ԱԺ նախագահի կինը հասարակական նշանակության երկու օբյեկտ է գնել

ԱԺ նախագահի կինը հասարակական նշանակության երկու օբյեկտ է գնել
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու նրան փոխկապակցված անձ կինը՝ Մանուշակ Երիցյանը, ըստ կարգի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը: Բաբլոյանը հայտարարագրել է փոխառություններ, դրամական միջոցներ, ինչպես նաեւ եկամուտը՝ աշխատավարձ, տրված փոխառություններից ստացված տոկոսներ ու վարձակալության դիմաց ստացված վճար: Պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները հետեւյալն են. 11 միլիոն դրամ, որը հարկային տարեվերջում աճել է 1 միլիոնով՝ կազմել 12 միլիոն դրամ, 21, 300 ԱՄՆ դոլար, որը վերադարձվել է հարկային տարում, 12 միլիոն 700 հազար դրամ, որը անփոփոխ է մնացել հարկային տարվա վերջում, ինչպես նաեւ 10 հազար ԱՄՆ դոլար, որը դարձյալ նույնքան է կազմել հարկային տարեվերջում:



Բաբլոյանի դրամական միջոցները նույնպես տպավորիչ են՝ 18 մլն 348 հազար 519 դրամ, որը աճել է՝ տարեվերջում կազմելով 23 մլն 385 հազար դրամ: ԱԺ նախագահը նաեւ դոլարով դրամական միջոցներ ունի՝ 27 հազար 250, որի չափը փոփոխության չի ենթարկվել հարկային տարվա ընթացքում: Եվրոյով դրամական միջոցները կազմել են 9,500, որը հարկային տարեվերջում կրկին աճել է՝ կազմելով 13, 304 Եվրո: Շվեցարական ֆրանկով դրամական միջոցներն էլ հարկային տարեսկզբում եւ տարեվերջում կազմել են 7,000:



Բաբլոյանը հայտարարագրել է նաեւ երեք տեղից ստացած աշխատանքի վարձատրություն եւ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 13 մլն 909 հազար 430 դրամ, 2 մլն 508 հազար 22 դրամ, 15 մլն 306 հազար 242 դրամ: Տրված փոխառություների դիմաց ստացած տոկոսը կազմել է 1 մլն 383 հազար 606 դրամ: Իսկ ահա վարձակալուիթյան դիմաց ստացված հատուցումը կազմել է 960 հազար դրամ: Բաբլոյանը հարկային տարում ոչ մի անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել, մինչդեռ 2017 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր մեկ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, հողին ամրակայված այլ անշարժ 1 գույք, ինչպես նաեւ 10 հատ հողամաս:



Բաբլոյանի կինը 2017 թ. տարեկան հայտարարագրում տպավորիչ ունեցվածք է հայտարարագրել եւ ակնհայտ է, որ ամուսնուց հարուստ է: Նա անցած տարի հասարակական նշանակության երկու շինություն է ձեռք բերել, մեկը՝ 57 մլն, մյուսը՝ 61 մլն դրամով: Տիկին Մանուշակը նաեւ 829 մլն 981 հազար 536 դրամ բաժնեմաս է հայտարարագրել, որը ձեռք է բերել 113 մլն 78 հազար 639 դրամով: Դրա գինը հարկային տարեվերջում կազմել է 943 մլն 60 հազար 175 դրամ: ԱԺ նախագահի կինը նաեւ 235 մլն դրամի փոխառություն է հայտարարագրել, որից 85 մլն դրամը վերադարձրել է, հարկային տարեվերջին փոխառությունը կազմել է 150 մլն դրամ: Մանուշակ Երիցյանը նաեւ դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 335 մլն 371 հազար 889 դրամ, որը հարկային տարեվերջում նվազել է՝ կազմելով 231 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ 12 հազար ԱՄՆ դոլար, որին տիկին Երիցյանը «մատով չի կպել», քնաի որ այն նույնքան էլ կազմել է տարեվերջում:



Որպես եկամուտ ԱԺ նախագահի կինը հայտարարգրել է նաեւ շահաբաժին՝ 122 մլն 133 հազար 387 դրամ, աշխատանքի կամ դրան հավասարեցված վճար որպես՝ երեք տարբեր տեղերից ստացված գումարը՝ 5 մլն 245 հազար 636 դրամ, 575 հազար դրամ, 8 մլն 349 հազար 517 դրամ, մի քանի օբյեկտների վարձակալությունից ստացված գումարները, ինչպես նաեւ տրված փոխառությունների դիմաց ստացած վճարները: Ընդամենը՝ 166 մլն 728 հազար 580, 60 դրամ: Տպավորիչ ունեցվածք է, ինչ խոսք: Մանուշակ Երիցյանը, նշենք, մասնագիտությամբ բժիշկ է, ինչպես ամուսինը: Նա «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնի տնօրենն է, որը «Արաբկիր» բժշկական համալիրի ամբուլատոր վերականգնողական բաժանմունքն է: Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 30-ը: Սակայն պաշտոնատար անձանցից ոչ բոլորն են, որ ներկայացրել են 2017 թ. տարեկան հայտարարագրերը: