ԱԱԾ տնօրենը «տրամաբանորեն չի խոսում», իսկ փաստեր դեռ չունի

ԱԱԾ տնօրենը «տրամաբանորեն չի խոսում», իսկ փաստեր դեռ չունի
ԱԱԾ-ի համար, պարզվում է, դժվար է բացահայտել, թե ովքեր են կանգնած կոռուպցիոն այն սխեմաների հետեւում, որոնք իրենք այս օրերին բացհայտեցին՝ «Նորֆոլկը», «Երեւան սիթիի» եւ մյուս ցանցային սուպերմարկետների ԱՁ-ները եւ այլն։ Այս մասին բառացիորեն խոստովանեց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը․ «Իրավական առումով բոլորն ասում են՝ էսինչ գործի հետեւում կանգնած է էսինչ մարդը, բայց, հավատացեք՝ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավականին բարդ է եւ գրեթե անհնար։ Իսկ այն մարդիկ, որոնց անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ, ոչ արդարացի է»։



Մենք նկատեցինք, որ ԱԱԾ-ի գործառույթը հենց ամենադժվար բացահայտելին բացահայտելն է, ի վերջո՝ դրա համար են նրանք փող ստանում բյուջեից։ Վանեցյանը փորձեց ծեծված խոսքերով «պարզաբանել»․ «Հարգելի լրագրողներ, ԱԱԾ-ն իրականացնում է իր գործառույթները, օրենքով վերապահված լիազորությունները ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն…»։ Հարցրինք՝ ինքն ունի՞ քաղաքական կամք այնքան, որ ԱԱԾ-ի բացահայտումներում հասնեն նախկին ու ներկա իշխանությունների անգամ ամենաբարձր օղակներին՝ ով էլ որ լինի։ «Այո, Ձեզ հավաստիացնում եմ, որ ցանկացած պաշտոնյա՝ ներկա, թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, եւ կլինեն բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու է»,- ասաց նա։



Բայց նախորդ իշխանություններն էլ էին բավարար հիմքերի բացակայության մասին խոսում, հիմքերն այդպես էլ չէին գտնվում։ «Ես նախորդների մասին չեմ ասում, կանցնի ժամանակ, կտեսնեք փաստեր, եւ եթե չեն լինի արձագանքներ, ես էլի գալու եմ ստեղ, գալու եմ կառավարություն, հնարավորություն եք ունենալու հարցեր տալ»,- ասաց ԱԱԾ տնօրենը։ Ապա անուղղակիորեն խոստովանեց, որ իրեն հիմա ասել են՝ բացահայտել, ընդգծելով, որ երկու ամիս առաջ չուներ այս տվյալները, որ բացահայտեր, ինչպես նաեւ՝ իր գործառույթների մեջ չի մտել։ Իսկ ԱԱԾ ղեկավարությունն ունե՞ր այդ փաստերը։ ԱԱԾ ղեկավարն ասաց․ «Ես չգիտեմ, իրենց հարցրեք»։ Այսինքն՝ քաղաքական հրահա՞նգ է եղել, որ այդ փաստերը ձեռք բերվեն։ «Քաղաքական հրահանգ չի կարող լինել ԱԱԾ-ին։ ԱԱԾ-ն քաղաքականությունից դուրս է»։



Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ իշխանության օրոք ԱԱԾ-ն նման բացահայտումներ չէր անում, իշխանությունը փոխվեց, եղավ հանձնարարական, սկսեց բացահայտել։ ԱԱԾ տնօրենի գործողություններն ու քայլերն այս հարցում էապես հակասում են իրար։ Ի դեպ, Արթուր Վանեցյանը քանիցս խուսափեց նաեւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերից, երբ հետաքրքրվեցինք՝ տրամաբանորեն կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը տեղյակ լինել պետական խոշոր մասշտաբի կոռուպցիոն սխեմաներից։ «Ես տրամաբանորեն չեմ խոսում, խոսում եմ փաստերով»,- բացահայտեց ԱԱԾ տնօրենը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**