Մանվելի Գրիգորյանի ձեբակալման որոշումն ապօրինի է, այն բողոքարկվել է․ փաստաբան

Մանվելի Գրիգորյանի ձեբակալման որոշումն ապօրինի է, այն բողոքարկվել է․ փաստաբան
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ԱԱԾ-ի իրականացրած բոլոր որոշումները բողոքարկել են։ Այս մասին **Hraparak.am**-ին ասաց Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։



«Բողոքարկել ենք բոլոր որոշումները, խուզարկության համար տրված դատարանի որոշումն էլ, բերման ենթարկելու ձերբակալման որոշումն էլ, բոլորը բողոքարկվել է արդեն դատարան, հիմա՝ մի փոքր անց արդեն մուտք կարվի դատարան»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ բոլորը որոշումները իրենք համարում են ապօրինի։



Թե ինչ հիմքով են ապօրինի համարում այդ որոշումները, պարոն Գրիգորյանն ասաց․ «Ինքը Ազգային ժողովի պատգամավոր է, և իրեն իրավունք ունեն ձերբակալել միայն հանցանքի կատարման ժամանակ, իսկ ինքը էդ ժամանակ, երբ որ բերման է ենթարկվել, գտնվել է Էջմիածնի ԵԿՄ բաժանմունքում, որտեղից ոչ մի բան չի հայտնաբերվել, և մարդը էդտեղ հանցագործություն չի կատարել։ Իսկ որտեղից զինամթերք է հայտնաբերվել այդ վայրում նա չի գտնվել, և այդ վայրում էլ, որքան ես եմ տեղյակ, այլ անձ հայտարարել է, որ դա իրենն է»։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, և եթե որոշվի, որ պետք է կալանավորեն պատգամավորին, դրա համար 72 ժամ ունեն, որ դատախազը դիմի Ազգային ժողովին՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**