Կամ Հակոբ Հակոբյանին խմբակցությունում չեն հարգում, կամ նա թքած ունի ժողովրդի վրա

Կամ Հակոբ Հակոբյանին խմբակցությունում չեն հարգում, կամ նա  թքած ունի ժողովրդի վրա
Մայիսի 3-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդիպել էր վարդենիկցիների հետ։ Բանն այն է, որ մայիսի 1-ին՝ երբ Հակոբ Հակոբյանը դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այդ պատճառով վարդենիկցիները կասեցրել էին Հակոբյանին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը։ Վարդենիկցիները պատրաստվում են ևս մեկ անգամ կասեցնել ջրամատակարարումը, քանի որ, ինչպես իրենք են ասում, Հակոբյանը խաբել է իրենց և այլևս չպետք է իրենց պատգամավորը լինի։ Դեռ ավելին՝ ստորագրահավաք է նախապատրաստվում՝ Հակոբ Հակոբյանին մանդատից հրաժարվելու պահանջով։ Վարդենիկում գործող «Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ Արտուշ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նույն պահանջով իրենց են միացել նաև մյուս գյուղերը՝ Երանոս, Ծակքար, Գետաշեն, Արծվանիստ, Մարտունի քաղաքը և այլն։ Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Արտուշ Խաչատրյանի հետ․



**- Դուք օրեր առաջ փակել էիք ՀԷԿ-ի ջրամատակարարումը։ Այդ օրերին համահայկական շարժում կար և կոնկրետ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկել։ Այժմ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում, հիմա ի՞նչ պահանջ եք ներկայացնում Հակոբ Հակոբյանին։**



**-**Պահանջը հիմա ոչ միայն մեր Վարդենիկ գյուղինն է, այլ նաև մյուս գյուղերից էլ են զանգում մարդիկ։ Ոչ թե պահանջը հիմա միայն ՀԷԿ-ն է, պահանջը այն է, որ Հակոբ Հակոբյանը խոստացավ, որ պետք է քվեարկեր, բայց չքվեարկեց, այսինքն՝ բոլորին ինքը խաբեց, ՀԷԿ-ը երկրորդ պլանում է հիմա։ Ինքը ասաց, որ քվեարկելու է, ու հիմա վրդովմունքը ամբողջ տարածաշրջանինն է, ոչ թե ՀԷԿ- համար, այլ որ նա որպես պատգամավոր իր խոստումը չի կատարել։



**- Այնուամենայնիվ պետք է պահանջ ներկայացնեք Հակոբ Հակոբյանին, այսինքն՝ ի՞նչ պետք է նա անի, որպեսզի ջրամատակարարումը կրկին բացեք։**



-Պահանջը էն ա, որ ժողովուրդը չի ուզում, որ Հակոբ Հակոբյանը այլևս մեր պատգամավորը լինի։



**- Այսինքն՝ մանդատը վայր դնելու պահա՞նջ եք ներկայացնում։**



-Այո, մանդատը վայր դնելու պահանջ կա, ու նաև մարդիկ տարբեր գյուղերից ասում են, որ եթե հարկ լինի, ամբողջ գյուղով ստորագրահավաք կանեն։ Այստեղ միայն Վարդենիկի խնդիրը չի։



**- Տարածաշրջանից ընտրված ևս մեկ պատգամավոր կա, միայն Հակոբ Հակոբյանի՞ն է ուղղված մանդատը վայր դնելու ձեր պահանջը։**



-Էս պահի դրությամբ մենակ իրեն ենք ներկայացնում, քանի որ ցուցակի մեջ պարզ երևաց, որ ինքը չէր ընտրել, բայց խոստացել էր։ Ռաֆիկ Գրիգորյանի մասին էլ խոսք կա, բայց էս պահի դրությամբ մենակ Հակոբյանի մասով են խոսում ժողովուրդը։ Ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, այդ ամենը հրապարակել եմ։



**- Քանի որ երկրում արդեն դե յուրե իշխանափոխություն է տեղի ունեցել, Վարդենիկի համայնքապետը փոխե՞լ է իր դիրքորոշումը ձեր այդ նախաձեռնությունների մասով։**



