Հերթական աղմուկը Կարեն Դեմիրճյանի կառուցած շենքի շուրջն է

Հերթական աղմուկը Կարեն Դեմիրճյանի կառուցած շենքի շուրջն է
Երեւան քաղաքի Զարոբյան 10/1 հասցեում գտնվող շենքի բնակիչներից մեկն ահազանգեց, որ հարեւաններից երկուսը շենքի ձեղնահարկում շինարարություն են սկսել եւ պատրաստվում են շենքի վրա եւս 2 հարկ ավելացնել։ Ամենօրյա աղմուկից եւ, իրենց բնորոշմամբ, ապօրինի շինարարության հանգամանքից զատ, բնակիչներին անհանգստացնում է նաեւ այն, որ շենքն ունի պատմական նշանակություն․ այնտեղ է բնակվել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Բնակիչներից մեկի փաստաբան Աննա Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունն ապօրինի է, քանի որ չկա բնակիչների համաձայնությունը, իսկ այն ստորագրությունները, որոնք ներկայացվել են քաղաքապետարան՝ շինթույլտվությունը ստանալու համար, վաղուց արդեն անվավեր են։



Ըստ փաստաբանի՝ ստորագրությունները բնակիչներից հավաքվել են 2013 թվականին՝ շենքի ձեղնահարկը վերանորոգելու համար, ընդ որում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվել է 2 տարի ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2015 թվականը, մինչդեռ շինարարությունը սկսվել է 2018 թվականին։ Փաստաբան Աննա Մարգարյանը նաեւ ասաց, որ ներկայացվել են բողոք-դիմումներ համապատասխան մարմիններին՝ ՀՀ վարչապետ, ոստիկանություն, ԱԱԾ, քաղաքապետարան, Երեւանի ավագանի, նաեւ հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան։



Կառուցապատումն իրականացնող բնակիչներից մեկը՝ Վյաչեսլավ Անանյանը, մեզ հետ զրույցում ճիշտ հակառակը պնդեց։ Նրա խոսքով՝ իրենք ունեն բնակիչների նոր ստորագրություններ, սեյսմիկ անվտանգության փորձաքննության եզրակացություններ, իսկ շենքի արտաքին դիմագծի մասով էլ ասաց, որ առաջին շքամուտքը բարձրությամբ հավասարվելու է երկրորդին, այսինքն՝ շտկելու են ճարտարապետական «բացը»․ «Շենքի շինարարության թույլտվությունը, որը կցված է նախագծին, թյուրիմացություն է եղել, թե շփոթմունք, չեմ կարող ասել, իրենք փոխանակ այդ ալբոմի մեջ փակցնեին այն թույլտվությունը, որը որ տրված է 2018 թվականին, շփոթմամբ կցել են 2015-17 թվականների թույլտվությունները։ Համապատասխան թույլտվությունն ու սեյսմիկ եզրակացությունը կան, որը նաեւ հարեւանների մոտ ես տվել եմ, իսկ դրանց բնօրինակները գտնվում են քաղաքապետարանի համապատասխան վարչություններում։ Պետք է ասեմ, որ ժամկետի տեսակետից որեւէ խնդիր չկա։



Նախագիծը կազմվել է 2017 թվականից, հարեւանների ստորագրությունը, բոլորինը 100 տոկոսով ապահովված է։ Շինթույլտվությունը եղել է 2013 թվականին, բայց թարմացվել է 2017 թվականին։ Ես նաեւ դիտողություն ունեմ ասելու քաղաքապետարանին, սեյսմիկ եզրակացությունը քաղաքապետարանը հիմք չի ընդունել պարզապես, փոխանակ 2018 թվականի սեյսմիկ եզրակացությունը դներ այդ ամբողջ փաթեթի մեջ, քաղաքապետարանի համապատասխան բաժինը դրել է 2015-16 թվականներինը։ Ես նաեւ դրանք ունեմ, եւ այն հարեւաններին, որոնք անհանգստացած էին, նաեւ դա եմ տվել։ Ես կարող եմ այդ բոլորը Ձեզ էլ ցույց տալ, բայց որ տպավորություն չստեղծվի, որ ես մախինացիաներ եմ անում ժամկետներում, Դուք կարող եք դիմել քաղաքապետարան, եւ նրանք Ձեզ կտրամադրեն»։



