Նոր կառավարության ծրագրում կպահպանվեն նախորդի մոտեցումները

Նոր կառավարության ծրագրում կպահպանվեն նախորդի մոտեցումները
_Նոր կառավարությունը հունվարի 31-ին պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Այն, ինչպես հասկացանք __**Ատոմ Ջանջուղազյանի**__ հետ մեր զրույցից եւ ինչպես ենթադրելի էր, հիմնական շեշտադրումներով շատ չի տարբերվի նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրից, որը գրվել էր 2017-2022 թվականների համար։ Հիշեցնենք․ նախորդ կառավարության ծրագրով, որպես միջնաժամկետ տնտեսական աճի ցուցանիշ, կանխատեսված էր միջինը 5-5.5 տոկոս։_



**-Պարոն Ջանջուղազյան, հիմա նոր վարչապետը, որը կառավարության ղեկը ստանձնեց ֆորսմաժորային իրավիճակից հետո, նոր ծրագիրը ներկայացնելու է էլի երկարաժամկե՞տ, կոնկրետ մեկ տարվա կտրվածքով։**



-Եթե օրենքով առաջնորդվենք, ինքն իր ամբողջ գործունեության ընթացքի համար կարող է իր ծրագիրը ներկայացնել կառավարությանը, դա կարող է լինել 4 տարի, 5 տարի… ավելին, կառավարությունը սահմանափակում չունի՝ ներկայացնելու 15 տարվա տեսլական։



**-Հիմա, եթե նոր վարչապետը հինգ տարվա ծրագիր ներկայացնի, ու մեկ տարի հետո նորից կառավարություն փոխվի, կարո՞ղ է նոր վարչապետը հիմնվել նախորդի ներկայացրած ծրագրի վրա։ Այստեղ հակասություն չի՞ առաջանա։**



-Ես չեմ կարծում, որ հակասություններ կան։ Նախ՝ ելնելով նրանից, որ ծրագրային դրույթները, որպես կանոն, բոլորն էլ չափազանց լավն են եւ միայն դրական սպասումներով են լցված, որը շատ նորմալ է։



**-Այսինքն՝ հիմա շա՞տ կտարբերվի Կարեն Կարապետյանի ծրագրից Նիկոլ Փաշինյանի բերած ծրագիրը։**



-Ես, ախր, չգիտեմ՝ ոնց եք չափելու, էլի, շատն ու քիչը։



**-Քաղաքական առումով ասեմ՝ նոր իշխանությունները դժգոհ են եղել նախորդ կառավարությունից, ըստ այդմ՝ նաեւ նրանց ներկայացրած ծրագրից, հիմա նրանք ամբողջությամբ կփոխե՞ն այդ ծրագիրը, որովհետեւ ամբողջությամբ վա՞տն էր, թե՞ կհիմնվեն որոշ դրույթների վրա, որոնք գուցե վատը չեն եղել։**



-Չի կարող որեւէ բան լինել բացարձակ վատը կամ բացարձակ լավը։ Իհարկե, կլինեն կրկնություններ էլ, նոր բաներ էլ։ Այսինքն՝ էդ նպատակները, որոնք եղել են նախկինում, ենթադրենք, նախկինում ուզել ենք, որ արժանապատիվ կենսակերպ ունենա մարդը, հիմա փոխվելո՞ւ է դա։



**-Դե, դրանք ընդհանրական ձեւակերպումներ են։ Խոսքը կոնկրետ տնտեսական քաղաքականության մշակման մասին է։**



-Քաղաքականության մշակման չէ, ավելի շուտ՝ խնդիրը հանգում է իրականացմանը, այս կամ այն ծրագրի իրագործմանը, քան թե ծրագրային դրույթներին, որովհետեւ ծրագրային վատ դրույթ երեւի, որ վերցնեք, Հայաստանի ամբողջ անկախ պատմության մեջ չեք գտնի վատ դրույթ։ Կարծում եմ՝ ավելի շատ հարցը դրան է հանգում, թե ինչպես հասնել էդ նպատակներին, քան թե այն, որ նպատակները վատն են։ Ինչո՞ւ պիտի վատ նպատակ ունենա կառավարությունը, կարո՞ղ եք ասել։



**-Ի դեպ, ովքե՞ր են գրում նոր ծրագիրը, ամեն գերատեսչություն իր մասո՞վ։**



-Հա, իհարկե, բոլորով՝ ամեն մեկն իր մասով։



**-Հիմա ձեր մասով տարբերություն շա՞տ է լինելու նախորդ կառավարության ֆիննախի գրած ծրագրի համեմատ։**



-Ես ասացի, որ մենք էդ մոտեցումները պահպանում ենք, որովհետեւ մենք հարկաբյուջետային քաղաքականությունը տենց ենք հասկանում։ Եթե որեւէ մեկը կգտնի բացատրություն, հիմնավորում, որ մենք սխալ ենք հասկանում, ավելի լավ կարող է դա լինել, մենք պատրաստ ենք քննարկել եւ վերանայել։ Այսինքն՝ էն մոտեցումը չէ, որ մենք ինչ որ ասում ենք, դա վերին ատյանի ճշմարտություն է։



**-Այսինքն՝ նախկին ծրագրի մոտեցումները պահպանվելու են։**



-Այո, իհարկե, այսինքն՝ մենք վա՞տ բան ենք ասում, երբ ասում ենք՝ պետք է պարտքը կայուն լինի, կամ մակրոմիջավայրը կայուն լինի։



**-Ի դեպ, ֆինանսների նախկին նախարարն ասում էր՝ պետք է կապիտալ ծախսերն ավելացվեն, ընթացիկները մնան հետո, ու այդպես էլ եղավ, հիմա այդ մոտեցումը, օրինակ, կպահպանվի՞։**



-Դե, էդ եմ ասում, էլի։ Մենք շարունակում ենք էդ մոտեցմամբ առաջարկել հարկաբյուջետային քաղաքականությունը, բայց դա չի նշանակում, որ չեն կարող լրացուցիչ եկամուտներ առաջանալ, չի կարող վերանայվել հարկային օրենսդրությունը, դրա հաշվին լրացուցիչ եկամուտներ առաջանալ եւ, մի կողմից՝ դրա հաշվին, մյուս կողմից էլ՝ ծախսերի կառուցվածքը վերանայելու հաշվին, օրինակ, բարձրացնել թոշակներն ինչ-որ չափով, ինչ-որ ժամանակ․ դա կլինի էս տարի, մյուս տարի, էական չէ, էլի։ Բայց որ դա որպես նպատակ մենք ունենք, ոչ մեկը չպիտի կասկածի դրանում։



**-Կառուցվածքային առումով շատ բան չի փոխվելու, մի խոսքով։**



-Ես չեմ կարող ասել՝ շատ բան ինչ նկատի ունեք, բայց ես կարծում եմ, որ՝ այո, վերաբերմունքը, որ մենք պիտի փորձենք ամեն ինչ անել, որ լավ լինի, չի փոխվելու։ Ինչ կստացվի՝ Աստված մեզ հետ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**