Հանգած ու ակտիվ հրաբուխներ

Հանգած ու ակտիվ հրաբուխներ
Նորմալ է, որ հանրությունը համակ ուշադրությամբ լսում է երկրի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած անձի ելույթը, վերլուծում է այն, հետեւություններ անում, ինչու չէ՝ նաեւ քննադատում։ Նորմալ չէ, որ երկրի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած անձը խոսում է այնպես եւ ասում է բաներ, որոնք պարզ չեն, հասկանալի չեն եւ տարբեր ենթադրությունների, մեկնաբանությունների ու կասկածների տեղիք են տալիս։



Երկու օր է՝ մարդիկ քննարկում են, թե ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր «հանգած հրաբուխների» եւ «բզբզացողների» մասին։ Նա բառացի ասել է․ «Եթե մենք ուզում ենք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Եվ, ահա, այս խոսքը դարձել է քննարկումների առարկա։ Մարդիկ գուշակում են, թե ովքեր են «հանգած հրաբուխները»։ Արդյոք խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ այլ անձանց մասի՞ն է։



Ովքե՞ր են, որ համարձակվում են «չհանգչել», երբ նրանց համար նախանշված է հանգչելու, ասպարեզից հեռանալու, իրեն՝ Սերժ Սարգսյանին չխանգարելու ճակատագիրը։ Միայն իրեն՝ Սերժ Սարգսյանին չի վերապահված ասպարեզից հեռանալն ու «հանգչելը», ինքը պահանջված է, եւ դա է վկայում ՀՀԿ-ի պաշտամունքի հասնող հնազանդությունը եւ Դաշնակցության հավանությունը։ Սակայն ՀՀ նախկին նախագահ, ներկա վարչապետ Սերժ Սարգսյանը մոռանում է, որ ժամանակին այդ նույն մարդիկ նույնքան պաշտամունքի հասնող հարգանք ու հավատարմություն էին հայտնում նաեւ Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին, Սեյրան Օհանյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Սրանք մարդ են ման գալիս՝ կուռք սարքելու համար։