Իմ օրոք չի եղել էդ բաները. ձերբակալվել են պաշտոնյաներ

Իմ օրոք չի եղել էդ բաները. ձերբակալվել են պաշտոնյաներ
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս և նախկին ղեկավարները։ Տարածած հաղոդրագրության մեջ, մասնավորապես, ասված է․ ««Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։



Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը։ Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, ևս մեկի նկատմամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»:



«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ նրանցից դեռեւս տեղեկություն չունի․ «Ես հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։ Վասիլյանի հետ ես կապ չունեմ, էն ժամանակ ես չկայի, իմ օրոք չի եղել էդ բաները։ Որ Վասիլյանի նկատմամբ հետախուզում կա հայտարարված, դա ես էլ գիտեմ, բայց թե ընթացքը ոնց ա, ինչ ա, ես չեմ կարող ասել»։



ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ ցանկացած չարաշահում պետք է դատապարտել․ « Միանշանակ ընդունելի չի։ Ազդակ լինում են կանխելու համար, պիտի միշտ հետեւողական լինել, մի ամիս ազդակ եղավ, հետո էլի հանգստացան։ Դա հին եկած դեպքեր ա, որ պիտի պարզվի»։



Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: