Արմեն Սարգսյանի որդիների ծառայության հարցը գաղտնի է պահվում

Արմեն Սարգսյանի որդիների ծառայության հարցը գաղտնի է պահվում
Մեկ ամսից ավելի է՝ մեզ չի հաջողվում ստանալ ՀՀԿ նախագահի թեկնածու, ՄԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին հասցեագրված մեր հարցման պատասխանը: Ինչպես հայտնել ենք, ՄԹ-ում ՀՀ դեսպանատուն հարցում էինք ուղարկել եւ խնդրել մասնավորապես հայտնել՝ արդյո՞ք Սարգսյանի երկու որդիները ծառայել են ՀՀ ԶՈՒ-ում եւ եթե ոչ, ապա ի՞նչ հիմքով են նրանք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից եւ որ երկրում են անցել զինծառայությունը, եթե, իհարկե, անցել են: Մեր հարցմանը ՄԹ-ում ՀՀ դեսպանատունը մեզ ուղարկված պատասխան նամակով հայտնեց, որ հարցերը փոխանցվել են Արմեն Սարգսյանի երեւանյան գրասենյակ, քանի որ դրանք չեն առնչվում դեսպանատան գործունեությանը:



Երեւանյան գրասենյակից այդպես էլ պատասխան չստացանք: Իսկ երբ կապվեցինք հիշյալ գրասենյակի՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանի հետ, նա դրանց չպատասխանելու հետ կապված՝ անհասկանալի մեկնաբանություն տվեց եւ առաջարկեց հարցերը վերստին ուղարկել: Փետրվարի 16-ին կրկին ուղարկված մեր հարցումն էլ արժանացավ նույն բախտին՝ մնաց անպատասխան: Ակնհայտ է, որ խուսափում են պատասխանել, քանի որ դասալքության մասին հերթական պատմությունը կբացահայտվի: Իսկ մենք նշենք, որ Ա. Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը, ՀՀ քաղաքացի է, ինչը ենթադրում է, որ նա ՀՀ-ի առջեւ ունի նույն պարտավորությունները, ինչպես մյուս քաղաքացիները, այդ թվում՝ բանակ զորակոչվելը:



Մեր տեղեկություններով, Հայկ Սարգսյանին դեռեւս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք երկու անգամ տարկետում է տրվել՝ ուսումը շարունակելու հիմքով: Առաջին անգամ՝ մինչեւ 2005 թ.-ն, երկրորդ անգամ՝ 2007թ.-ն: Իսկ Վարդան Սարգսյանը երկքաղաքացի է՝ ունի թե՛ ՀՀ, թե՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: Սակայն նույնիսկ երկքաղաքացի լինելու հանգամանքը մարդուն չի ազատում տվյալ պետության առջեւ ունեցած պարտքն ու պահանջը կատարելուց:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**