Արտախորհրդարանական ուժերը պահանջում են հրաժարվել անցողիկ շեմից

Արտախորհրդարանական ուժերը պահանջում են հրաժարվել անցողիկ շեմից
Իշխանությունը որոշել է իջեցնել ընտրական անցողիկ շեմը․ նախատեսվում է, որ կուսակցությունների դեպքում այն 5 տոկոսից կիջեցվի 4-ի, իսկ դաշինքների դեպքում 7-ից՝ 6 տոկոսի։ Իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր կարծում են, որ ընդհանրապես պետք է «ազատականացնել» քաղաքական դաշտը եւ առաջիկա ընտրություններին վերացնել անցողիկ շեմը՝ դարձնելով մեկ տոկոս։ Դա բացատրում են հետհեղափոխական Հայաստանում կուսակցությունների միջեւ ստեղծված անհավասար հնարավորություններով։ Առաջարկի համաձայն, խորհրդարան կանցնեն բոլոր կուսակցությունները, որոնք մեկ մանդատի չափով ձայն կստանան՝ դա մոտավորապես 15 հազար ձայն է։ Այս առաջարկը 2 շաբաթ առաջ կառավարությանն առընթեր Ընտրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որին միացել են արտախորհրդարանական այլ ուժեր եւս, այդ թվում՝ նորաստեղծ «Հայ կառուցողական կուսակցությունը»՝ քաղաքագետ **Անդրիաս Ղուկասյանի** ղեկավարությամբ։ Նա մեզ հայտնեց, որ առաջարկը դեռ չի քննարկվել․ «Պետք է այս ընտրություններին բոլոր ուժերի համար ստեղծել հնարավորություն՝ իր ընտրողին ներկայացնել ԱԺ-ում, որպեսզի հնարավորինս շատ լինի բազմակարծություն, եւ ձեւավորվի ժողովրդավարություն։



Կոնկրետ այս ընտրություններին այդպես պետք է լինի, որովհետեւ մենք ունեինք քաղաքական համակարգին եւ ժողովրդավարական ընտրություններին խոչընդոտող ՀՀԿ․ որպես կանոն, նման ռեժիմները հեռացնելուց հետո առաջին ընտրություններն անցկացվելուց ստեղծվում է այդպիսի հնարավորություն՝ հնարավորինս շատ ուժեր ներկայացնել խորհրդարանում։ Հետագայում կարող են վերանայել այդ շեմը։ Ընդունենք, որ Հայաստանում գոյություն ունի 1 միլիոն 5 հարյուր հազար իրական ընտրող, ապա մեկ մանդատի համար հարկավոր է 15 հազար ձայն, եթե որեւէ ուժ այդքան ձայն հավաքի, ապա պետք է անցնի խորհրդարան»։ Անդրիաս Ղուկասյանը չի կարող ասել՝ կառավարությունը կընդունի՞ այդ առաջարկը, թե՞ ոչ․ «Ցավոք սրտի, նախորդ հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր հանձնաժողովից ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերին էին հրավիրել, հետեւաբար, առաջարկը չի քննարկվել»։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի «ժամանակավոր» կառավարությունը առաջարկն ընդունելու հետ կապված չպետք է խնդիր տեսնի, այլ հակառակը՝ ձեւավորի «ազատ, անկախ» պայմաններ։



«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ **Ստեփան Մարգարյանը** հիշեցնում է իր նախկին հայտարարությունները, որ խորհրդարանական համակարգն իր հետ բերում է ճգնաժամեր։ «Որքան շեմն իջեցվի, այդքան ավելի հաճախակի կլինի ճգնաժամերի խնդիրը: Եթե շատ-շատ խմբակցություններ լինեն Ազգային ժողովում, բայց միեւնույն ժամանակ՝ քիչ պատգամավորներով, արդեն կառաջանան 1-2 կամ 2-3 հոգանոց կոալիցիաներ․ դրանք ինչպիսի՞ կոալիցիաներ կլինեն։ Որքան շատ լինեն խմբակցությունները, դա որոշակի հարցերի շուրջ համաձայնության գալու խնդիր է առաջացնելու։ 4-5 հոգանոց խմբերը սկսելու են իրար մեջ ինչ-որ բանակցություններ, ինչ-որ սակարկումներ, զիջումներ, դրա արդյունքում խորհրդարանում ցնցումներ կառաջանան։ Սա անկայունություն բերող խնդիր է»,- կարծում է նա: Նախկին պատգամավորի կարծիքով, 5 տոկոսի շեմն իրականում մեծ չէ, իսկ եթե իջեցում, ապա ընդամենը 1 տոկոսով։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ պետք է գործի բոնուսային համակարգը, ինչո՞ւ պետք է ազգային փոքրամասնության ներկայացուցիչները մտնեն խորհրդարան, իսկ, դիցուք, տասնյակ հազարավոր համախոհներ ունեցող կոմունիստները խորհրդարանում ներկայացուցիչ չունենան։ Մարգարյանը պատասխանեց․ «Եթե մենք ասում ենք համամասնական ընտրակարգ, ապա հայտարարում ենք, որ դոմինանտը կուսակցություններն են՝ քաղաքական ուժերը, ոչ թե անհատները, այդ դեպքում եկեք վերադարձնենք մեծամասնական ընտրակարգը»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**