Ակնայից դեպի արեւելք՝ դիրքերի միջեւ չեզոք գոտում Ադրբեջանի քաղաքացու դի է հայտնաբերվել

Ակնայից դեպի արեւելք՝ դիրքերի միջեւ չեզոք գոտում Ադրբեջանի քաղաքացու դի է հայտնաբերվել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ զինված ուժերի դիրքերի միջեւ ընկած չեզոք գոտում Ադրբեջանի բնակչի դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:



Կառույցի հաղորդագրության համաձայն՝ դին հայտնաբերվել է օգոստոսի 12-ին, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արեւելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջեւ չեզոք գոտում:



Այսօր՝ օգոստոսի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն: