ նախարարությունն իրավասություն չունի այնտեղ աուդիտ անցկացնելու։ Ի վերջո, անցկացվե՞ց այնտեղ աուդիտ։**



-Մենք ստուգում ենք անցկացրել, որոշակի վերապահումներ ունենք, բայց մինչեւ նոյեմբերի 30-ը վերջնական կլինի հայտարարություն։



**- Ինքներդ այդ Կրթության գերազանցության ծրագիրը կարդացե՞լ եք, իրենք մշտապես ասում են՝ կարդացեք այդ՝ կարծեմ 1000 էջանոց ծրագիրը եւ կհամոզվեք, որ լավ ծրագիր է։**



-Ես կարող եմ ասել, որ բազմաթիվ տեղեր, որտեղ դրանք քննարկվել են, դա կլինի ԵՊՀ, կլինեն տարբեր մասնագետներ, մեծամասնությունը դրան բացասական կարծիք է տվել, որովհետեւ էս ձեւով էլիտարացումն ու առանձնացումը՝ լավագույն աշակերտների եւ լավագույն ուսուցիչների, միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրակրթության որակի վրա։



**- Բայց մենք այդ տարանջատումը՝ «էլիտարի» եւ սովորական դպրոցների, ունենք հենց նաեւ դպրոցների մակարդակով, օրինակ՝ «Այբ»-ի, «Շիրակացու» օրինակով, որոնք համարվում են բարձր մակարդակի, «էլիտար» դպրոցներ։**



-Որովհետեւ նախկինում էնպիսի քաղաքականություն է վարվել, որ նախարարությունն ավելի քիչ ուշադրություն է դարձրել ընդհանուր հանրակրթական դպրոցներին, որոնք իր իրավասության տակ են եղել։ Հիմա ամբողջությամբ հակառակ պրոցեսն է։ Ինչո՞ւ են նաեւ էն մյուս էլիտարներն առաջացել, օրինակ՝ Չեխովի, Պուշկինի, մյուս դպրոցները, որովհետեւ քաղաքական որոշակի խմբերի կամ անձանց կողմից ունեցել են հովանավորչություն, օրենքներ են խախտել, էնտեղ տեսչական մարմինը չի կարողացել մտնել, ստուգումներ չի արել, լիցենզիայից ավել աշակերտներ են ընդունել, հետեւաբար, ե՛ւ ավել գումարներ են ներգրավել, ե՛ւ էսպիսի խնդիրներ են եղել։



**- Հիմա նախարարության մոտեցումն ինչպիսի՞ն է այդ տարանջատման վերացման մասով, նույն «Այբ»-ի, «Շիրակացու», «Քվանտ» վարժարանի եւ մյուսների մասով ի՞նչ քաղաքականություն է տարվելու։**



-Մենք «Այբ»-ի, «Շիրակացու» եւ մյուսների հետ… «Շիրակացու» հետ շատ լավ համագործակցում ենք, Բլեյանի դպրոցի հետ շատ լավ համագործակցում ենք, որեւէ խնդիր չունենք էդ դպրոցների հետ։ Մենք պարզապես մեր ֆունկցիաներն ենք կատարելու եւ հանրակրթության որակը մյուս դպրոցներում բարձրացնելու ենք։



**- Այս պահի դրությամբ բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել «Այբ»-ին եւ որքա՞ն էր մնացել փոխանցելու։**



-Հստակ թիվ այս պահին չասեմ, 2.5 միլիարդի չափ էս տարիների ընթացքում արդեն փոխանցվել է, մի 200-300 միլիոն էլ, որ ծրագիրը դադարեցվել է, այլեւս չի փոխանցվել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**