Հրազդանի քաղաքապետարանում «ճամպրուկային» իրավիճակ է

Հրազդանի քաղաքապետարանում «ճամպրուկային» իրավիճակ է
Հրազդանի քաղաքապետարանում բաժնի պետերի հեռանալուց հետո, կարծես թե բոլոր բաժինների աշխատակիցները «ճամպրուկային տրամադրությամբ» են: Քաղաքապետարանում աշխատակիցները մեզ ասացին, որ հարկային, տրանսպորտի բաժինների աշխատակիցներին, ինչպես նաեւ հավաքարարներին ասել են, որ ազատման դիմումներ գրեն եւ ազատվեն աշխատանքից:



Ոմանք դիմումներ գրել են, ոմանք՝ դեռ ոչ: Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը հերքեց՝ ասելով, որ եթե ազատման դիմում գրեն աշխատակիցները, ուրեմն կգրեն իր անունով, իսկ ինքը նման դիմումներ չի ստացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունները, պետք է քաղաքապետարանում ազատվեն Դանիելյանի կադրերից:



Դե, պարզից էլ պարզ է՝ իշխանափոխությունից հետո եկել է նոր թիմը, բնականաբար նոր թիմն էլ իր թիմը կձեւավորի: «Սիրո, համերաշխության, բաց ձեռքերի, ոչ բռնի» հեղափոխությունից հետո ոչ միայն Երեւանում, Հրազդանում եւս՝ սեւ եւ սպիտակ գծեր գծվեցին: Մինչ քաղաքապետարանում փորձում են ազատվել Դանիելյանի կադրերից, Հրազդանում ՀՀԿ-ականները թաքուն սկսել են գործել, որպեսզի առաջիկա ընտրություններում իշխանություն կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածուն առավել ձայներ չունենա:



**Նելլի Կարապետյան**