Եթե ապացուցվի, որ ՀՀԿ որոշմամբ են մարդկանց ծեծել, ուրեմն դա կուսակցություն չէ, բանդա է

Եթե ապացուցվի, որ ՀՀԿ որոշմամբ են մարդկանց ծեծել, ուրեմն դա կուսակցություն չէ, բանդա է
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծում է, որ կառավարության ծրագրին պետք է վերաբերվել որպես իրավիճակին համապատասխան ծրագիր, քանզի այն սովորական իրավիճակում չի գրվել եւ պատրաստվել է շատ սեղմ ժամկետում։ «Մարդիկ ուզում էին, որ արդարություն լինի, ուզում էին, որ տնտեսական ազատ մրցակցություն լինի, ուզում էին, որ պետական միջոցները, որոնք գողացվել են, վերադարձվեն պետբյուջե։ Այդ ամենի մասին ծրագրում գրված է։ Ավելին՝ դա զուգահեռ արվում է»,- ասաց նա։



**- Բայց արդարություն լինելու, լավ տնտեսություն ունենալու մասին քայլերի որոշակի հաջորդականություն պետք է լինի, թե ինչպես է, օրինակ, արդարություն հաստատվելու։**



Ես համաձայն եմ։ Նախ՝ ինչպե՞ս պետք է լինի արդարություն, շատ ճիշտ հարց եք տալիս՝ գրված է կառավարության ծրագրում, որ այլեւս վարչապետը, կառավարության անդամները զանգ չեն անելու դատավորներին եւ չեն գործելու այս կամ այն կերպ։ Էդ ազատությունը տրված է լինելու դատական համակարգին։



**- Այս ծրագրով ՀՀԿ-ին նեղը դնելու որեւէ միտում կա՞, որ նրանք կա՛մ պետք է ընդունեն մի ծրագիր, որով կարծես զվարճացել եք իրենց վրա, կա՛մ պետք է գնան նոր վարչապետ ընտրելու կամ արտահերթ ընտրությունների ճանապարհով։**



Չենք զվարճացել։ Ախր պարզ երեւում էր, որ այս Ագզային ժողովը չի արտացոլում ժողովրդի կամքը։ Էդ կտրվածությունը, էդ օտարվածությունը ես այնքան հաճախ եմ զգացել, նույնիսկ դա իմ վրա է անդրադարձել։ Ու դա ենք ամրագրել հիմա, ու դա է պատճառը, որ անհրաժեշտաբար պիտի լինեն նոր ընտրություններ։



**- Եթե ընտրությունների արդյունքում, օրինակ, ԲՀԿ-ն գա իշխանության, քանզի նման հավակնություններ ունեն, դուք դա ինչպե՞ս կընդունեք։**



Դե, դա ժողովուրդն է ընտրում, քաղաքացիները պետք է որոշեն, բայց կարեւոր է հետեւյալը, որ բոլորի համար պայմանները պետք է հավասար լինեն, պետք է ազատ, արդար ընտրություն լինի։ Այսինքն՝ մենք նույնիսկ քննարկում ենք բարեգործության հարցը, որը շատ բնորոշ է էդ կուսակցությանը, եւ ուզում ենք սահմանափակել։ Դա խնդիր է, որովհետեւ դա չպիտի ազդեցություն ունենա մարդկանց որոշման վրա։



**- ՀՀԿ-ից արդեն պատգամավորներ կան, որ հերթով լքում են խմբակցությունը, եւ շուտով ՀՀԿ-ն կարող է դառնալ փոքրամասնություն խորհրդարանում։ Կարո՞ղ է այս իրավիճակում վերանալ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտությունը, քանզի դուք կունենաք արդեն բացարձակ իշխանություն։**



Կարծում եմ՝ պիտի ընտրություններ տեղի ունենան։ Խնդիրը միայն այն չէ, որ մենք ունենանք մեծամասնություն եւ մեր օրենքներն անցկացնենք։ Ինձ համար շատ կարեւոր է, որ Ազգային ժողովում ամբողջ մթնոլորտն առողջանա, եւ իսկապես լինեն քննադատություններ, քննարկումներ, մարդիկ մասնակցեն, մարդիկ ներկայացնեն իրենց ընտրողների շահերը, իսկապես իրենց ներկայացուցչական մանդատը կարողանան իրացնել։



**- ՀՀԿ խմբակցությունից դուրս եկողները հայտնի օլիգարխներ են, բիզնեսմեններ, կարո՞ղ է նրանք այս քայլով փորձում են շահել նոր իշխանությունների սիրտը, քանզի ԱԱԾ-ն հիմա ստուգումներ է սկսել իրենց բիզնեսներում։ Սա կարո՞ղ է որոշակի ինդուլգենցիա ապահովել նրանց համար կամ կարո՞ղ է սակարկության առիթ տալ նրանց։**



Այդ հարցը, մասնավորապես հարկերը թաքցնելու հարցը, չպիտի առեւտրի առարկա դառնա։ Եթե եղել են թաքցնելու դեպքեր, իսկ դրանք միանշանակ արդեն տեսնում ենք, որ եղել են, դրանք պետք է բացահայտվեն։ Նույնիսկ այդ տնտեսվարողներն իրենք պետք է օգնեն իրավապահ մարմիններին, որպեսզի քննություն անցկացվի, եւ էն գումարները, որոնք չեն վճարվել, պետք է վերադարձվեն պետբյուջե։



**- Ժողովուրդն ուզում էր «անՍերժ Հայաստան», ինչն այս պահին գոնե դե յուրե ունենք։ Իսկ առանց Հանրապետականի խորհրդարան եւ Հայաստան պե՞տք է ունենալ, պե՞տք է իսպառ վերանա ՀՀԿ-ն քաղաքական դաշտից։**



Էս հարցը շատ կարեւոր հարց է, որովհետեւ նախ պետք է քննենք եւ հասկանանք՝ Հանրապետական կուսակցությունն իսկապե՞ս նախկինում գործել է կուսակցության գաղափարի շրջանակում։ Տեսեք՝ ինչ նկատի ունեմ։ Տարոն Մարգարյանի ընտրությունների ժամանակ, որը ՀՀԿ հայտնի ներկայացուցիչներից է, եղել են ընտրակաշառքներ։ Այսինքն՝ կուսակցության խորհրդի մաս կազմող, որոշում կայացնող ներկայացուցչի կողմից եղել է հրահանգ, որ ընտրությունները կեղծվեն, ընտրակաշառք բաժանվեն։ Էս հեղափոխական օրերի ժամանակ բացահայտվեց, որ Տարոն Մարգարյանի մոտ գտնվող անձինք հարձակվել են ցուցարարների վրա։ Հիմա պետք է հասկանալ՝ դա եղել է այդ կուսակցության որոշում կայացնող անձանց հրահանգո՞վ, թե՞ էդ մարդիկ ինքնուրույն մի օր արթնացել են ու որոշել են գնալ եւ ցուցարարներին ծեծել։ Այսինքն՝ եթե մենք կարողանում ենք ապացուցել ի վերջո, որ էդ կուսակցության որոշում կայացնող անձինք նման եղանակներով են հարցեր լուծում, ուրեմն իրենց էդ միավորը չի կարող համարվել կուսակցություն, որովհետեւ դա կուսակցություն չէ, դա բանդա է ավելի շատ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**