Շենքի դիմագծի պահպանման մասով էլ Վյաչեսլավ Անանյանն իր մոտեցումները ներկայացրեց․ դիմագիծը պահպանվելու է, դեռ ավելին՝ մի բան էլ ամրացվելու է․ «Շենքի ընդհանուր դիմագիծը պահպանվելու է, 1-ին շքամուտքի ընդհանուր բարձրությունը չի գերազանցելու 2-րդ շքամուտքի բարձրությանը։ Ես կարող եմ նաեւ հավաստի տվյալներ ասել, որ շենքի 5-րդ հարկը տարիների ընթացքում անընդհատ խոնավության մեջ է եղել, ծածկի թերացում կար, չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել դրանում, կաթոցներ կային, բետոնի թուլացում։ Ես չեմ ասում, որ շինարարությունը սկսել եմ, որ բետոնն ամրացնեմ, պարզապես շինարարության հետ մեկտեղ ամրացնում ենք նաեւ 40 տարեկան շենքը։ Այն թերությունները, որոնք ժամանակին չէին կարողացել վերանորոգել, նորացնել, այսօր դա իրագործվում է ներկա ճարտարապետությամբ, այսինքն՝ առողջացման պրոցես է գնում»։



Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ, ով ապրում է այս շենքում։ Նա գանգատվեց ընթացող շինարարությունից, սակայն մինչ այդ փոքրիկ պատմական անդրադարձ կատարեց շենքի կառուցման ու այնտեղ բնակված մարդկանց մասին․ «Էս շենքը կառուցվել է սովետական Հայաստանի պարտիական վերջին նոմենկլատուրայի համար, ընդ որում՝ բարձրաստիճան։ Բոլորը ոչ այնքան բարելավ պայմաններում էին, եւ Կարեն Սերոբիչը սարքեց էս շենքը։ Այստեղ բնակվում էինք մենք, այսինքն՝ Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Սարկիսովը, Հարությունյանը՝ բոլոր առաջին դեմքերը։ Պատահական մարդիկ այստեղ չեն եղել, բոլորը՝ այդ աստիճանի մարդիկ, բոլորը՝ վաստակ ունեցող։



Ընդ որում՝ բնակարանները ստացել են Կարեն Սերոբիչի շատ խիստ պայմանով՝ եթե գալիս են, պետք է իրենց բնակարանները հանձնեն պետությանը։ Եթե թողնում են տղային, որեւէ մեկին՝ անհրաժեշտությունից ելնելով, ուրեմն էստեղ փոքր մակերես են ստանում, եթե լրիվ հանձնում են, ուրեմն համեմատաբար ավելի մեծ մակերես են ստանում, եւ այդ պայմանը կատարվեց, ոչ ոք ոչ մի բան չասաց։ Հիմա էլ էստեղ հուշատախտակներ կան, շենքը կառուցված էր հատուկ նախագծով, ոչ թե այն բանի համար, որ իրենց համար էր կառուցվելու, այլ որ Կարեն Սերոբիչը միշտ ուզում էր ինչ-որ նոր բան անել։ Եվ Ռոմիկ Ջուլհակյանը հատուկ պրոյեկտ արեց՝ այնպես, որ երկու շենքը՝ շքամուտքերը ամրության համար կապվում են մի ընդհանուր կարկասով։ Ես որտեղի՞ց գիտեմ, վերեւում ավագ տղաս՝ Սամվելը, մանսարդ ունի, երբ որ մանսարդը կարգի բերեց, ուզեցավ մի փոքր պատուհան կամ բալկոն անել՝ օդի համար։ Էն ժամանակ ճարտարապետը ողջ էր եւ ասաց, որ չի կարելի, ոչ մի դեպքում, որովհետեւ սա ընդհանուր կապ է, եթե մի տեղ թուլացնեք, դա նշանակում է՝ ամբողջ շենքն եք թուլացնում։ Մենք էլ՝ օրինապաշտ մարդիկ, ձայն չհանեցինք։ Կարեն Սերոբիչին մերժելն այդքան հեշտ չէր, բայց օրենքը՝ օրենք բոլորիս համար, ընդունեցինք։



Հիմա անցան տարիներ, այդ նոմենկլատուրան աղքատացավ, գնացին ծայրամասեր, որպեսզի ապրեն։ Էս երկուսը, ընդհակառակը, փող ունեին, ժամանակակից մարդկանցից էին, գնեցին, ապրում էին, մենք էլ նորմալ ընդունեցինք դա, շատ հարգանքով, շատ հանգիստ, շատ նորմալ, դե, մարդիկ գնել են, իրենց տներն են, բայց անցավ ժամանակ, եւ մենք հասկացանք, որ այդ մարդիկ ոչ միայն իրենց տներն են իրենցը համարում, այլեւ ամբողջ շենքը։ Մեզ՝ բոլորիս, բանի տեղ չեն դնում եկվորները, մնացած պատմությունը Ձեզ արդեն պատմել են»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**