ԱԺ-ն՝ ընդդեմ կառավարության

ԱԺ-ն՝ ընդդեմ կառավարության
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կառավարության եւ ԱԺ ներկայացուցիչների «բազառը» խորանում է։ ՀՀԿ-ում այնքան են վրդովվել կառավարությանն առընթեր ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի նախօրեին ունեցած ելույթից, իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունքից, որ կառավարությանը հորդորել են ուրբաթ օրվա քննարկմանն այլ ներկայացուցիչներ ուղարկել։ Նեղսրտել են նաեւ կառավարության գործընկեր կուսակցություններում՝ ՀՅԴ-ում եւ «Ծառուկյան դաշինքում»։ 0



«Ծառուկյան դաշինք» խմբակցությունը պատրաստվում է առաջիկա աշխատանքային նիստին առաջարկել ժամանակավորապես դադարեցնել ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքները, քանզի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հույս ունեին, որ երկու հանձնաժողովների քննարկումների արդյունքում ստեղծվելու է մեկ կոնսենսուսային նախագիծ, մինչդեռ նախօրեին Իոաննիսյանի եւ ԱԺ աշխատանքային խմբի համատեղ քննարկման անդրանիկ նիստին կառավարության ներկայացուցիչը հիասթափեցրեց գործընկերներին՝ ասելով, թե իրենք «բազառի» մեջ չեն մտնելու քաղաքական ուժերի հետ, այլ լսելու են նրանց, բայց սեփական նախագիծն են ներկայացնելու եւ եթե նպատակահարմար համարեն, ապա նրանց լավ առաջարկները կընդգրկեն այդ նախագծում։



«Եթե Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է կառավարությանը, ուրեմն նրա հայտարարություններից պարզ դարձավ, որ ըստ էության իրենք 2 ֆորմատների համատեղում չեն տեսնում։ Հետեւաբար, ես առաջարկելու եմ ժամանակավորապես դադարեցնել ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքները, քանի որ մենք արդեն ներկայացրել ենք մեր առաջարկները, եւ հիմա չեմ հասկանում, թե ինչ պիտի անենք այստեղ»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։ «Ժամանակավոր դադար կվերցնենք, իսկ կառավարությունը թող զտի մեր առաջարկները, որը վերցնում է, վերցնի, նախագիծ մշակի եւ ուղարկի»։



Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ՝ իրենք այս պայմաններում զբաղված են սիզիփոսյան աշխատանքով, իսկ կառավարությունը գլոբալ հարցերի վերաբերյալ իր հայեցակարգն ունի․ «Բայց քանի որ «Ծառուկյան դաշինքը» կառավարության կողմից նշանակված անձի՝ Իոաննիսյանի հետ նախապես քննարկել էր այս հարցերը, ես կարող եմ ասել, որ մեր եւ իրենց առաջարկները հիմնականում չեն տարբերվում։ Միայն մենք եւ իրենք են կողմ փակ համամասնական ցուցակներին եւ այն դրույթներին, որ պետք է փոխվեն, մենք, մեծ հաշվով, խնդիր չենք տեսնում»։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թեպետ օրենքը չի արգելում եւ կարող է ԸՕ երկու նախագիծ դրվել շրջանառության մեջ՝ մեկը կառավարության հանձնաժողովի կողմից ներկայացված, մյուսը՝ ԱԺ աշխատանքային խմբի, սակայն այդ դեպքում իրենք կհակասեն Վեենտիկի հանձնաժողովի սկզբունքներին, որը կոնսենսուսային լուծում է պահանջում։ Նկատենք, որ այս պահին խորհրդարանական աշխատանքային խումբը չունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծ: Կան միայն 4 խորհրդարանական խմբակցությունների ներկայացրած գաղափարները:



ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտնեց, որ իրենց համար հասկանալի չէ՝ մե՞կ նախագիծ է ներկայացվելու, թե՞ երկու։ «Եթե երկու նախագծով ենք ներկայանալու, բանավեճը տեղափոխվելու է ԱԺ։ Հայտնի չէ, թե ինչ ելք կունենա այդ քննարկումը»,- նշեց նա։ Ռուստամյանի համար պարզ չէ նաեւ, թե կառավարության ԸՕ նախագծի պատվերը որտեղից է գալիս. «Անհասկանալի է դառնում․ եթե կառավարությունը, ի վերջո, ինքնուրույն նախագիծ է բերում՝ հենվելով այն նույն քաղաքական ուժերի վրա, որոնք նույն քննարկումներն անում են այլ ձեւաչափով, ապա նախագծի պատվերը որտեղի՞ց է գալիս։ Քանի որ այն քաղաքական ուժերը, որ ԱԺ-ում կան, արտացոլված են նաեւ կառավարությունում՝ բացի ՀՀԿ-ից»:



ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ երկու նախագծի դեպքում Դաշնակցությունը դժվար դրության մեջ է հայտնվելու: «Երբ կառավարությունը ներկայացնի իր նախագիծը, մենք պետք է պաշտպանենք այն դրույթները, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք ասում ենք, որ ավելի լավ է բոլորս համադրենք մեր մոտեցումները եւ հանգենք կոնսենսուսային նախագծի։ Մենք ինքնանպատակ չենք պաշտպանի որեւէ նախագիծ։ Մենք հակված ենք լինելու պաշտպանել այն նախագիծը, որտեղ ներառված կլինեն մեր առաջարկները, բայց պատրաստ ենք գնալ հղկման»։ Ռուստամյանը կոչ արեց՝ թող ոչ մեկը չսեփականացնի ճշմարտությունը, չպարտադրի իր տեսակետը․ «Դա երբեք լավ տեղ չի տարել։ Միշտ պետք է փոխզիջումների ճանապարհով գնանք։ Անզիջում դիրքորոշումը խափանում է կոնսենսուսի հնարավորությունը»։



Այդուհանդերձ, այս «բազառում» ամենանվաստացած կողմը ՀՀԿ-ն է, որը թեպետ ԱԺ-ում ունի մեծամասնություն, սակայն, քաղաքական իրողություններով պայմանավորված, դա ոչ մի դեր չի խաղում, եւ նրանք անգամ չեն կարող պնդել, որ չեն ընդունի կառավարության առաջարկած նախագիծը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հույս ունի, որ, ի վերջո, կգան համաձայնության եւ կձեւավորեն կոնսենսուսային նախագիծ, մինչ այդ նա զգուշության կոչ արեց որոշ անձանց։ «Ես չգիտեմ՝ քաղաքական գործիչ է, թե հասարակական սեկտորի անդամ, բայց պետք է իր հայտարարություններում զգուշավոր լինի։ Կան մարդիկ, ովքեր չեն պատկերացնում ԱԺ-ի դերն ու նշանակությունը եւ պետք է իմանան, որ օրենքները մշակվում եւ ընդունվում են ԱԺ-ում․ սա է օրենքների դարբնոցը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ գործընթացը «նորմալ, տրամաբանական» շարունակություն կունենա։ Մեր հարցին՝ եթե, այդուհանդերձ, կառավարությունը հաշվի չառնի ՀՀԿ-ի առաջարկները, իրենք կարո՞ղ են դեմ քվեարկել ու տապալել ԸՕ նախագիծը, թե՞ քաղաքական նոր իրավիճակում ՀՀԿ-ին կստիպեն, որ կողմ քվեարկի։



Բաղդասարյանն այսպես պատասխանեց․ «Ինձ համար անցանկալի կլինի, որ նման քաղաքական փաստաթուղթ, որն ԸՕ-ն է եւ միջազգային հարթակներում եւս ներկայացվելու է, կոնսենսուսով չլինի։ Նախորդ անգամ մենք ահռելի աշխատանք ենք կատարել, եւ նույն հարթակներում մեր ներկայացրած նախագիծը բավականին դրական արձագանք էր գտել թե՛ Վենետիկի հանձնաժողովում, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի։ Ես կարծում եմ, որ մենք կոնսենսուսի կգանք, հակառակ դեպքում այլընտրանքային տարբերակ կլինի, բայց դա ցանկալի չէ»։ Հետեւաբար, ինչո՞վ է պայմանավորված կառավարության ներկայացուցչի ինքնավստահությունը, երբ հայտարարում է, թե ԱԺ աշխատանքային խմբի հետ «բազառ» չեն անելու եւ սեփական իդեաներն են կյանքի կոչելու՝ այն պարագայում, երբ այդ նախագիծն ընդունողը խորհրդարանն է՝ ի դեմս մեծամասնության։ «Դա իրենց պետք է հարցնեք, բայց, կրկնում եմ՝ ԸՕ-ն քմահաճույքներով ու նախասիրություններով չի կարելի ձեւավորել»։ Նկատեցինք, որ ռեյտինգային ընտրակարգի հարցում կառավարության եւ ՀՀԿ-ի տեսակետները տրամագծորեն տարբերվում են, ու այս հարցում դժվար թե կոնսենսուս լինի, ՀՀԿ-ն քվեարկությամբ կտապալի՞ իր համար ոչ ընդունելի նախագիծը։ «Ես չէի ասի հակասություն, մենք այդտեղ էլ կարող ենք գալ ընդհանուր հայտարարի»։



Այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով բոլոր հարցերին պատասխանում էր, թե ինքը գործուղման է եղել, նոր է վերադարձել Հայաստան եւ չի տիրապետում իրավիճակին։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ երկու նախագիծ ներկայացվի ԱԺ, նախարարն ասաց, թե կքննարկեն, կծանոթանա իրավիճակին, նոր կպատասխանի մեր հարցերին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**