Սևան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Եվրոպայից է

Սևան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Եվրոպայից է
Սեւան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակի տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սեւան քաղաք են այցելել 60 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ: Զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ Սեւան ժամանած զբոսաշրջիկները ներկայացնում են աշխարհի ամենատարբեր երկրները, որոնց մեջ այս տարի առաջատարը Եվրոպան է՝ 10 հազար 19 զբոսաշրջիկ:



Ըստ նրա՝ տեղեկատվական գրասենյակի կողմից զբոսաշրջիկներին տրամադրվում է ծավալուն ու բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի գրավչությունների, պատմության ու բնության հուշարձանների, Սեւան քաղաքի եւ հարակից գյուղերի, Սեւանա լճի շրջակայքում գործող հյուրանոցների, քոթեջների եւ այլ հետաքրքրությունների վերաբերյալ. «2018 թվականի հունիս-հուլիս ամսիներին զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակից օգտվողների քանակությունն՝ ըստ երկրների ընդհանուր առմամբ կազմել է 2048 զբոսաշրջիկ, որից 447 ստացել է ընդհանուր տեղեկատվություն, իսկ 1601-ին տրվել զբոսաշրջային ինֆորմացիա: 2017թ-ին կրկնակի շատ տուրիստներ էին եկել Սեւան, քան՝ 2016թ.-ին:



Մենք մտածում էինք, որ այս տենդեցը կմնա, եւ այս տարի էլ ավելի շատ զբոսաշրջիկներ կունենանք: Վերջին օրերին Սեւանա լճի թունավոր լինելու հետ կապված լուրերը իրենց ազդեցությունն ունեցան: Վատ բանը միշտ արագ է տարածվում, հերքելը՝ ավելի դժվար է լինում: Ասում են, թե Սեւանա լճի ջուրը թունավոր է: Հիմա էլ, որ գաք, կտեսնեք, որ լիճը կանաչ է: Բնական է, ցանկացած էկոլոգ կասի, որ տաք եղանակի դեպքում ջրային մամուռը սկսում է շատանալ, ըստ դրա գույնն էլ սկսում է փոխվել: Հայտնի է, որ Սեւանա լիճը քամելեոն է: Արեւի ժամանակ կանաչը ավելի վառ է լինում: Ես ոչ մի տեղ չեմ լսել, որ մամուռը թունավոր լինի: Այս առումով որոշ տուրօպերատորներ օգտվեցին եւ տուրիստներին Վրաստան ուղղորդեցին: Ստացվում է, որ իրենք Սեւանից այդքան գումար չէին կարողանում աշխատել, եւ 1կամ 2 օր զբոսաշրջիկին Երեւան պտտելուց հետո, 150 -200 դոլար գումարով տանում են Ուռեկի կամ Քոբուլետի»:



Գրասենյակի պատասխանատուն օտարերկրյա զբոսաշրջիկների առաջարկությունների եւ խորհուրդների հիման վրա բարձրացրել է մի շարք կարեւոր խնդիրներ, որոնց կարգավորման դեպքում Սեւանի ավազանում ավելի կծավալվի ու կզարգանա զբոսաշրջությունը: Դավիթ Թորոսյանի խոսքով՝ զբոսաշրջիկներից լսում են նաեւ առաջարկություններ եւ բողոքներ. «Ամեն պետության զբոսաշրջիկ ուզում է, որ տպած տեղեկատվություն ստանա իր լեզվով: Մենք ստանդարտը ապահովում ենք: Ռուսները սկսեցին շատանալ՝ մենք ռուսերեն լեզվով տեղեկատվությունը ավելացրեցինք: Պարսիկները անցած տարի ամենաշատն էին Սեւանում, մենք պարսկերեն արդեն ունենք, անգլերենն էլ՝ ամենասկզբից ունեինք:



Այս տարի նկատվում է չինացի, արաբ, հնդիկ զբոսաշրջիկների հոսք: Նրանք ասում են, որ շատերը չեն, որ անգլերեն գիտեն, լավ կլիներ, որ տարբեր լեզուններով լիներ տեղեկատվական բուկլետները: Մեկ խնդիր եւս ներկայացնեմ՝ լճի ափամերձ տարածքի ավազը մաքուր չի, չի համապատասխանում նորմատիվներին: Տուրիստները ասում են, որ Սեւ Ծովում նրանք պառկում են ավազի մեջ, իսկ այստեղ վտանգավոր է, որովհետեւ ձեռքով կամ ոտքով, որ ուզենաս ավազը փորես, ավազի միջից ապակու կտորներ են դուրս գալիս, երկաթի խցան, ծխախոտի մնացորդներ, ձմերուկի կեղեւներ: Դժգոհում են, որ ավազը չի մաքրվում: Այս խնդիրը մնում է չլուծված՝ պետությունը ասում է, որ մասնավոր տարածք է, թող մասնավորը այդ հարցը լուծի, մասնավորն էլ ասում է, որ այդքան գումար չի աշխատում, որ հատուկ տեխնիկայով մաքրի ավազը, կամ նոր ավազ լցնի»:



Թորոսյանը նշում է, որ հանրային լողափներում էլ ավազի նորմատիվները չեն պահպանվում: Հավելենք, որ Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունը այս ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերը, որտեղ առավել հաճախ են այցելում ռուս զբոսաշրջիկները: Գործակալության տվյալներով՝ հանգստավայրերի լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Բուրաբայ (Ղազախստան), Իսիկ Կուլ լիճ (Ղրղզստան), Նարոչ լիճ (Բելառուս), Բիլգյայի լողափ (Ադրբեջան), Սևանա լիճ (Հայաստան):



**Նելլի Կարապետյան**