Խաղաղ ընդվզումից հետո Հայաստանում ակնկալում են որ կփոխվի կառավարությունը

Խաղաղ ընդվզումից հետո Հայաստանում ակնկալում են որ կփոխվի կառավարությունը
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post-ը գրում է, որ խաղաղ ընդվզումից հետո Հայաստանում սպասում են, որ տեղի ունենա կառավարության փոփոխություն, ինչը ենթադրում է վաղաժամ պառլամենտական ընտրությունների անցկացում:



Պարբերականը հիշեցնում է վերջին երկու շաբաթներին Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք հանգեցրեցին թավշյա հեղափոխության: Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ նախկին ղեկավար Սերժ Սարգսյանը նախ որպես նախագահ եւ ապա որպես վարչապետ իշխանությունը պահում էր ավտորիտար մեթոդներով եւ ըստ էության քաջալերերով կոռուպցիան, որը ձեռնտու էր ինչպես Սարգսյանին, այնպես էլ ողջ վերնախավին, որը լայն աջակցություն էր ստանում Մոսկվայից:



Հրապարակման հեղինակ Էմմի Ֆերիս-Ռոտմանը արժանահիշատակ է համարում այն, որ Մոսկվան Սարգսյանի հրաժարականը բավական թույլ արձագանքեց, նույնիսկ ալարկոտ կերպով, ինչը զարմանալի է, քանի որ Կրեմլում հարեւանների մոտ նման փոփոխություններին արձագանքում են բավական սուր եւ խանդոտ: Անդրադառնալով արդեն աշխարհաքաղաքականությանը` հոդվածագիրը նշում է, որ նոր առաջնորդ Փաշինյանի համար դժվար կլինի բալանսավորելը ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ ունենալիք հարաբերությունները, ամերիկա-ռուսական հարաբերությունների հարաճուն լարվածության պայմաններում, թեեւ նաեւ փաստում է, որ խելացի քայլ է Փաշինյանի համար ԱՄՆ, Ռուսաստանի, Իրանի եւ Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ունենալու ձգտումը: