Արմեն Սարգսյանն ու նրա կինը նոր հայտարարագրեր են ներկայացրել

Արմեն Սարգսյանն ու նրա կինը նոր հայտարարագրեր են ներկայացրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017 թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Մինչդեռ հանձնաժողովը, փետրվարի 15-ին արձագանքելով ՀԿ-ների հայտարարությանը՝ կապված Սարգսյանի հայտարարագրերում առկա խախտումների հետ, նշել էր, թե նրա՝ 2017 թ․ հայտարարագիրը, օրենքին համապատասխան, ենթակա է ներկայացման մինչեւ ս․թ․ մարտի 30-ը: Նկատենք, որ նախորդ տարիներին հայտարարագրերը Սարգսյան ամուսինները ներկայացրել էին ժամկետների խախտմամբ, Սարգսյանի՝ պաշտոնն ստանձնելուց հետո մի քանի տարի անց՝ 2017-ին:



Այսպես՝ Ա․ Սարգսյանը 2017-ին նույնպես հայտարարագրել է միայն դրամական միջոցներ՝ 5 մլն 700 հազար եվրո,  որը հարկային տարեվերջին կազմել է 5 մլն 500 հազար: Այսինքն՝ առանց աշխատավարձի դեսպան աշխատած Արմեն Սարգսյանն  ընդամենը 200 հազար եվրո է ծախսել 2017-ին:  Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, հայտարարագրել է 780 հազար եվրո, որը տարեվերջում նվազել է՝ 710 հազար: Փաստորեն, Սարգսյան ամուսինների ունեցվածքը՝ դրամական միջոցների մասով, տարեցտարի «մաշվում» է, նրանց եկամտի աղբյուրներն էլ «ցամաքել» են: Եվ սա այն դեպքում, երբ Ա. Սարգսյանը մի շարք ընկերություններ ունի, որոնք գործունեություն են ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում եւ տարբեր երկրներում: Մասնավորապես՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղազախստանում եւ այլուր: Բոլոր այդ բիզնեսները, ըստ սահմանադրական պահանջի, նա պետք է հավատարմագրային կառավարման հանձնի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Ի դեպ, նա մի առիթով հայտարարել է, թե երբ իրեն ՀՀ իշխանությունները խնդրել են դեսպանատուն բացել Լոնդոնում, նա կարճ ժամկետում բացել է, ապաեւ աջակցել է Փարիզում, Բրյուսելում ՀՀ դեսպանատներ բացելուն: «Շնորհակալություն հայտնելու փոխարեն նրանք ինձ դեսպան նշանակեցին»,- «Կոմպանիա» պարբերականի հետ զրույցում, ինչպես նկատում է հրապարակման հեղինակը, հեգնանքով հայտարարել է Սարգսյանը:   



Կառավարության 2014 թ. հուլիսի 3-ի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դրույքաչափը սահմանված է եղել 215 հազար դրամ: Բացի այդ, նշված է նաեւ ծախսերի ամսական փոխհատուցման չափը, որը՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում, կազմել է 2 հազար 947 եվրո՝ մեկ տարվա համար: 2016-ին, կառավարության որոշմամբ, դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը վերանայվել են: Մեծ Բրիտանիայում դեսպանինը կազմել է 217 հազար 870 դրամ, չնայած Ա.  Սարգսյանը քանիցս նշել է, որ առանց աշխատավարձի է աշխատել: Իհարկե, 200 հազար դրամից մի քիչ ավելի աշխատավարձը չնչին կարող է համարվել մեծ կարողության տեր դեսպանի (ների) համար, եւ դրանից հրաժարվելը, անվճար հիմունքներով աշխատելը որպես մեծ հերոսություն ներկայացնելն էլ կոռեկտ չի լինի, ուստի պրն Սարգսյանը լռում է այդ մասին:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**