Շուկան քանդում են, տեղը սուպերմարկետ կառուցում․ լուսանկարներ

Շուկան քանդում են, տեղը սուպերմարկետ կառուցում․ լուսանկարներ
Մենք [անդրադարձել էինք](https://www.hraparak.am/posts/5b74124e9791db64095cbffb/%D5%B7%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%BB%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D6%87-%D5%A1%D5%B2%D5%A2%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող շուկայում տիրող իրավիճակին: Շուկան սեփականաշնորվել է գործարար Մանվել Բունիաթյանի կողմից, ով արդեն 2 օր է, ինչ ապամոնտաժում է շուկայի մեծ տաղավարը՝ երկհարկանի առևտրի կենտրոն կառուցելու նպատակով:



Հրազդանի քաղաքապետարանի կողմից առևտրի կենտրոնի կառուցապատման շինթույլտվության փաստաթուղթը տրված է, կառուցապատողն է՝ «Լյովա - Կորյուն» ՍՊԸ-ն. «Ողջունելի քայլ է, վերջապես Հրազդանում մի լավ առեւտրի կենտրոն կբացվի, մենք էլ էս շուկայի կեղտից կազատվենք: Տեսնում եք, թե մենք ինչ պայմաններում ենք առեւտւոր անում, ո՛չ ջուր կա, ո՛չ նորմալ զուգարան: էսքան տարի դիմացել ենք անձրեւին, ձյանը, էս տարի էլ կդիմանանք, մինչեւ կենտրոնը կկառուցեն: Հույսով ենք, որ դրանից հետո ե՛ւ առեւտուրը լավ կլինի, ե՛ւ պայմանները կբարելավվեն»,-մեզ հետ զրույցում նշում էին առեւտրականները:



Այժմ առեւտրականները իրենց առեւտուրը անում են շուկայի ներսում․ ազատվել է դեպի շուկա տանող ճանապարհը, եւ այդ մասում մեծ թափով ընթանում են շուկայի քանդման աշխատանքները: Ըստ առեւտրականների՝ կառուցվող առեւտրի կենտրոնում իր լուման ունի նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանը: Հրազդանում խոսում են, որ առեւտրի կենտրոնը լինելու է Ալեքսանյանի հերթական սիթին:



Մանվել Բունիաթյանի հետ կապ հաստատել մեզ չհաջոցվեց: Մեզ հետաքրքրում էր, թե, որքանո՞վ է համապատասխանում շրջանառվող լուրերը, որ առեւտրի կենտրոնը լինելու է Սամվել Ալեքսանյանի հերթական «սիթին»:



Նշենք, որ նրան են պատկանում «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Ինքը՝ Ալեքսանյանը, բազմիցս իր «հարցազրույցներում» հայտարարել է, որ բիզնես չունի եւ «գոյատեւում է» կնոջ գումարներով եւ պատգամավորի «աղքատիկ» աշխատավարձով:



**Նելլի Կարապետյան**