ՀՀԿ-ի հորդորո՞վ են պատգամավորները լքում խմբակցությունը

ՀՀԿ-ի հորդորո՞վ են պատգամավորները լքում խմբակցությունը
ՀՀԿ-ում մտահոգված են ու անհանգիստ, որ իրենց շարքերը հերթով լքում են պատգամավորները, ինչի արդյուքնում շուտով ՀՀԿ-ն ԱԺ-ում կդառնա փոքրամասնություն՝ կորցնելով իր լծակները։



Այդ անհանգստությունը զգացվում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վարքից, ով նյարդային էր երևում այսօր լրագրողների հետ զրույցում, ինչը Բաղդասարյանից չէր։



Բայց փորձում էր, ու, առհասարակ, ՀՀԿ-ում բոլորն են փորձում ցույց տալ, թե այս ամենն իրենց կողմից ուղղորդված պրոցես է, որ իրենց ցուցումով են այդ պատգամավորները հերթով դուրս գալիս ՀՀԿ խմբակցությունից։ Հիշեցնենք, արդեն հինգ պատգամավոր է դուրս եկել ՀՀԿ խմբակցությունից, մի քանի գործարար պագամավորներ էլ պատրաստվում են այսօր-վաղը հայտարարել դուրս գալու մասին։



«Մենք ենք իրենց հորդորել, և այն բոլոր պատգամավորներին, ձեր ձևակերպմամբ ասած՝ բիզնեսի մարդկանց մենք ասել ենք, որ եթե դուք խանգարող հանգամանքներ, ազատ են, մենք որևէ մեկից կառչած չենք․․․»,-ասաց Բաղդասարյանը։



Նա նշեց, որ Ֆելիքս Ցոլակյանն ինքն է իր կամքով հեռացել խմբակցությունից, և այդ մասին ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Ցոլակյանի հետ, իսկ Շիրակ Թորոսյանը չի հեռացել, իրենք են նրան հեռացրել խմբակցությունից։



«Մենք որևէ ձևով դա հիվանդագին և ցավալի չենք տանում, և դա նորմալ ենք համարում, շատ բնականոն, և նաև որպեսզի իշխանությունն իրեն վստահ զգա, մի փոքր կաշկանդվածություն կա, որ կազուս է առաջանում, պատկերացնո՞ւմ եք, ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժն այսօր միայնակ մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։



Իսկ քանի՞ հոգի կմնա խմբակցությւոնում այս հեռացումներից հետո, Բաղդասարյանն ասաց․ «Եթե մեք շատ չստիպենք, 54 հոգի կմնա»։



Hraparak.am-ը հետաքրքրվեց Բաղդասարյանից, թե ինքը վերահաստատո՞ւմ է իր այն միտքը, որ ՀՀԿ-ն 2022 թվականի հերթական ընտրություններին է պատարստվում, ոչ թե արտահերթի, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Հենց էս պահին էլ ենք 2022 թվին պատրաստվում, փաստաթուղթ չկա։ Այ, երբ որ կլինի առաջարկություն և կլինի փաստաթուղթ, կքննարկենք»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**