Աշխատակիցներին տարհանել են, հետո ասել, որ ամեն ինչ նորմալ է

Աշխատակիցներին տարհանել են, հետո ասել, որ ամեն ինչ նորմալ է
Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ կառավարության երրորդ մասնաշենքում ռումբ է տեղադրված։ Կառավարության երրորդ մասնաշենքում գործում են մի շարք նախարարություններ, այդ թվում նաեւ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարարության մամուլի խոսնակ Մանե Մադոյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ են արել նախարարության աշխատակիցները ռումբի տեղադրման մասին լուրը լսելուց հետո։



«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տեղեկացրել են, որ ինչ-որ քաղաքացի զանգել է, ասել, թե շենքում ռումբ կա տեղադրված, ընդունված ընթացակարգով տարհանել են, սպասել ենք ինչ-որ ժամանակ, հետո ոստիկանները տեղեկացրել են, որ ամեն ինչ նորմալ է, կարող ենք բարձրանալ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ահազանգը կեղծ էր։ Իսկ ահազանգը վերաբերել է ամբողջ շենքին, ոչ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը»,- ասաց Մանե Մադոյանը։