Դատախազությունը հանձնարարել է պարտադիր քննության առարկա դարձնել ապօրինի հարստացման հանցակազմը

Դատախազությունը հանձնարարել է պարտադիր քննության առարկա դարձնել ապօրինի հարստացման հանցակազմը
ՀՀ դատախազությունից **Hraparak.am**-ը հետաքրքրվել էր, թե արդարադատության նախարարության մշակած ու ԱԺ-ի կողմից 2017-ին ընդունված հակակոռուպցիոն բնույթի օրենքներն ի՞նչ ազդեցություն են թողել այս ընթացքում։ Արդյոք դատախազությունն այդ օրենքների հետևանքներն արձանագրող դեպքեր կարո՞ղ է ներկայացնել, որ, օրինակ, բացահայտվել է ապօրինի հարստացման որևէ դեպք կամ նման ահազանգ է հնչել կամ պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին հայտարարություններ են ուղարկել իրենց և այլն։









Դատախազությունից մեզ ուղարկեցին մի գրություն, որից դժվար է որևէ հստակ պատասխան առանձնացնել։ Նախ հիշեցրել են, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգոը, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, առանձին հրապարակում է Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները:









«Չնայած արդեն իսկ հրապարակվել են կոռուպցիոն առանձին հանցատեսակներով իրականացված քննութան ընդհանրական արդյունքները, ներկայումս աշխատանքներ են տարվում նաև 2017թ. ընթացքում ԱԺ կողմից ընդունված մի շարք օրենքներում հակակոռուպցիոն բնույթի նոր իրավակարգավորումներից, քրեական հետապնդման մարմինների և մասնավորապես ՀՀ դատախազության գործառույթներից բխող աշխատանքների վերաբերյալ առավել ամփոփ և համապարփակ տեղեկատվության մշակման ուղղությամբ: ՀՀ դատախազության կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 9-ի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին ու ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին հանձնարարվել է, որպեսզի այն դեպքերում, երբ կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով անցնում է անձ, ով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանդիսանում է հայտարարագիր ներկայացնող, պարտադիր քննության առարկա դարձնել ապօրինի հարստացման հանցակազմը»,-ասել են դատախազությունից։









Ապա ավելացրել, որ այդ գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով ՀՀ դատախազության կոլեգիայի հանձնարարությամբ նախապատրաստվում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը) սահմանված հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման մասին մեթոդական ուղեցույց: Բացի դրանից՝ ազդարարման ինստիտուտի գործադրման համար մշակվում են անհրաժեշտ կառուցակարգեր:















Այսինքն՝ դեռ որևէ կոնկրետ դեպք չկա, որ բացահյատվել է, բայց մտադրություն կա պարտադիր քննության առարկա դարձնել ապօրինի հարստացման և նմանատիպ այլ հավանական դեպքերը։









**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**