Պատգամավորի որդու հանդեպ հետախուզում են հայտարարել

Պատգամավորի որդու հանդեպ հետախուզում են հայտարարել
ԲՀԿ-ական պատգամվոր, նախկինում Վայոց Ձորի մարզպետ **Սերգեյ Բագրատյանի** որդու՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ հարկային հետախուզում է հայտարարվել։ Նա խնդիրներ ունի հարկերի չվճարման եւ, ըստ այդմ՝ հարկային մարմինների հետ կապված, որն առնչվում է իր բիզնես գործունեությանը։ Դրանց արդյունքում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ հետախուզում հայտարարվել։ Մեր այս տեղեկությունը հաստատեց հայրը՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում։



«Եղել է նման բան, հիմա չգիտեմ՝ հանել են, թե չէ։ Այսինքն՝ ինչ է եղել, իրենք հարկային տեռոր են արել, ակտ են գրել, որի հետ որդիս չի համաձայնել, հետո գնացել է Ամերիկա ու էլ չի եկել։ Ինձ մի անգամ ասացին՝ հետախուզում կա, պիտի գա ներկայանա, որովհետեւ ոնց որ սնանկ են ճանաչել ընկերությունը։ Ես էլ ասացի՝ ես էդ գործով իրավաբաններ կուղարկեմ, կաշխատեն, բայց հանել են հետախուզումը, թե չէ՝ տեղյակ չեմ, պիտի հարցում անեմ՝ պաշտոնապես պատասխանեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը։ Նա նշեց, որ այս գործն ունի մի քանի ամսվա պատմություն՝ 2017-ի հոկտեմբերից է սկսվել, երբ որդին փորձել է առեւտրային նպատակով Թուրքմենստանից որոշակի քանակի դիզվառելիք ներկրել Հայաստան։



«Ինքը դիզվառելիք էր ներկրել, իրենք էլ (նկատի ունի՝ ՊԵԿ-ին, հարկային մարմիններին) փակել էին սահմանն իր առջեւ, թույլ չէին տվել բերել, մեքենաները մնացել էին սահմանին, հսկայական տուգանքներ էին առաջացել, հետո սահմանը պաշտոնապես փակեցին, Կարեն Կարապետյանի օրոք էր, ու թույլ չտվեցին ներկրել։ Դրա արդյունքում որդիս մեծ գումարներ կորցրեց, որոնք վճարել էր Թուրքմենիային, որ Իրանով բերեր, ու նաեւ հսկայական տուգանքներ վճարեց, էդ սաղ մնաց իր վրա, հարկային բեռն էլ ավելացավ, եկան ակտ գրեցին, չհամաձայնեց ու թքեց հեռացավ երկրից»,- ասաց պատգամավորը։



**- Ինչ-որ անօրինական գործողությո՞ւն էին հայտնաբերել այդ վառելիքի ներկրման մեջ։**



Չէ, իրենք նպատակային, կոնկրետ ասում էին, որ մենք հստակ պատվերով եկել ենք, իրենք բերանացի ինձ էլ են ասել՝ մենք պատվեր ենք կատարում։



**- Ո՞ւմ պատվերն էին կատարում։**



Իշխանության պատվերը, ո՞վ ա վառելիքի մենաշնորհի տերը։



**- Մենաշնորհ՝ չգիտեմ, բայց խոշոր ներմուծողներից են «Ֆլեշը», CPS-ը…**



Դե պրծավ գնաց, «Ֆլեշն» էլ գործը տվել էր, սաղ երկիրը գիտի էդ մասին։ Սա մենաշնորհային դիմադրություն էր, որը չթողեցին ճեղքել մենաշնորհը։ Իրենք բոլոր հնարավոր օրինական եւ անօրինական գործողություններն արել են։



**- Իսկ դիմե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք դիմել Նիկոլ Փաշինյանին այս հարցով։**



Անպայման դիմելու եմ, իհարկե։



**ՀԳ.** _Մենք փորձեցինք զրուցել նաեւ Ֆլեշի Բարսեղի հետ՝ լսել նրա կարծիքը իրեն ուղղված մեղադրանքների կապակցությամբ, բայց նա, լսելով «Հրապարակ» թերթի անունը, լկտի հայհոյանք տվեց թերթի հասցեին՝ իրեն պահելով փողոցային խուժանի նման, ու անջատեց հեռախոսը: Մենք նրան համարժեք չենք պատասխանում միայն մի պատճառով՝ այս օրերին այնքան հայհոյանք է տեղացել Ֆլեշի Բարսեղի եւ նրա «պապաների» հասցեին, որ դա նրանց լիուլի բավական է հետագա ողջ կյանքի համար։_



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**