-Մեր համայնքապետն էլ, ինչպես մյուս բոլոր համայնքապետերը, սկզբից դեմ էր, որ ինչ-որ բան չլինի, քանի որ ինքը չէր հավատում, որ իշխանափոխություն կարող ա լինի, բայց հետո արդեն ժողովրդի կողմն է անցել։ Ինքը ոչ մի բանի չի ուզում դեմ լինի, որը որ ժողովրդի հետ ա կապված, քանի որ բոլորին էլ պարզ դարձավ, որ ժողովրդի պահանջը արդարացի է, ու ժողովուրդը հիմա որևէ վախենալու բան չունի։



**- Հակոբ Հակոբյանը ձեզ խոստացե՞լ է, որ ինքը անձամբ կողմ է քվեարկելու։**



-Ինքը մեզ հարց տվեց՝ «Ժողովուրդ, դուք ինձ դեմ եք, քանի որ ես Նիկոլին դե՞մ եմ քվեարկել», բոլորը ասել են՝ այո, հետո ինքը ասաց՝ «բա դուք ինձ ինչի՞ 20 ժամ չեք տալիս, որ ես դառնամ ձեր ուզածով քվեարկող պատգամավորը»։ Այսինքն՝ ինքը փոշմանել է և 20 ժամ հետո պետք է դառնա կողմ քվեարկող։ Ու վերջում էլ ինքը ասում է, որ էդ 55 պատգամավորները, ովքեր չքվեարկեցին Նիկոլի օգտին, այդպես արեցին, որ ապրիլի 8-ին քվեարկեն։ Եթե բառացի վերցնենք, ապա նա չի ասել, որ կքվեարկի, բայց ինչպե՞ս կարելի է դա հասկանալ, պետք է մի ամբողջ տարածաշրջանի բացատրես Հակոբ Հակոբյանի բառախաղե՞րը, թե ինչ նկատի ուներ դա ասելով՝ կուսակցությունն է ընտրելու, թե ինքը։ Վրդովմունքի պատճառը սա է, ժողովուրդը, որը հիմա ոտքի ա կանգնել, ասում է՝ երկու տարբերակ կա՝ կամ Հակոբ Հակոբյանին իրենց խմբակցությունում չեն հարգում, որ գոնե էս պարագայում կողմ քվեարկողներից մեկը ինքը լիներ , կամ ինքը ընդհանրապես թքած ունի ժողովրդի վրա, երկու դեպքում էլ ինքը արդարացում չունի։ Այսինքն՝ եթե ինքը էդ խմբակցությունում էդքան հարգանք չունի, որ էդ 10+1 քվեարկողներից մեկը ինքը լինի, որ ասեին՝ լավ Հակոբ, մեկը դու կողմ քվեարկի, քանի որ գիտեին Վարդենիկում տեղի ունեցածը, ու գիտեին, որ էդ վրդովմունքի ալիքը հաստատ բարձրանալու է, էլ ինքը ինչպես պետք է մեր խնդիրները լուծի։ Մենք պատգամավոր ենք ընտրել, որը պետք է մեր խնդիրները էնտեղ բարձրաձայնի, եթե էդ մարդը դուխ չունի, կշիռ չունի, ուրիշ պատգամավորներ իրենց հարցերը ավելի շուտ կլուծեն, քան Հակոբ Հակոբյանը՝ մեր հարցերը։ Եթե ինքը պետք է էնտեղ ուղղակի որպես պատգամավոր նստած լինի, ապա բոլորն էլ կարող են գնան էնտեղ, լինեն պատգամավոր։



**- Առաջիկայում կոնկրետ ի՞նչ գործողություններ եք նախապատրաստում, քանի որ բացի ՀԷԿ-ի ջրամատակարարումը, նաև ստորագրահավաքի մասին նշեցիք։**



-Ես միայնակ չեմ որոշում, սա միայն իմ քայլը չէ, սա ընդհանուր տարածաշրջանի քայլն է։ Տարբեր գյուղերից մարդիկ զանգել են, ասում են՝ ի՞նչ եք մտածում, մենք պետք ա այսպիսի քայլ անենք։ Ու քանի որ իմ ֆեյսբուքյան էջը մի քիչ ավելի մարդաշատ է, խնդրել են, որ ես դա տարածեմ իմ ֆեյսբուքյան էջում։



**Կորյուն Սիմոնյան**