Միասնականություն` պառակտելու ճանապարհով

Միասնականություն` պառակտելու ճանապարհով
Սիրո եւ համերաշխության լոզունգներով իշխանության եկած քաղաքական թիմի օրոք կազմակերպվող քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն այլեւս դադարել է մնալ նույն տրամաբանության մեջ: Դեմքով ասֆալտին փռելուց, պատերին տալուց մինչեւ «սեւերի ու սպիտակների» տարանջատում․ ահա հենց այս տրամաբանությամբ եւ սրանից բխող լարված մթնոլորտում են, ցավոք, շարունակվում գերժողովրդավարության ճանապարհն ընտրած երկրի առաջին ընտրությունները: Նախընտրական ծրագրերը` որպես ժողովրդի վստահությունը շահելու եւ այդպիսով ձայներ հավաքելու միջոց, մղվել են երկրորդ պլան` տեղը զիջելով փոխադարձ մեղադրանքներին:



Բոլոր ժամանակներում ժողովրդական իրապես մեծ առաջնորդի դերն այն է, որ չմասնատի ժողովրդի միասնությունը, չթշնամացնի միմյանց դեմ, այլ համախմբի մեկ գաղափարի եւ մեկ նպատակի շուրջ: Ամիսներ առաջ հեղափոխության սկիզբը դրվեց հենց համաժողովրդական միասնության շնորհիվ, եւ պետք է անպայմանորեն նշենք, որ հեղափոխության շարունակությունն ու ավարտը միմիայն հնարավոր կլինեն նույն միասնականության շնորհիվ:



Փաստ է, որ նոր իշխանությունների համար քաղաքային ընտրություններն այլեւս ունեն քաղաքական բացառիկ նշանակություն: Այս անգամ, սակայն, ժողովրդի միասնությանը ձգտող իշխանությունը գնաց նույն միասնականությունը պառակտելու ճանապարհով: Նախկին իշխանությունների ժամանակ բարձր օղակներում գտնվող պաշտոնյաների ակտիվացումը նույնացվեց կուսակցությունների հետ` պետական ամենաբարձր մակարդակով` այդպիսով գրեթե կանխորոշելով քաղաքապետի ընտրությունների ելքը: Գործող բոլոր կուսակցություններն ու ակտիվացած նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, Նիկոլ Փաշինյանի փայլուն հռետորական արվեստի միջոցով, դրվեցին մեկ հարթության վրա` պիտակավորվելով որպես «սեւեր», անկախ նրանց տարբերություններից ու տարաձայնություններից: Իսկ պատճա՞ռը: Այստեղ ամենեւին անտեղի չի լինի մեջբերել Հիտլերի խոսքերը․ «Երբ ժողովուրդը տեսնում է, որ ինքը շրջապատված է տարբեր թշնամիներով, ապա առավել թույլ եւ անկայուն բնավորություններին դա դրդում է կասկածել սեփական գործի արդարությանը եւ մղում տատանվելու։ Երբ տատանվող զանգվածը զգա, որ ունակ է պայքարելու բազմաթիվ հակառակորդների դեմ, նույն պահին նրա գլխում օբյեկտիվ հարց կծագի. արդյոք մյուս բոլորը սխա՞լ են։ Դրանով սկիզբ է դրվում սեփական ուժերի կաթվածին։ Ահա թե ինչու է անհրաժեշտ բոլոր հակառակորդներին (անկախ ունեցած տարբերություններից) մեկտեղել»։



Տպավորություն է, որ մեզ միասնականության ու համախմբման համար միշտ որեւէ թշնամի է պետք կամ գոնե նրա կերպարը: Բայց այս պարագայում ներքին «թշնամու» առկայությունը կարող է դառնալ ոչ թե միասնականության, այլ պառակտման պատճառ: Երկրի ներսում անթույլատրելի է ստեղծել հակառակորդի ու թշնամու կերպարներ, իսկ ներքին թշնամուն պետք է ուղղակիորեն չեզոքացնել:



**Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ**