Տուգանքը երբեք չպետք է լինի այնքան մատչելի, որ մարդիկ 5000 դրամ տան ու ծխեն․ նախարար

Տուգանքը երբեք չպետք է լինի այնքան մատչելի, որ մարդիկ 5000 դրամ տան ու ծխեն․ նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկինում արված հայտարարությանը, թե չսահմանված վայրերում ծխողների նկատմամբ պետք է խոշոր չափի տուգանք սահմանել:



«Եթե որոշենք, որ հանրային վայրերում ծխելն արգելված է, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկենք, որ արգելքը չխախտվի: Եթե ուզում ենք, որ արգելքը խախտվի 5000 դրամով, ուրեմն չարգելենք, թող բոլորը ծխեն: Տուգանքը չպետք է լինի վճար՝ ծառայությունից օգտվելու համար: Տուգանքը երբեք չպետք է լինի այնքան մատչելի, որ մարդիկ 5000 դրամ տան ու ծխեն: Տուգանքի չափերը պետք է նայել միայն այս տրամաբանության մեջ»- ասաց Թորոսյանը:



Նախարարի խոսքով՝ հաստատությունը ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր տարածքում չծխեն, ոչ թե անձը, որը գնում է որևէ վայր, մտածի այդտեղ չծխելու մասին:



Բայց հիմա նախարարությունը նախատեսում է չծխելը խրախուսող միջոցառումներ անցկացնել մանկապարտեզներում, դպրոցներում և տարբեր հաստատություններում:



«Շատ ավելի դժվար է հասուն մարդուն ստիպել հրաժարվել ծխելուց, քան վաղ տարիքից երեխաների հետ աշխատել ու նրանց մեջ սերմանել, որ ծխելը վնասակար է»,-ասաց Թորոսյանը՝ նկատելով, որ այս առումով կարևոր է փոքր տարիքից երեխաների հետ աշխատանք տանել այս ուղղությամբ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**